Erazhshtutyun

Երաժշտության ստեղծումն, առհասարակ, ֆենոմեն է` թե ինչպես է անէությունից ծնվում հնչյունների աշխարհը, ծնվում և կյանք ստանում ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ-ի շնորհիվ:

Առավել հետաքրքրական է դիտարկել, թե ինչպես են պատանիներն ապրում ստեղծագործելու պահը, ինչ մտքեր ու զգացողություններ են նրանց պատում այդ ժամանակ, ինչ գույներ ունի նրանց ներաշխարհը… Հոկտեմբերի 5-ին, հայ մեծ դասականի` Ալեքսանդր Սպենդիարյանի հարկի տակ հյուրընկալվեցին 6 շնորհաշատ պատանիներ`Էդվարդ Միրզոյանի անվ. պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները: Օրը խորհրդանշական էր, քանի որ այն համընկավ ուսուցչի միջազգային տոնի և հայ մեծանուն կոմպոզիտորի հիշատակի օրվան. կոմպոզիտոր, որի անունով է կոչվել մրցույթը:

ՀԿՄ հետ համատեղ կազմակերպված` պատանի կոմպոզիտորների հետ երաժշտական ինտերակտիվ հանդիպմանը ներկա էին տարբեր սերնդի և ուղղվածության երաժիշտներ` կոմպոզիտորներ, երաժշտագետներ, կատարողներ և երաժշտասերներ: Մասնակիցներն անհատապես ներկայացվեցին մասնագիտական և մարդկային հետաքրքրություններով հանդերձ:

Երաժշտական օրինակներին հաջորդեց անմիջական երկխոսությունը ներկաների հետ` անսպասելի բացահայտումների առիթ դառնալով շատերի համար: Պատանի ստեղծագործողների մասին խոսք ասելու հնարավորություն ունեցան նրանց ծնողները և կոմպոզիցիայի ուսուցիչները, ինչն ընդհանուր համայնապատկերը դարձրեց ավելի ամբողջական: Եվ այսպես, ահա նրանք:

Ռուբեն Ավագյան, ավագ խումբ, 3-րդ մրցանակ, դասատու` Արփինե Կալինինա: Պատանի կոմպոզիտորն արդեն ունի երաժշտություն ստեղծելու սեփական մեթոդները: Սկզբում, երբ նոր էր ընդունվել Տ. Չուխաջյանի անվ. երաժշտական դպրոց, մշակում էր գամմաներ՝ 2-3 նոտաներից բաղկացած: Այդ նախասիրությունն ավելի ու ավելի զարգացավ: Ռուբենը սիրում է իմպրովիզներ անել, նա կարող է առավոտյան զարթնել, մտքում երաժշտություն ունենալ, նվագել և ձայնագրել: Այժմ արդեն ունի 235 ձայնագրություն: Տևողություննե±րը – 3ր-ից սկսած, ամենաերկարը տևում է 35 րոպե: Ռուբենը շատ է սիրում Բարոկկոյի և Ռոմանտիզմի դարաշրջանների կոմպոզիտորներին, հատկապես՝ Յ. Ս. Բախին, Շոպենին, Գրիգին, Սեն-Սանսին:

Բայց հետաքրքրությունները չեն սահմանափակվում երաժշտությամբ: Նա շատ է սիրում ֆիզիկա, այն ամենը, ինչը կապված է ալիքների և հնչյունների հետ: Ձայնագրում է հնչյուններն ինտերվալների տեսքով և դրանք մշակում թվային տեխնիկաների միջոցով:

Թե քանի մասնագիտություն կունենա բազմակողմանի պատանին, ցույց կտա ապագան: Երաժշտության ասպարեզում նրան գրավում է կոմպոզիտորի մասնագիտությունը, իսկ որպես կատարող` ոչ թե դաշնամուրը, այլ՝ երգեհոնը: Ի դեպ, նրա երազանքներից մեկն է այցելել Վիեննայի երաժշական գործիքների թանգարան և տեսնել այնտեղ պահվող ջազային երգեհոնը: Մրցանակի արժանացած գործն ի սկզբանե նախատեսել էր որպես փոքր ռոք կոմպոզիցիա: Շատ տարբերակներ է ստեղծել, ընտրված տարբերակը 32-րդն է:
Իր Պիեսը դաշնամուրի համար Ռուբենը կատարեց անձամբ, իսկ պատանու բազմակողմանի հետաքրքրություններն ու օժտվածությունն անտարբեր չթողեցին ներկաներին:

Էրիկա Մարկոսյան, ավագ խումբ, 2-րդ մրցանակ, դասատու` Արմենուհի Կարապետյան:

Կոմպոզիտորական արվեստը նրա սրտի և մտքի դռները թակում է արդեն 4-րդ տարին: Էրիկայի առաջին հորինվածքը չինական մոտիվ էր, որը նվագում էր դաշնամուրի սև ստեղների վրա: Դա մայրիկի հետ ներկայացրեցին Ղ. Սարյանի անվ. արվեստի դպրոցի փոխտնօրենին, վերջինս էլ ողջունեց ստեղծագործելու միտքը … իսկ չինական մեղեդին այդպես էլ գրի չառավ:

Էրիկայի սիրելի կոմպոզիտորներից է Շոպենը, ժամանակակիցներից՝ Արամ Սաթյանը:
Ազատ ժամանակ սիրում է երգեր լսել, զբոսնել և գրքեր կարդալ, շատ է սիրում նկարել, հատկապես՝ ազգային թեմատիկայով պատկերներ, լույսի և ստվերի համադրությամբ գծապատկերներ: Հանրակրթական դպրոցի առարկաներից էլ նախընտրում է մաթեմատիկան, ֆիզկուլտուրան և ռուսերենը:
Ինչպե
±ս է պատկերացնում ապագայի ուղին. այդ հարցի շուրջ զրուցել ենք բոլոր մասնակիցների հետ: Էրիկան նախատեսում է սովորել կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, բայց զուգահեռաբար կատարել այլ աշխատանք, որովհետև միայն մեկ գործով զբաղվելը քիչ է:

Փոքր չեն նրա հաջողությունները դաշնամուրային բաժնում, պարբերաբար մասնակցում է փառատոնների և մրցույթների: Սիրում է նվագել Շոպենի, Շուբերտի դաշնամուրային երկերը, Սայաթ-Նովայի գործերը՝ Գեորգի Սարաջյանի փոխադրմամբ: Դաշնամուր պարապելիս երբեմն շեղվում է և սկսում հորինել:

Էրիկա Մարկոսյանն իր «Լեռնցիների պարը» դաշնամուրի համար կատարեց անձամբ:

Էդգար Մխիթարյան, կրտսեր խումբ, 3-րդ մրցանակ, դասատու` Մարիա Ղուշչյան: Էդգարի երաժշտական կրթօջախը Ս. Ասլամազյանի անվ. թիվ 1 դպրոցն է: Գործիքը դաշնամուրն է, նույնիսկ կարելի է ասել, որ բավականին ծանրաբեռնված է դաշնամուրի դասարանում: Նա հաճախ է մասնակցում մրցույթների և բարձր տեղեր է զբաղեցնում՝ «Արտ Մյուզիք», «Վերածնունդ», «Նոր անուններ»: Որպես դաշնակահար սիրում է կատարել Բաբաջանյանի, Շչեդրինի, Շոստակովիչի գործերից, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիցիաներ:

Էդգարը հանրակրթական դպրոցի առարկաներից սիրում է ռուսերենը, մաթեմատիկան, կերպարվեստը: Նա նաև ունի յութուբյան ալիք, որտեղ տեղադրում է իր ֆոտոխցիկով կամ պլանշետով նկարահանած տեսահոլովակները: Ֆիլմեր դիտելով՝ ինքն էլ ոգեշնչվում է և կյանքի կոչում իր մտահղացումները: Իսկ ապագա±ն, ապագան պատկերացնում է որպես դաշնակահար, կոմպոզիտոր և բլոգեր:

Իր` մրցանակի արժանացած «Տագնապալի երազ»-ը դաշնամուրի համար Էդգարը կատարեց անձամբ` աչքի ընկնելով նաև դաշնամուրային տեխնիկական հմտություններով:

Էդուարդ Ալեքսանյան, կրտսեր խումբ, 2-րդ մրցանակ, դասատու՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյան: Էդուարդը 6 տարեկանից հաճախել է դաշնամուրի, 3 տարի առաջ էլ սկսել է հաճախել շեփորի և կոմպոզիցիայի դասարաններ: Այժմ դաշնամուրային բաժինն արդեն ավարտել է, մյուս բաժիններում 4-րդ դասարանում է: Երաժշտական ուրախալի հրաբխի խառնարանը Կ. Սարաջևի անվան դպրոցն է:

Էդուարդն ստեղծագործում է 9 տարեկանից: Սիրելի կոմպոզիտորներից են Բախը, Չայկովսկին, Խաչատրյանը, նաև սիրում է ջազ: Գեղունի Օգանեզովնան իր մեջ սերմանել է սեր դեպի հայկական ժողովրդական երաժշտությունը, և Էդուարդի գործերում նկատելի է ազգային երանգը:
Շեփորի երկացանկը հիմնականում ջազային է, դաշնամուրինը՝ դասական, անդրադառնում է Բախի, Լիստի, Չայկովսկու, Ռախմանինովի գործերին: Հանրակրթական դպրոցի առարկաներից առանձնացնում է մաթեմատիկան, ֆիզիկան, հայոց լեզուն և գրականությունը, ինչպես նաև անգլերենը: Սովորում է գերազանց: Երաժշտությունից բացի կուզենա նաև այլ մասնագիտություն ունենալ, թերևս՝ մաթեմատիկական ուղղվածությամբ:

Իր Ռոնդոն դաշնամուրի համար պատանի հեղինակը կատարեց անձամբ, որից հետո նրա հայրիկը` Նարեկ Ալեքսանյանը խոստովանեց. ինքը մանկուց երազել է գրել երաժշտություն, բայց չի ստացվել: Այժմ որդին իրագործում է իր երազանքը:

Մերի Առակյան, կրտսեր խումբ, 1-ին մրցանակ և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ, դասատու` Նարինե Մխիթարյան: Մերիի ծննդավայրը Ռուսաստանն է, թեև ընտանիքն արմատներով Արթիկից է և հենց այնտեղ էլ բնակվում է: Աղջնակի ուսումնառությունը Դ. Ղազարյանի անվ. երաժշտական դպրոցում սկսվեց 5 տարեկանից: Տատիկը Մերիին մանկապարտեզից քնի ժամին բերում էր երաժշտական դպրոց, հետո նորից տանում մանկապարտեզ: Սկզբում դաշնամուրի դասարանն էր, 5-րդ տարում զուգահեռաբար՝ նաև ջութակինը, իսկ կոմպոզիցիան սկսեց որպես անհատական դասընթաց դաշնամուրի դասատուի մոտ, քանի որ դպրոցում կոմպոզիցիայի դասարան չկա:

Մերին սիրում է երկու գործիքն էլ, իսկ ջութակ սկսել է նվագել, քանի որ ստեղծագործություն էր գրել ջութակի համար և ցանկանում էր տիրապետել նաև այս գործիքին: Հոգնո±ւմ է` իհարկե, բայց հաճելի է: Մերին նպատակ ունի գերազանց սովորել հանրակրթական դպրոցում, որպեսզի կարողանա նաև այլ մասնագիտություն ընտրել: Շատ է սիրում ասմունքել և նկարել: Սիրելի առարկաներն են՝ մայրենին, մաթեմատիկան, ինչպես նաև անգլերենը: Մայրիկը` Լիլիթ Առակյանը, պատմեց, որ իրենց համար զարմանալի էին Մերիի երաժշտական հաջողությունները: Թող ընտրի իր ցանկացած ուղղությունը, բայց ինքը պահանջելու է, որ նա լինի լավ մասնագետ:

Մերիի «Ստվեր» խորագրով կոմպոզիցիան ջութակի համար կատարեց Գեորգի Գասպարյանը` զարմացնելով ստեղծագործության խորունկ, հայեցողական, անգամ դրամատիկական կերպարով և ժամանակակից երաժշտական լուծումներով:

Միջոցառման վերջին մասնակիցը` Սյուզաննա Աղամալյանը մրցույթի կրտսեր խմբում 1-ին մրցանակը կիսել է Մերի Առակյանի հետ, դասատու` Նաիրա Դիվանյան: Սյուզիի երաժշտական ձեռքբերումների ուղին սկսվել և շարունակվում է Հ. Դանիելյանի անվ. արվեստի դպրոցում, դաշնամուրային բաժնի արդեն 7-րդ և կոմպոզիցիայի 4-րդ դասարաններում: Իսկ միրզոյանական մրցույթին մասնակցել է արդեն 4 անգամ և բոլոր դեպքերում էլ երբեք չի հուսահատվել և շարունակել է աշխատել:

Սյուզիի սիրելի կոմպոզիտորներն են Շոպենը, Ռախմանինովը, Խաչատրյանը: Որպես դաշնակահար սիրում է նվագել Ռավելի, Սլոնիմսկու, Ռախմանինովի ստեղծագործություններից: Կոմպոզիցիայի դասերին չեն սահմանափակում իր անգամ ամենախելահեղ պոռթկումները:
Այս տարի Միրզոյանի անվ. մրցույթին ներկայացրել էր «Ես ու ես» դաշնամուրային ստեղծագործությունը. հանձնախմբի անդամները միաբերան նշել էին, որ իր և Մերի Առակյանի գործերը 21-րդ դարի կոմպոզիցիաներ էին և ողջունել այդ փաստը: «Ես ու ես»-ը գրվել է 1 շաբաթում և իր ես-ի հետ ներքին պայքարի մասին է:
Հայ մեծ դասականի տուն-թանգարանի դահլիճում ռոյալի բացակայության պատճառով դաշնամուրով հնարավոր չեղավ ներկայացնել այս ստեղծագործությունը, և ներկաները Սյուզաննա Աղամալյանի «Ես ու ես»-ն ունկնդրեցին հեղինակի կատարմամբ, բայց համերգային տեսագրությամբ:

Միջոցառման ավարտին դահլիճի ջերմ մթնոլորտը հասել էր գագաթնակետին: Միրզոյանական մրցույթի գեղարվեստական ղեկավար, երիտասարդ կոմպոզիտոր և երաժշտական գործիչ Էդմոնդ Մակարյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումները անչափ կարևոր են պատանի ստեղծագործողների համար, իմաստավորում և մոտիվացնում են նրանց` ստեղծագործելու փաստը: Ծավալուն եզրափակիչ խոսք ունեցավ տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նա հերթով անդրադարձավ բոլոր մասնակիցներին, ուրախություն հայտնեց նրանց բազմակողմանի և բազմաշնորհ լինելու առթիվ, նաև շեշտեց, որ անկախ նրանից` իրենք կդառնան կոմպոզիտոր, թե ոչ, կյանքին կմոտենան ստեղծագործաբար: Թերևս, հենց դա է ամենակարևոր ձեռքբերումը պատանեկան շրջանում կոմպոզիցիայով զբաղվելու պարագայում:
Ներկաները միմյանց հրաժեշտ տվեցին` երաժշտական նոր հանդիպումների մտահղացումներով:

Հասմիկ Համբարյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...