Putin Vladimir

Երևանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովում ունեցած ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ միասնական էներգետիկ, նավթագազային շուկայի անցումը պլանավորվում է 2025 թվականին:

Այդ շուկայի հարցը ԵՏՄ առանցքային հարցերից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն նավթի, գազի, էներգակիրների տնտեսական գերկարևորությամբ, որը պետք է լինի միասնական տնտեսական տարածքի հավասարության սկզբունքի գլխավոր երաշխիքներից մեկը: Այստեղ խոսքը նաև քաղաքական հավասարության սկզբունքի մասին է, որովհետև էներգակիրները Ռուսաստանի համար ակնառու գործիք են նաև քաղաքական հարցերի լուծման առումով, և ավելին՝ գլխավոր գործիքներից մեկն են, այդ թվում, այսպես ասած, դաշնակից երկրների հետ: Միասնական էներգետիկ շուկայի, դրա սկզբունքների հավասարեցումը կբերի նրան, որ Մոսկվան կզրկվի այդ գործիքը քաղաքական կամայականությամբ օգտագործելու հնարավորությունից, կամ զգալիորեն կկաշկանդվի այդ հարցում, ինչն էլ, բնականաբար, կբերի ԵՏՄ-ում քաղաքական հարաբերության բալանսավորման:

Ահա, թե ինչու ԵՏՄ անդամների մեծ մասը կողմ է էներգետիկ միասնական շուկայի շուտափույթ անցման, իսկ ահա Ռուսաստանը՝ չի շտապում այդ հարցում: Փաստորեն ՌԴ նախագահ Պուտինը առնվազն հինգ տարով «հետաձգում» է հարցը, և չի բացառվում, որ հետաձգվի նաև դրանից հետո, կամ Ռուսաստանը դնի այդ մեխանիզմին համաձայնության այնպիսի կոշտ պայմաններ, որ անընդունելի լինեն մյուս անդամների համար, և հարցը, այսպես ասած, ձգվի արդեն նրանց «մերժման» պատճառով: Իսկ քանի դեռ չկա այդ առանցքային նշանակության միասնական շուկան, ԵՏՄ միասնական տարածք, որպես այդպիսին, խոշոր հաշվով գոյություն չունի՝ դե ֆակտո, որքան էլ իրականում կան ընդհանուր մաքսային սահմաններ ու կանոններ: Փաստացի, այդ կառույցը շարունակում է իրական քաղաքականության ռեժիմում մնալ Ռուսաստանի և մյուս անդամ երկրների երկկողմ առանձին հարաբերությունների մի հավելյալ հարթակ: Ըստ այդմ, այդ տրամաբանության մեջ պետք է լուծվի նաև Հայաստանի գազի գնի հարցը, որի շուրջ բանակցությունն ընթանում է արդեն մի քանի ամիս և պարզ չէ, թե ինչ ավարտ է այն ունենալու:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքել է մամուլի հրապարակումները, որ գազը թանկանալու է, սակայն միաժամանակ ասել, թե «հույս ունենք», որ չի թանկանա: Մոտավորապես այդ հռետորաբանությունն էր նախորդ տարի, բայց դեկտեմբերի 31-ին վարչապետ Փաշինյանը սահմանամերձ դիրքեր ճանապարհին ուղիղ եթեր մտավ ծառայողական մեքենայից և հայտնեց, որ սահմանին գազը թանկանում է, թեև հանգստացրեց, որ ներքին շուկայում այն չի թանկանա: Միաժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ գազի գնի շուրջ՝ գնագոյացման ավելի լայն մեխանիզմի իմաստով, սկսում է հայ-ռուսական բանակցություն: Այդ բանակցությունը շատ ավելի փակ է ընթանում, քան, օրինակ, Արցախի կարգավորման գործընթացը: Թեև, այստեղ իհարկե պետք է նկատել, որ այդ կարգավորման գործընթացը, մեծ հաշվով, ոչնչի մասին է, և հարցի լուծումը իրականում Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական մրցունակության տիրույթում է: Բայց հենց այստեղ էլ, իհարկե, կարևոր է դառնում գազի գինը, որը թանկ լինելու դեպքում լրացուցիչ բեռ է Հայաստանի տնտեսության համար, այն դեպքում, երբ ադրբեջանցիները ոչ միայն չունեն այդ խնդիրը՝ սեփական գազ ունեն, այլ նաև ստանում են գազի և նավթի դոլարներ:

Այդպիսով ակնառու է, որ գազային բանակցությունը Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական, այլ ներկայիս դրությամբ ռազմա-քաղաքական և անվտանգային նշանակություն: Ըստ այդմ՝ գազի գնի հարցում բանակցությունը Մոսկվայի հետ, խոշոր հաշվով, հավասարազոր է սպառազինության, պատերազմի զսպման, այլ կերպ ասած՝ անվտանգային ոլորտում դաշնակցային պարտավորության կատարման խնդրին: Գազի թանկացումն այդ իմաստով հավասար է Հայաստանի անվտանգության սպառնալիքի, ըստ այդմ՝ խնդիրը Հայաստանի հանրությունը պետք է գնահատի այդ՝ Հայաստանի և Արցախի դեմ որոշակի հակադաշնակցային քայլի համատեքստում, ինչպիսիք կատարվում էին մասնավորապես 2013-2016 ցիկլում, հանգեցնելով Ադրբեջանի սանձազերծման և պատերազմի հասունացման: Մոսկվան էլ պետք է գնահատի Հայաստանի հանրության այդ չափման ռիսկը իր համար, առավել ևս, որ Հայաստանը շարունակում է իր դաշնակցային բացարձակ բարեխղճությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...