Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ներքին ու արտաքին քաղաքական, ռեգիոնալ իրադրությանը, անվտանգությանն ու Արցախի հարցին առնչվող խնդիրներ:

Եղե՞լ է քննարկվող խնդիրների շարքում թիվ մեկ ներքաղաքական հարցը դարձած և ներքին կյանքում նոր իշխանության ու նախկին իշխող համակարգի դիմակայության, համենայնդեպս՝ առերևույթ, սրման բերած հարցը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը: Համենայնդեպս ակնառու է, որ իրավիճակն այստեղ հասել է թերևս հենց վարչապետ Փաշինյանին, որովհետև ՍԴ-ում ԱԺ դիմումի վարույթ ընդունելը մերժելուց հետո առաջացել է հարց, թե ինչ քայլ ունի իշխանությունը: Իսկ այստեղ, որքան էլ իշխանությունը դե յուրե բազմաշերտ ինստիտուցիոնալ կառուցվածք ունի, դե ֆակտո Նիկոլ Փաշինյանն է, և հետևաբար հարցն այն է, թե հետագա քայլերի ինչ պատկերացում ունի Փաշինյանը:

Անշուշտ, այստեղ էական է այն, թե նա ո՞ր մեթոդաբանությունն է ընտրելու, որ ենթադրաբար առաջարկվում է ներկայիս քաղաքական իշխանության տարբեր թևերից: Ակնառու է, որ, օրինակ, մինչ այժմ եղել է երկու մեթոդաբանության պայքար՝ պայմանական խորհրդարանական մեծամասնության իրականացրած տարբերակն ու ՍԴ դատավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Վահե Գրիգորյանի առաջարկած տարբերակը: Եվ քանի որ իրադարձությունը զարգացել է խորհրդարանական մեծամասնության արդեն մեզ հայտնի սցենարով՝ մինչև ՍԴ հասնելն ու վերադարձվելը, ապա դա նշանակում է, որ Փաշինյանը մինչ այժմ ընտրել է հենց այդ մեթոդաբանությունն ու մերժել Վահե Գրիգորյանի մոտեցումը: Կփոխի՞ ընտրությունը Նիկոլ Փաշինյանը:

Վահե Գրիգորյանը, որ քննադատել էր խորհրդարանական մեծամասնության գործելաոճը և հայտարարել, թե նույնիսկ չեն մոտեցել խնդրին, հայտարարել է, որ օրերս կներկայացնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորքային վերլուծություն: Դա լինելու է Նիկոլ Փաշինյանին սեփական մոտեցման հարցում համոզելու նո՞ր փորձ՝ քաղաքական իշխանության, ըստ այդմ, հետագա վարքագծի ակնկալիքով, թե՞ ՍԴ դատավորը իր վերլուծությամբ փորձելու է, այսպես ասած, հստակեցնել իրադրությունն առաջին հերթին հենց իշխանության ներսում, երբ նրա վերլուծությունից հետո իշխանությանը հարկ կլինի դիրքավորվել:

Այդ պարագայում կարող է ստացվել, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի ոչ թե երկու, այլ երեք կողմ՝ իշխանություն կամ քաղաքական մեծամասնություն, նախկին իշխող համակարգ և Հրայր Թովմասյան, ու Վահե Գրիգորյան և նրա մոտեցումները սատարող սուբյեկտներ, որոնք կարող են լինել թե՛ արտախորհրդարանական դաշտում, թե՛ իշխանության ներսում:

Միևնույն ժամանակ անշուշտ հարց է, թե արդյոք վարչապետ Փաշինյանը կանգնած է, այսպես ասած, երկո՞ւ մեթոդի ընտրության միջև, թե՞ նա ունի այլ լուծումներ և հետագա զարգացման սցենարներ, որոնք, ընդ որում, կարող են ենթադրել նաև խնդրի քաղաքական ասպեկտի «ակտիվության կենտրոնի» տեղափոխում այլ ուղղություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...