Putin Aliev

Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի մարզի գյուղերի և դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Ադրբեջանի կրակոցները հնչել են բավականին հատկանշական ֆոնին: Խոսքը միայն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին չէ: Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի է ունենում ԱՊՀ պաշտպանության նախարարների հավաքը, որին չի մասնակցում Հայաստանի պաշտպանության նախարարը: Այդ հավաքից առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում էր ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, որը այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան և հանդիպել է նաև վարչապետ Փաշինյանին ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Շոյգուն Բաքու է մեկնել Երևանից:

Մեծ հաշվով՝ Ադրբեջանի կրակոցները կարող են դեմարշ լինել հենց ՌԴ պաշտպանության նախարարի հայաստանյան այցի նկատմամբ: Կամ այցը, այսպես ասած, լկտիացրել է Բաքվին: Ընդհանրապես, Ադրբեջանի համար կարծես թե «ավանդույթ» է Տավուշը թիրախավորելը, երբ Հայաստանում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ կամ ՀԱՊԿ բարձրաստիճան ղեկավարներ: Օրինակ՝ մի քանի անգամ Ադրբեջանը սրել է իրավիճակը Տավուշի ուղղությամբ, երբ Երևանում է եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան: Տավուշն այդ առումով էական է, քանի որ խոսքը Հայաստանի տարածքի, այսինքն՝ հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի կամ ՀԱՊԿ պատասխանատվության տիրույթի մասին է: Այսինքն՝ Բաքուն մարտահրավեր է նետում կամ կրակում է այն ուղղությամբ, որտեղ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է: Այդպիսով Ադրբեջանը դեմա՞րշ է անում՝ ելնելով իր համար անհանգստացնող ինչ-որ բանից, թե՞ լկտիանում, այսպես ասած՝ թև առնում Հայաստանում ռուսական բարձրաստիճան ներկայությունից:

Իհարկե, ներկայումս կարծես թե չկա Բաքվին առանձնապես ոգևորող ինչ-որ բան: Ավելին, «ավագ եղբայր» Թուրքիան բավականին կոշտ հարված ստացավ ԱՄՆ Կոնգրեսից՝ հայկական հարցի քվեարկությամբ, իսկ դրանից ժամեր առաջ էլ Շոյգուի երևանյան այցի ժամանակ հայտարարվեց, թե Ռուսաստանն ավելացնում է Հայաստանում ռազմակայանի կրակային հզորությունը: Ըստ էության ստացվեց երկուստեք հարված Թուրքիային՝ Վաշինգտոնից և Մոսկվայից, որովհետև անկասկած է, որ Գյումրիի ռազմակայանի կրակային հզորության մասին հայտարարության հասցեատերն անշուշտ Անկարան է: Իհարկե ոչ այն իմաստով, որ Մոսկվան սպառնում է հարվածել Թուրքիային: Խնդիրն ավելի լայն է:

Ռուսաստանն անշուշտ ուներ թերևս կանխատեսում, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձևի ընդունման հավանականությունը, մեղմ ասած, բարձր է: Դա նշանակում է, որ Մոսկվան լավ է պատկերացնում՝ Վաշինգտոնն այդպիսով նաև թուրքերի համար բարձրացնում է, այսպես ասած, Ռուսաստանի նշանակությունը: Մոսկվայի արձագանքը չհապաղեց, և ռազմակայանի մասին հայտարարությամբ Ռուսաստանը իր հերթին ակնարկեց Անկարային, որ «բարձրացնում» է իր գինը: Անկարայի պատասխանը թերևս եկավ Բաքվից՝ Տավուշի ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանը պատասխան կտա այդ խախտման համար, բայց հայկական կողմի պատասխան գործողությունը կլինի ԱՊՀ պաշտպանության նախարարների՝ Բաքվում տեղի ունեցող նիստից հետո: Հայաստանի պատասխանը կլինի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համաձայնեցվա՞ծ, թե՞ Անկարայի համար բարձրացնելով գինը՝ Մոսկվան ու Վաշինգտոնը արդեն իսկ Հայաստանին տվել են կոշտ պատասխանի իրենց համաձայնությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...