Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով ԼՂ հարցի կարգավորման գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին ասել է, թե պետք չի հրաժարվել այն բանակցային փաթեթից, որ բանակցային սեղանին եղել է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից առաջ։

Ասել կուզի, թե այն արդյունքները, որոնց հասել է Սերժ Սարգսյանը, պետք է ընդունվեն Փաշինյանի կողմից և բանակցությունները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ։ Հիմնական հարցը, որ ծագում է այս հայտարարությունից հետո հետևյալն է. իսկ ի՞նչ արդյունքներ է արձանագրել Սերժ Սարգսյանը բանակցային սեղանի շուրջ։

Ստորև ներկայացնում ենք համանախագահների կողմից ներկայացված վերջին առաջարկները, որ նրանք արեն են 2018 թվականի հունվարի 18-ին։

Համանախագահողների առաջարկ, Կրակով, 18.01.18

Պարբերություն 1.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, այնպես ինչպես նրանք կապված են միմյանց հետ.

Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։
Դրացիական համագործակցության վերականգնում։
Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։

Պարբերություն 2.

Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (НКАО) վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Պարբերություն 3.

Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։

Ղարաբաղի դիրքորոշումը

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Վիտալի Բալասանյանը իր ասուլիսները անում է Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի, նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից, Սերժ Սարգսյանի նշանակած խորհրդականների հետ քննարկումներից հետո։

Հիմնական հարցը, որ ծագում է հետևյալն է. Արդյո՞ք Ղարաբաղի իշխանությունները, Բակո Սահակյանն անձամբ պաշտպանում են Սերժ Սարգսյանի կողմից որպես ժառանգություն թողնված վերը նշված առաջարկը։ Ընդ որում, այդ մասին պարտավոր են դիրքորոշում հայտնել նաև ԼՂ նախագահի բոլոր թեկնածուները, խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը։

Եւ ի դեպ, դա կարող է բանակցային գործընթաց Արցախի վերադարձի շատ լուրջ ազդակ դառնալ։ Թող նրանք հայտարարեն, որ ի տարբերություն Փաշինյանի, պատրաստ են բանակցային գործընթացը սկսել այն նույն կետից, որտեղ գործընթացը թողել է Սերժ Սարգսյանը։

Վիտալի Բալասանյանը, որ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Բակո Սահակյանի հավաքական խոսնակի դերում է հանդես գալիս, ասվածավախությամբ է հնչեցնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունը։

Թող ԼՂ իշխանությունները հրապարակային հայտարարեն, որ պաշտպանում են Լավրովի պլանը, որը վերը մեջբերված նույն առաջարկն է, առանց պարբերություն 3-ի։ Այսինքն նախատեսում է՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձ Ադրբեջանին, առանց նույնիսկ միջանկյալ կարգավիճակի, որոշ տեղեկությունների համաձայն Լավրովի պլանը որևէ կերպ չի անդրադառնում Արցախի կարգավիճակին։

Թող Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանը ուղիղ հայտարարեն, որ պաշտպանում են այդ պլանը և ոչ թե դա անեն Վիտալի Բալասանյանի բերանով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...