hoktemberi-27

Սա ամենևին էլ հերթապահ հարցադրում չէ, այլ բանալի, որը փաստացի բացահայտում է սոսկալի այս ոճրագործության կազմակերպիչներին, ներքին ու արտաքին ուժերի այն շրջանակը, որը պետք է խոշտանգեր Հայաստանն ու նրա հասարակությանը՝ Երրորդ հանրապետության փլատակների, զոհերի դիակներ վրա «ստեղծելով» մի Հայաստան, որն ընդհանուր ոչինչ չուներ մեր ժողովրդի երազանքների ու տեսլականի հետ:

1998-ի իշխանազավթումից հետո Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իրական իշխանություն չի ունեցել ու նրա միակ հույսն այն էր, որ ապալեգիտիմացման ճահիճում մխրճված երկրում իշխանություն կարող է բանեցնել պալատական խարդավանքների ու ահաբեկչության ճանապարհով՝ հընթացս «մեղավորի», «բոբոյի» կարգավիճակ ստեղծելով Վազգեն Սարգսյանի համար:

Մինչև 1999-ի խորհրդարանական ընտրությունները Քոչարյանը խաղում էր ժամանակի վրա՝ հույս ունենալով ընտրությունները թակարդ դարձնել Վազգեն Սարգսյանի համար: Համենայնդեպս, երկրորդ նախագահը իր շրջապատում գեներացրել էր քաղաքական ու քարոզչական մի թիմ, որը չէր թաքցնում իր թշնամանքը Վազգեն Սարգսյանի հանդեպ:

Սակայն խարիզմատիկ պաշտպանության նախարարը շատ ավելի ճկուն գտնվեց՝ հասարակության սուբյեկտությունը մեծացնելու միջոցով լուսանցք մղելով Քոչարյանին:

Դրա բանալին Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի դաշինքն էր, որը կարողացավ հաղթանակ տանել միանգամայն օրինակարգ ընտրություններում՝ Քոչարյանին մղելով լուսանցք, նրան մտցնելով փակուղի, որից արժանապատիվ ելքը, թերևս, նրա հրաժարականն էր:

Գուցե այսպես էլ լիներ, եթե արժեքային տրանսֆորմացիայի փուլում չգտնվեր Ռուսաստանը: Ելցինյան համակարգը, ռուսական լիբերալ դեմոկրատիան խորքային ճգնաժամի մեջ էին, որի ընդերքում ձևավորվում էր չեկիստական կայսերապաշտությունը՝ Վլադիմիր Պուտինի դեմքով: Ռուսական կայսերական «վերածննդի» առաջին թիրախներից մեկը դարձավ Հայաստանը, մանավանդ Մոսկվայի հայաստանյան օրակարգի կարևոր բաղադրիչ դարձավ Քոչարյանը՝ իր շրջապատով: Հազվադեպ է պատահում, սակայն ճակատագրի հեգնանքով քսան տարի առաջ հենց Հայաստանի իշխանության առաջին դեմքը դարձավ արտաքին ինտերվենցիան ապահովող «հինգերորդ շարասյան» պարագլուխը:

Ռուսական գործոնին անդրադարձել ենք ու դեռ կանդրադառնանք, սակայն հիմա ուզում ենք խոսել ահաբեկչության «մենեջմենտն» իրականացրած Ռոբերտ Քոչարյանի դերակատարության մասին:

Քոչարյանը գիտակցում էր, որ իր արյունոտ անձնիշխանության բանալին Նաիրի Հունանյանի ու նրա հանցախմբի կրակոցներն են, դավադիր խրախճանքը: Հասարակությունը ահաբեկչությունից րոպեներ անց դա կապեց Քոչարյանի անվան հետ, ու հանրային կարիքը գնալով կարծրացավ, որովհետև երկրորդ նախագահի յուրաքանչյուր քայլ ոճրագործների կրակոցների շարունակությունն էր, քսան տարի առաջ Հունանյանը դարձավ Քոչարյանի միակ ու բացառիկ «ընտրողը»:

Տեսականորեն ընդունենք, որ Քոչարյանը կապ չունի Հոկտեմբերի 27-ի կազմակերպման հետ: Այդ դեպքում ինչո՞ւ «չթրաշված» նախագահը հասարակությանն ուղերձով դիմելու ժամանակ չունեցավ, սակայն ոճրագործի հետ ժամերով «գյալաջի» արեց: Ինչո՞ւ գաղտնիք մնաց Քոչարյան-Հունանյան զրույցը, ինչո՞ւ էր Քոչարյանը վստահ, որ ինքն էլ չի դառնալու Հունանյանի կրակոցի զոհը:

Չկան բանական բացատրություններ ու մնում է ենթադրել, որ Քոչարյանն ընդամենը երաշխիքներ է փոխանցել Հունանյանին՝ հասարակությանը դա մատուցելով՝ ոճրագործների միայնակ գործելու վարկածի տեսքով: Քոչարյանի վարկածով՝ Հունանյանը «փրկիչ» կամ «Ռոբին Հուդ» է ու նա ծաղրում էր Հայաստանի սգակիր հասարակությանը, երբ ասում էր, որ Հոկտեմբերի 27-ը «ուչաստկովիի» մակարդակի գործ է:

Ավելի շուտ՝ բացահայտվում էր Քոչարյանի ցինիզմը, որովհետև միայն «ուչաստկովին» չէր հասկանա, որ Քոչարյանի իշխանությանը «լեգիտիմություն» հաղորդել են ոճրագործների կրակոցները:

Եթե Քոչարյանը կապ չունենար Հոկտեմբերի 27-ի հետ, պաշտոնանկ չէր անի Արամ Սարգսյանին, չէր ահաբեկի ու չէր գնի Երկրապահի կիսագրագետ գեներալներին, չէր ուղղորդի նախաքննությունն ու դատավարությունը, չէր վերացնի Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային մեղադրյալներին ու վկաներին:

Եթե Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի հետ կապ չունենար, Մարտի 1-ն ու նրա բացահայտումը ռուսներին չէին ցավացնի ու, ի վերջո, Պուտինի ու Քոչարյանի միջև չէր ձևավորվի «արյունոտ քիմիան»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...