dzerq

Այսօր և վաղը Երևանում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, ընթանում է միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով։

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին այդ համաժողովին մասնակցում են հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Չնայած մամուլում վերջերս գրվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ժամանելով Երևան և մասնակցելով Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, չի հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այսօր արդեն պարզվեց, որ նախատեսվում է ՌԴ նախագահի հանդիպումը ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, այժմ՝ վրացական «Ալիք-մեդիա» կայքի հիմնադիր-խմբագիր Արսեն Խառատյանը կարևորում է, որ Իրանը և Սինգապուրը այդ մակարդակով մասնակցում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, և դա լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանին դեպի Եվրասիական տնտեսական գոտի կամուրջ դառնալու՝ այլ պետությունների տնտեսական համագործակցության տեսանկյունից։

Մեր դիտարկմանը, որ նախորդ ԵԱՏՄ նիստին, որը երեք տարի առաջ կայացավ Երևանում, չէին մասնակցում ո՛չ Սինգապուրի վարչապետը, ո՛չ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Արսեն Խառատյանն արձագանքեց․ «ԵԱՏՄ-ն համեմատաբար նոր կառույց է, և այնտեղ այլ երկրների ներգրավման և համագործակցության գործընթացը դեռևս ձևավորման փուլում է։ Ինչո՞ւ ոչ, հիմա այլ երկրները, որոնք հետաքրքրված են տնտեսական համագործակցությամբ, այսպես են դրսևորում, և լավ է, որ դա տեղի է ունենում ՀՀ-ում»։

Իսկ որքանո՞վ է իրատեսական Սինգապուրի մոդելի կիրառումը Հայաստանում։

«Գուցե կան բաներ, որոնք իրապես կարելի է կիրառել, մասնավորապես՝ դա վերաբերում է մերիտոկրատիային, մարդկային կարողությունների զարգացմանը, ինչի մասին վարչապետը խոսեց Սինգապուրում»,- նշեց Արսեն Խառատյանը։

Արդյոք ՌԴ նախագահի նախատեսված հանդիպումը ՀՀ վարչապետի հետ չի՞ վկայում, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունները չեն վատթարացել, որքան էլ այդ մասին գուժում էին տարբեր ԶԼՄ-ներ։

«Դա պայմանավորված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին կատարած այցով, նաև երկկողմ հարաբերություններ են նախատեսվում, իսկ պետության ղեկավարի հետ հանդիպումների օրակարգն ընդգրկուն է։ Բոլոր խոշոր առաջնորդների այցերի ընթացքում լինում են շահարկումներ, և լավ է, որ այժմ այդ շահարկումները ստացան իրենց պատասխանը»,- նշեց Արսեն Խառատյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...