ETM

Երևանում տեղի ունեցավ ԵՏՄ Վեհաժողովը, որը մեծ ուշադրություն էր գրավել առաջին հերթին աննախադեպ ձևաչափի շնորհիվ, որ հաջողվել էր ապահովել Հայաստանին: Խոսքն առաջին հերթին ԵՏՄ Վեհաժողովին առաջին անգամ որպես հյուր Իրանի նախագահի ներկայության մասին է:

Իհարկե, սա վկայում է երևանյան հավաքի քաղաքական լրջագույն տողատակի մասին և այդ իմաստով հարկ է հետևել, թե այն ինչ դրսևորումների կարող է բերել հեռանկարում, ինչպես կարող է շարունակվել և ինչ օրակարգով: Մյուս կողմից, չնկատել ԵՏՄ-ն՝ վերպետական կառույցը, որին անդամակցել է Հայաստանն ու, փաստորեն, զգալիորեն կապակցել իր ապագան այլ պետությունների հետ կոնսենսուսային որոշումների անհրաժեշտությունից, հնարավոր չէ: Առավել ևս այն դեպքում, երբ խոսքը ներկայումս վերաբերում է հասարակական-քաղաքական իմաստով գրեթե տարբեր հարթությունների մասին:

Հայաստանում նոր իրավիճակ է թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, որը խորքային առումով հակասում է ԵՏՄ մյուս երկրներում, առավել ևս, այսպես ասած, հիմնադիր եռյակում առկա հասարակական-քաղաքական իրողություններին և ավանդույթներին:

Մինչդեռ, քանի որ պետությունների ընդհանուր զարգացումը շաղկապված է վերպետական կառույցով, այստեղ ուզենք, թե ոչ, առաջնային նշանակություն է ստանում այն, թե ինչպես է այդ կառույցը զարգանում ու կառավարվում: Ահա այստեղ է, որ կանգնում ենք որոշակի հակասականության իրողության առաջ:

Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո էապես շահագրգռված է ժողովրդավարական արժեհամակարգի արմատավորմամբ, հակակոռուպցիոն քաղաքականությամբ և իրավական կառավարման համակարգի ձևավորմամբ, արդիականացմամբ: Հայաստանի համար այդ ամենը ռազմավարական ռեսուրս ու խաղաքարտ է նաև անվտանգային և պետական ռազմավարության տեսանկյունից առանցքային հարցում՝ արցախյան հարցում: Միևնույն ժամանակ, ԵՏՄ մյուս անդամները, առավել ևս հիմնադիր եռյակը, ունեն իրենց ներքին հասարակական-քաղաքական իրողություններն ու համակարգերը, որտեղ հիմքում ամբողջատիրությունն է, ավտորիտարիզմը, կոռուպցիան, և դա ամենևին գաղտնիք չէ: Դա, իհարկե, այդ երկրների ներքին գործն է, նրանց հասարակությունների և իշխանության հարաբերության խնդիրը, սակայն երբ մենք բոլորս մեկ վերպետական կառույցում ենք և այդպիսով փոխկապակցված ենք նաև այդ կառույցի կառավարման մեխանիզմով, այդ երկրների խնդիրը ինչ-որ փուլում, ինչ-որ աստիճանի վրա դառնում է նաև Հայաստանինը:

Որովհետև հնարավոր չէ լինել վերպետական մի կառույցում, ներքին կյանքում կառավարվել ավելի բարձր նշաձողերով, իսկ վերպետական կառույցի կառավարումը լինի առավել հետադեմ: Հակառակը ավելի հնարավոր է, իսկ ահա այդ տարբերակը՝ ոչ:

Մինչդեռ, ԵՏՄ մյուս երկրների ներքին իրողություններից և առանձնահատկություններից ելնելով, նրանք այդքան էլ մեծ շահագրգռություն չունեն արդիական կառավարման անցնելու հարցում, որովհետև ներքին համակարգերի մոտիվացիաներն են այլ: Ո՞ր պահին է Հայաստանը կանգնելու այդ հակասության առավել գործնական ազդեցության առաջ: Դա, իհարկե, մոտ ապագայի հարց չէ, սակայն հնարավոր է, որ խոսքը միջնաժամկետ հեռանկարի մասին է: Ըստ այդմ` արդեն այսօր, թերևս, հայկական էլիտայի առաջ խնդիր է, թե ինչպես ենք վարվելու այդ հակասության գործնական իրողության առաջ կանգնելու դեպքում, երբ ներքին կառավարման արդիականությունը կբախվի վերպետական կառույցի կառավարման, մեղմ ասած, ոչ այդքան արդիականությանը: Հայաստանը պետք է արդեն փնտրի այդ խնդրի սկզբունքային լուծումները մի քանի սցենարային տարբերակով: Իհարկե, այստեղ կա երկու հանգամանք: Նախ՝ այդ խնդրի առաջ գործնականում կանգնելը կախված է, թե ինչ տեմպով կընթանա ներքին արդիականացումը, և երկրորդ՝ հարց է նաև, թե ինչ գործընթացներ կլինեն մյուս երկրների ներքին կյանքում, որտեղ յուրաքանչյուրը, անշուշտ, ունի կառավարման ընդհանուր անարդյունավետության, բարդ աշխարհաքաղաքական իրողությունների և հանրային աճող դժգոհության պայմաններում իշխանության հարցի լուծման իր խնդիրները:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...