Gagik Carukyan

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությանը չի մասնակցի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Խմբակցությունով հավաքվել ենք, քննարկել: Դուք բոլորդ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել իր պաշտոնի համար, էտ ընտրության համար, որ չի համապատասխանում: Եվ այսօր նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ ասենք՝ կա ժամկետների խախտումներ, մենք չենք ուզում լիարժեք մի բանը, որը իրավաբանորեն ապացուցված չի, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Եվ բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա: Որոշողը դա Սահմանադրական դատարանն է: Դրա համար մենք մեր խմբակցությամբ որոշեցինք, որ մենք չմասնակցենք այդ քվեարկությանը»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ են Հրայր Թովմասյանի նկատմամբ, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չենք տեսնում, այսօր քաղաքական հարցը դրված ա, որը մենք քննարկել ենք, ուսումնասիրել ենք: Ասենք թե՝ հիմնական դրույթները թույլ են և կա ժամկետների խախտում»:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցնանհասկանալի է համարում այն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է չմասնակցել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը, ըստ էության, դիրքորոշում չհայտնելով: Մակունցը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ուզում եմ նկատենք՝ ԲՀԿ-ն ասում է, որ ոչ թե դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ նախընտրում են առհասարակ չմասնակցել քվեարկությանը, խմբակցությունն ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով հարցին, թե ըստ իր կարծիքի՝ կա՞ արդյոք մի բան, որը ԲՀԿ-ին կաշկանդում է  չմասնակցելու քվեարկությանը, խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ նախկինում նրանք այլ դիրքորոշում են ունեցել (դեմ են քվեարկել Թովմասյանի՝ այդ պաշտոնում նշանակման քվեարկությանը), և Մակունցն այդ պարագայում անհասկանալի համարեց դիրքորոշում չհայտնելը: Նա շեշտեց՝ քայլերի պարզաբանումը պետք է ներկայացնի հենց ԲՀԿ-ն:

Նա համաձայնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն մտքին, որ ԱԺ-ն չի որոշում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվեն, թե ոչ: «Դա ոչ թե մենք առանձին պատգամավորներով ենք որոշում կամ հայտարարում, այլ օրենքն է սահմանում: ԱԺ-ն ընդամենը նախագիծ է ներկայացնում Սահմանադրական դատարանին, և այդ կառույցն է որոշում, թե ինչ է տեղի ունենալու հետագայում»,-նշեց Մակունցը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ներկայացվել են այն իրավական հիմքերը, որոնք իրենց գնահատմամբ, կարևոր ու ծանրակշիռ են, և իրենք չեն  պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ են եկել: Մակունցը նշեց՝ կարծում է, որ ԲՀԿ-ի որոշումը քաղաքական է:

ԱԺ ԲՀԿ խմբակցութան ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողներին ասաց, որ Բելառուսի նախագահը Հայաստան կատարած այցի ժամանակ իր տանը չի գիշերել:

«Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,- ասաց Ծառուկյանը: Նա չմանրամասնեց, թե ինչ հարցեր է քննարկել Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...