ԵՏՄ Վեհաժողովի առիթով Հայաստան այցի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը, միանգամայն հասկանալի պատճառներով, հայաստանյան հանրային և մեդիափորձագիտական շրջանակների համար դարձավ մեծ ուշադրության առարկա:

Մինչ այդ մամուլում զանազան տեղեկություններ էին հրապարակվում, որ Պուտինը ուզում է այցելել կալանատուն և հանդիպել հենց Քոչարյանի հետ, կամ ընդհանրապես չի ուզում գալ Հայաստան՝ այդպիսով դեմարշ դրսևորելով Հայաստանի նոր իշխանության դեմ, Ռոբերտ Քոչարյանի գործի համար: Իրականությունը, ինչպես միշտ, ստացվեց շատ ավելի տարբեր և բազմաշերտ, եթե նկատի ունենանք այն, որ Պուտինի պաշտոնական շփումները Նիկոլ Փաշինյանի հետ կարծես թե անցան առանց որևէ արտառոց դրսևորման և անգամ ավելին՝ Պուտինը բավական բարձր գնահատեց Փաշինյանի անձնական դերն ու ներդրումը երկկողմ հարաբերության ու եվրասիական ինտեգրացիայի առաջմղման գործում:

Այդպիսով, առերևույթ ստացվում է հակասական պատկեր՝ մի ձեռքով Պուտինը սերտ գործակցում է Փաշինյանի հետ, մյուս ձեռքով՝ նա հաղորդակցվում է և փաստացի աջակցություն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին: Առերևույթ այդ երկվությունը, սակայն, խորքում, թերևս, շատ ավելի հասկանալի իրավիճակի դրսևորում է, որի բավականին թափանցիկ ակնարկը նաև Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահի այն հայտարարությունն էր, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունը պայմանավորված չէ միայն նախկին տարիների աշխատանքով, այլ երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությամբ: Այլ կերպ ասած, ՌԴ նախագահը պարզորոշ ակնարկեց, որ անկախ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իր վերաբերմունքից, հայ-ռուսական հարաբերությունն ինքը չափում է շատ ավելի լայն պրիզմայով, հետևաբար, երկկողմ հարաբերությունը չի կարող կառուցվել այսպես ասած՝ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի վրա, դա շատ մանր հարց է այն մեծ դիապազոնի համեմատ, որ պատմա-քաղաքական կտրվածքով՝ թեկուզ իր բոլոր խնդրահարույց կողմերով հանդերձ, ներառում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունը:

Անշուշտ, ներկայիս իրավիճակի, թավշյա հեղափոխության, Նիկոլ Փաշինյան ֆիգուրի, Ռոբերտ Քոչարյանի անձի հանդեպ Պուտինի զուտ անձնական վերաբերմունքը չի կարող ընդհանրապես նշանակություն չունենալ առկա իրավիճակում, հայ-ռուսական հարաբերության հեռանկարում, ՌԴ վարքագծում:

Ամբողջ հարցը, սակայն, այն է, որ ՌԴ նախագահը բավականին պարզ լեզվով ցույց է տալիս, թե ինչն է որոշիչ ելակետը, ինչն է առաջնայինն ու գերական, և որն է երկրորդականը: Եվ այս առումով, խոսելով, որ հարաբերությունը կառուցվում է ժողովուրդների բարեկամության, ասել է թե ժողովուրդների մոտեցման վրա, ՌԴ նախագահը հղում է թերևս երկու կարևորագույն ազդակ. մեկն այն, որ անկախ իր ցանկություններից և անձնական կապերից, ներկայումս գործ ունի ժողովրդի վստահությունը վայելող, ժողովրդի ցանկությամբ Հայաստանը ներկայացնող վարչապետի հետ և, ըստ այդմ, չի կարող հաշվի չառնել այդ գործոնը, և մյուսն այն, որ իր անբնական մոտեցումներով հանդերձ, ամենևին մտադիր չէ դրանց պատճառով վտանգել թե՛ իր, թե՛ Ռուսաստանի վարկը հայ ժողովրդի շրջանում:

Առավել ևս, որ ՌԴ նախագահը այդ խնդրի առաջ մի անգամ արդեն կանգնել է նախկին ոչ լեգիտիմ իշխանության պարագայում՝ Ապրիլյան քառօրյայից հետո, երբ Հայաստանի հանրության համար ուղղակի, բառի բուն և պատկերավոր իմաստով, ցավալիորեն աչք ծակեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռուսական սիրախաղի ծանր հետևանքը: Այդժամ ՌԴ իշխանությունն անկասկած զգաց Հայաստանի հանրության շրջանում առկա մթնոլորտը՝ Ռուսաստանի վարկի իմաստով: ՌԴ նախագահն առավել ևս այդօրինակ ռիսկի չի գնա ներկայումս, երբ գործ ունի լեգիտիմ իշխանության հետ, անկախ այդ իշխանության հանդեպ վերաբերմունքից: Միաժամանակ, իհարկե, կա տարածված կարծիք, որ Մոսկվան կանի ամեն ինչ՝ այդ իշխանությունը լեգիտիմությունից զրկելու համար: Չի բացառվում, համենայնդեպս, առնվազն աներկբա է, որ Մոսկվայում կան շրջանակներ, որոնք կանեն ամեն ինչ և կփորձեն այդ հարցում ունենալ նաև Պուտինի հավանությունը, առաջարկելով նրան շահավետ ծառայություն: Այստեղ մի կողմից կա հարցը, թե ինչպես կգնահատի իրավիճակը Պուտինն ու ինչպես կվերաբերի այդ ծառայության առաջարկներին երկարաժամկետ և կարճաժամկետ հեռանկարների գնահատմամբ: Մյուս կողմից, սակայն, ինչը գլխավորն է, որևէ հանրության համար որևէ իշխանության լեգիտիմության աստիճան առաջին հերթին կախված է այդ իշխանությունից, ըստ այդմ՝ այստեղ արդեն ամեն ինչ, կամ գոնե գլխավորը՝ Հայաստանի նոր իշխանության ձեռքում է:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...