Vostikan

Ոստիկանության ակադեմիայում տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ լուսադեմին Մոնումենտի մոտակայքում հանցագործին վնասազերծելիս սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը: Արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Առաքելյանին ծառայության համար հետմահու շնորհվել են պետական պարգևներ: Ոստիկանի մահը բառի բուն իմաստով ցնցել է հասարակությանը, հնչել են ամենատարբեր խմբերից գնահատականներ: Ողբերգական այդ դեպքի ներքո, սակայն, նշմարվում է Հայաստանի համար պետական և հանրային նշանակության իրապես մի մեծ խնդիր՝ ոստիկանության հանրային դիրքի, ընկալման խնդիրը:

Պատկերացնենք, որ ոչ թե ոստիկանն էր սպանվել հանցագործի ձեռքով, այլ անչափահաս հանցագործին էր սպանել ոստիկանը՝ նրան վնասազերծելիս: Մենք համոզվա՞ծ ենք, որ հասարակությունը դրական էր գնահատելու ոստիկանի այդ քայլը, շնորհակալություն էր հայտնելու նրան ծառայության համար, թե՞ ունենալու էինք լիովին հակառակ պատկեր, երբ ոստիկանն ու ոստիկանությունը դատապարտվելու էին «նախկին մեթոդների կրող» մնալու համար: Վստահաբար պետք է նշել, որ այդ հարցում համոզված լինել, մեղմ ասած, հնարավոր չէ, և ավելին՝ հնարավոր է գուցե համոզված լինել այն հարցում, որ այդ դեպքում արձագանքի գերակշռող մասը հենց այդպիսին էլ լինելու էր: Եվ ավելին, մենք համոզվա՞ծ ենք, որ ոստիկանները հանցագործներին վնասազերծելիս ենթագիտակցորեն հենց այդպիսի արձագանքի ռիսկը կամ նույնիսկ վախը ունենալով չէ, որ իրականացրել են ծառայությունը այդ վտանգավոր պահին և հենց դրա հետևանքով է, որ գուցե չեն կատարել գործողություններ, որոնք կկատարեին այդպիսի արձագանքի ենթագիտակցական ռիսկ կամ վախ չունենալու պարագայում:

Իսկապես, այստեղ միարժեք պնդումներ անելը չափազանց դժվար է, և իրավիճակն էլ ողբերգական լինելով, միաժամանակ չափազանց նուրբ է մարդկային և մասնագիտական տեսանկյունից: Այդուհանդերձ, մենք թերևս պետք է ընդունենք, որ թավշյա հեղափոխությունից հետո էլ ունենք ոստիկանության հանրային ընկալման խնդիր, որ գալիս է նախկին իշխող համակարգի շրջանակում ձևավորված օբյեկտիվ, բայց նաև սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներից, և այստեղ իրավիճակը պահանջում է անշուշտ թե ոստիկանության իմիջի փոփոխություն, ոստիկանությունը գերազանցապես օրինականության դաշտում պահելու անհրաժեշտություն, բայց նաև հասարակության հետ բաց և երբեմն նաև ոչ պոպուլյար խոսակցություն ոստիկանության տեղի և դերի իմաստով:

Եթե ողբերգական դեպքը դառնա այդ խնդրի ուղղությամբ առարկայական խորհումների և նաև քայլերի մեկնակետ, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ Տիգրան Առաքելյանն իր կյանքի գնով ոչ միայն հանցագործի է վնասազերծել, այլ գործնականում նաև խթանել է հասարակության և պետության համար կարևորագույն հարցի շուրջ քննարկում, ինչը մի կողմից կարող է դառնալ պետական կարևորագույն ինստիտուտի հանրային ու պետական դերակատարման լրջագույն վերափոխման և էֆեկտիվության բարձրացման սկիզբ, մյուս կողմից՝ այդ շրջանակում կարող է գուցե դառնալ հետագայում մի կողմից իրավակարգի առավել արդյունավետ պաշտպանության, մյուս կողմից՝ այդ իսկապես պատվաբեր, բայց նաև բարդ ու վտանգավոր գործում ոստիկանների անձնական պաշտպանվածության բարձրացման հիմք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...