Ռոբերտ Քոչարյանը ուզում է ամեն գնով վիրահատվել, որպեսզի հիմնավոր պատճառ ունենա հոկտեմբերի 7-ին սկսվող դատավարությունը հետաձգելու համար:

Քոչարյանը, դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն, բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ, և շագանակագեղձի ադենոմա ունի, մի առողջական խնդիր, որն ունեն 50-անց գրեթե բոլոր տղամարդիկ, բայց որի համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում միայն ծայրահեղ դեպքում, ինչը Քոչարյանի դեպքում բացակայում է:

Ինչ վերաբերվում է գիշերամիզությամբ տառապելու հետ կապված պատմությանը, սա ևս չանցնող տրյուկ է, քանի որ նման հիվանդությամբ տառապելու փաստացի ապացույցներ գոյություն չունեն: Այնպես որ, Քոչարյանը ստիպված է լինելու մասնակցել դատավարությանը և կրելու իր բաժին պատասխանատվությունը:

Այդ այսօր է, որ Քոչարյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, ամբաստանյալի աթոռին ու ամեն կերպ փորձում է խուսափել արդարադատությունից:

22 տարի առաջ միանգամայն այլ էին Քոչարյանի տրամադրությունները. սկսվում էր նրա կենսագրության հայաստանյան էջը, որը նրան դարձնելու էր արևելյան դիկտատոր, միլիարդատեր, իսկ երկրի պատմությունը լրացվելու էր մի էջով, որը բնութագրվելու էր «արյունոտ տասնամյակ» բնութագրիչով:

1996-ի նախագահական վիճահարույց ընտրությունները ոչ միայն հարուցեցին իշխանության, քաղաքական աննախադեպ ճգնաժամ, այլ նաև դարձան տխուր ուղերձ առ այն, որ չեն կապիտալիզացվել 88-ի շարժման արժեքները: Այլ խոսքով՝ Հայաստանը հինգ տարիների ընթացքում չէր դարձել այն երկիրը, որտեղ այլևս ժողովրդավարությունն անշրջելի է:

Նախագահական ընտրություններից հետո խախտված էր իշխանության բալանսը, ու նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուծումներ էր փնտրում՝ Հայաստանում առկա ճգնաժամը հաղթահարելու, մի կողմից իշխանության ներսում հավասարակշռությունը պահպանելու, մյուս կողմից՝ հասարակության ու իշխանության միջև օտարման գործընթացը կասեցնելու համար:

Եվրոպական արժեհամակարգ ունեցող Արմեն Սարգսյանի տարբերակը թերևս կարող էր ճգնաժամի հաղթահարման բանալի լինել, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդ լուծումը չընկալվեց քաղաքական համակարգի ու հասարակության կողմից:

Վարչապետ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը Հայաստան հրավիրեցին Ռոբերտ Քոչարյանին:

Սա լա՞վ լուծում էր, թե՞ պետականության ձախորդ ընթացքի խոստովանության անուղղակի դրսևորում՝ դժվար է ասել:

Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանը Հայաստան էր հրավիրվել համազգային օրակարգով, ու ո՛չ Տեր-Պետրոսյանը և ո՛չ էլ Սարգսյանը չէին կարող կանխատեսել նրա ուրացումը 88-ի շարժմանը, մանավանդ Հոկտեմբերի 27-ը Քոչարյանին սահմանազատեց ոչ միայն այս երկու իմաստուն պետական գործիչներից, այլ նաև համազգային շարժման ակունքներից ու Հայաստանի հասարակությունից:

Սակայն 90-ականների վերջերի իրադարձությունները գուժում էին ոչ միայն համազգային շարժման առաջին իշխանության քաղաքական ֆիասկոն, այլ նաև Հայաստանում ռուսական ազդեցության տոտալ վերականգնման ու պսևդոհայրենասիրական հռետորաբանության հաղթարշավը:

Ռուսաստանում իշխանությունը կենտրոնանում էր Վլադիմիր Պուտինի ձեռքերում, ինչը ենթադրում էր ուժեղ մարտահրավեր Հայաստանի ինքնիշխանությանը, ինչին դիմակայելու ռեսուրս չուներ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, որի դեմ ահագնացել էր դավադրություն երկրի ներսում՝ Արցախի ռազմական էլիտայի ու Հայաստանի իշխանության ուժային թևի և պսևդոհայրենասիրական ուժերի կողմից, որի ավանգարդում ՀՅԴ-ն էր:

Հասարակության աջակցությունից զրկված ու երկիրն արտաքին սակարկությունների օբյեկտ դարձնելու միտումներին հակադրվող Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ ճանապարհ բացելով հայկական «թերմիդորականության» համար, որի խորհրդանիշը Քոչարյանն էր: Օդում ահագնանում էր Հոկտեմբերի 27-ի ուրվականը…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...