Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հավանության է արժանացրել Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով ենթադրվում է ոչ միայն Հակակոռուպցիոն քննչական նոր մարմնի՝ հակակառուպցիոն կոմիտեի ստեղծում, այլ նաեւ որոշակի գործառութային վերակառուցում ամբողջ ուժային բլոկում, այդ թվում ԱԱԾ եւ ոստիկանություն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վստահ է՝ տեղի ունենալիք փոփոխության արդյունքում ԱԱԾ-ն կդառնա առավել ուժեղ կառույց, որը առավել ինտենսիվ կգործի ոչ թե ազգային անվտանգության սպառնալիքները կամ ռիսկերը տեղի ունենալուց հետո բացահայտելով, այլ դրանք կանխարգելելու եւ չեզոքացնելու աշխատանքով: Վարչապետը հայտարարել է, որ նույնը վերաբերում է նաեւ ոստիկանությանը՝ ներքին հասարակական կարգի պահպանման առումով:

Արդարադատության նախարարը հայտարարել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսվում է ստեղծել 2021 թվականին: Ըստ նրա, ԱԱԾ համար կոռուպցիոն գործերով զբաղվելու իմաստով կլինի եռամյա անցումային շրջան:

Այդպիսով, կառավարությունն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարություն, որը գործնականում ի թիվս նշանակալի մի շարք իրողությունների, նաեւ ենթադրում է ուժային-իրավապահ բլոկի այսպես ասած խտացում եւ ինտենսիվացում, հատկապես առաջիկա երեք տարիների համար:

Իսկ այստեղ կա ոչ միայն կոռուպցիայի դեմ պաքարի ինտենսիվացման խնդիր: Բանն այն է, որ նկատելիորեն ինտենսիվանում է նախորդ իշխող համակարգի ամենատարբեր թեւերի տեղեկատվա-քարոզչական գրոհը իշխանության նկատմամբ: Բավական տեսանելի եւ շոշափելի են դրա հիմնական թիրախային ուղղությունները՝ ստեղծել հանրային տպավորություն, որ կառավարությունն ու վարչապետը չեն տիրապետում իրավիճակին, հասել են մի հանգրվանի, երբ այլեւս փնտրում են անվտանգ հեռանալու ճանապարհներ, տապալվում է ներքին եւ արտաքին քաղաքականությունը, ու միաժամանակ նաեւ այդ միջոցով հոգեբանական ուժգին ներգործություն ունենալ ոչ միայն հանրության, այլ նաեւ հենց կառավարող քաղաքական թիմի վրա:

Թերեւս կասկած չկա, որ այդ գործով զբաղվող նախկին համակարգի տարբեր թեւերը, որոնք այդ կետում գործում են ընդհանուր շահի տրամաբանությամբ, չունեն պատրանք, թե այդ գործողությունը կտա արագ արդյունք եւ հնարավոր կլինի վերադառնալ իշխանության: Համենայն դեպս, գուցե այդպիսի պատրանք ունեն անմիջական իրականացնող ստորաբաժանումները, որոնց պետք է մոտիվացնել այդ հեռանկարով, բայց «հրամանատարական կետերում» հաշվարկը թերեւս հենց առաջիկա երեք-չորս տարիների համար է, մինչեւ հերթական ընտրություն նոր իշխանության վարկանիշային ռեսուրսն առավելագույն մաշեցնելու ակնկալիքով:

Գործնականում, կառավարության Հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա միջոցով նախատեսվող ուժային-իրավապահ բլոկի ինտենսիվացումը իշխանության քաղաքական պատասխանն է, որի շնորհիվ թերեւս ակնկալվում է ժամանակի մեջ ապահովել ռեսուրսային բալանսը, որովհետեւ ուժգին հակաքարոզչությունը ժամանակի ընթացքում կարող է ուղեկցվել սաբոտաժային առկա ռեսուրսի ինտենսիվացման փորձով:

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ կառավարությունը ձգտելու է լուծել այդ հարցը, կանխարգելել այդ ռիսկերը եւ հաջորդ ընտրական ցիկլից առաջ ապահովել հավասարակշռված վիճակ, որովհետեւ հաջորդ ցիկլն անշուշտ ունի հեղափոխական լինելու շատ քիչ շանս:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...