hoktemberi-27

27 օրից լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանն ու նրա ահաբեկչական խմբի անդամները խորհրդարանի դահլիճում գնդակահարեցին վարչապետին, ԱԺ նախագահին, փոխնախագահներին և պատգամավորների ու նախարարի: Թվով ութ մարդ զոհ գնաց այդ ոճրագործությանը:

20 տարի առաջ` հոկտեմբերի 27-ի առավոտյան, Հայաստանն ապրում էր իր սովորական կյանքով` լեցուն խնդիրներով, խնդիրները լուծելու վերաբերյալ հասարակական-քաղաքական քննարկումներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին վազգենսարգսյանական հայտարարություններով, որոնք մի քանի ժամ անց մի քանի րոպեում պետք է կտրականապես, արմատապես շրջվեին գլխիվայր:

Թե ի՞նչ էր դա պետության, հասարակության համար, ինչպիսի՞ հարված էր թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական իմաստով, թերևս այսօր ավելորդ է խոսել, քանի որ այդ մասին շատ է խոսվել և ողբերգության, ոճրագործության գնահատականների պակաս չի զգացվել:

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին գնդակահարվեց վարչապետ Վազգեն Սարգսյանը, նրա հետ միասին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռոբերտ Միրոյանը, տարածքային նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմեն Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը: 8 մարդ դարձավ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ, դաժան ահաբեկության զոհ:

Արդեն 20 տարի Հայաստանի հասարակությունը տարբեր ակտիվությամբ և ինտենսիվությամբ փորձում է պարզել, թե ի վերջո` ինչ կատարվեց հոկտեմբերի 27-ին, ովքեր էին կանգնած 5 ահաբեկիչների խմբի ետևում, ում էր պետք Հայաստանի գլխատումը, երիտասարդ պետության ողնաշարին հասցված այդ հարվածը, պարզապես անմարդկային, վայրենի, դաժան այդ ոճրագործությունը:

Հոկտեմբերի 27-ը զգալիորեն փոխեց Հայաստանի ընթացքը: Ավելորդ է քննարկել, թե ինչ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։

Փոխարենը մենք գիտենք, թե ինչ եղավ 27-ից հետո: Հայաստանը գնաց կլանային, քրեաօլիգարխիկ համակարգի հաստատման և բյուրեղացման, քաղաքական առևտրականների բազմացման, քաղաքականության և բիզնեսի հանցավոր սերտաճումը խորացնելու, ընտրակեղծարարությունը կատարելագործելու, երկիրը, Ղարաբաղի հաղթանակը մսխելու, քաղաքացիական ձայնը լռեցնելու ճանապարհով, իսկ այդ ամենի գագաթնակետն էլ դարձավ 2008 թվականի մարտի 1-ը, երբ Երևանում հանուն իշխանական համակարգի վերարտադրության գնդակահարվեց տասը մարդ:

Այս ամենը երևակայության, տեսական դատողությունների շարքից չէ, այս ամենը պարզ իրականություն է, որ եղել է հոկտեմբերի 27-ից հետո` փաստելով, որ պետական մակարդակով, ըստ էության, դասեր չեն քաղվել 27-ից: Այլապես չէր լինի այն, ինչ եղավ դրանից հետո, և ինչն ըստ էության արդարացրեց ողբերգության պատվիրատուների հաշվարկները, ովքեր էլ և որտեղ էլ որ նրանք լինեն:

Նրանց հաշվարկը Հայաստանը որպես պետություն թուլացնելն էր, և նրանց հաշվարկները արդարացրին նրանք, ովքեր ստանձնեցին պետության կառավարումը 27-ից հետո:

Այդ դասը չքաղվեց, փոխարենը փորձ արվեցին քաղել որոշակի պտուղներ, որոնք, սակայն, Հայաստանի, ոչ թե դրանք քաղողների կոկորդին են մնացել: Եվ 20 տարի անց այս իրողությունը 27-ից ստացված պետական ու հասարակական ցավն էլ, ինչպես զոհերի հարազատների, բարեկամների, ընկերների մարդկային ցավը՝ շարունակում է պահել անամոք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...