Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Ուռուցքաբանության կենտրոնում տեղի ունեցած միջադեպին: «Տեղյակ եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հանձնարարել եմ համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով»,– գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Տեղեկացնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։ Պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է և այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։

Արսեն Թորոսյանը մեկ այլ գրառում է կատարել՝ նշելով. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի: Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն: Տնօրենի իրավաչափ որոշումամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...