Erdoghan Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ճակատագրական որոշումներ են կայացրել սիրիա-թուրքական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինը նշել է, որ «երկար ու լարված աշխատանքի» արդյունքում հնարավոր է դարձել այնպիսի որոշումներ ընդունել, որոնք «շատ կարևոր են, եթե ոչ ճակատագրական»:

Թուրքիայի ղեկավարը բացատրել է Սիրիայում ռազմական գործողության նպատակները, նշել է Ռուսաստանի նախագահը:

ՌԴ նախագահի խոսքերով, որոշումները հնարավորություն կտան լուծել սիրիա-թուրքական սահմանին տիրող «բավականին սուր իրավիճակը»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը դադարեցվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱԳՆ ղեկավարի խոսքերով, այժմ ամեն ինչ կախված կլինի քրդական զինված խմբավորումների դուրսբերումից: Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան հավատարիմ են Սիրիայի հարցով բանակցություններին՝ Աստանայի ձևաչափով:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հայտարարել էր, որ իր երկրին պետք չեն օտար տարածքներ: Նա ակնկալում է, որ հոկտեմբերի 23-ից սկսած այս երկրում քրդական բոլոր ուժերը կգտնվեն Թուրքիայի սահմանից 30 կիլոմետրանոց գոտուց դուրս:

Դրանից առաջ Պուտինը շեշտել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չպետք է խոչընդոտի հանրապետության սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին, որի մեկնարկը նախատեսվում է հաջորդ շաբաթ: Նա հավելել է, որ երկիրը պետք է ազատագրվի ապօրինի օտարերկրյա ներկայությունից, իսկ Սիրիայի հյուսիսի խնդիրը, որտեղ տեղի է ունենում թուրքական գործողությունը, չի կարող լուծվել առանց Դամասկոսի և Անկարայի միջև փոխադարձ հարգալից երկխոսության:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...