Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, ծննդյան տարեդարձի առիթով: Տարածված հաղորդագրության մակարդակում բավականին զուսպ եւ սուղ շնորհավորանքի ֆոնին հատկանշական է մեկ այլ տեղեկություն, որ հրապարակել է երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը:

Կայքը տարածել է հայտարարություն, որը ստորագրել են տարբեր բնագավառի գործիչներ, այդ թվում նախկին իշխանության տարբեր շրջանակների հարող, որոնք կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին, այլապես վտանգ է սպառնում հայկական երկու պետություններին: Հայտարարությունը ստորագրողների շարքում է նաեւ Դավիթ Շահնազարյանի անունը, որը մոտ տասը տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին ուզում էր տանել Հաագայի դատարան: Բայց այդ դրվագն իհարկե Դավիթ Շահնազարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «ներքին խնդիրն» է:

Հայտարարությունը, որ տարածել են երկրորդ նախագահի ազատությունը պահանջողները, ազդարարելով, որ նրա դեմ գործը վտանգ է Հայաստանի ու Արցախի համար, հատկանշական է երկու իրողության ֆոնին: Մեկը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացն է, մյուսը՝ ԵՏմ Վեհաժողովի շրջանակում Հայաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինի եւ Բելա Քոչարյանի հանդիպումը:

Ըստ ամենայնի, այդ հանդիպումը երկրորդ նախագահի համար արդյունավետ եւ Պուտինի աջակցության հեռանկարի առումով հուսադրող չի եղել, այլապես չէր առաջանա ահազանգող հայտարարության անհրաժեշտություն: Այդ ֆոնին հայտարարությունն ունի նաեւ ուշագրավ տողատակ: Օգոստոսի 31-ին Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի առիթով նրան ուղղած շնորհավորանքում Պուտինի խոսել էր նաեւ ռեգիոնալ կայունության եւ անվտանգության առումով Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերի մասին:

Երկրորդ նախագահին աջակցող շրջանակները այդ հանգամանքը օգտագործեցին տեղեկատվա-քարոզչական զինանոցում, նշելով, որ Պուտինը փաստորեն գնահատում է երկրորդ նախագահի վաստակն ու դերը ռեգիոնալ անվտանգության համակարգում:

Այժմ, Պուտինի երեւանյան այցի, Բելլա Քոչարյանի հետ նրա հանդիպումից հետո տարածվում է երկրորդ նախագահի աջակիցների հայտարարություն, որում անվտանգության խնդիրը դրվում է բավականին հստակ՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ազատ չլինի, ապա հարվածի տակ է ռեգիոնալ անվտանգությունը: Բանն այն է, որ հայկական երկու պետությունների անվտանգությունն ուղիղ ասոցացվում է ռեգիոալ անվտանգության հետ, կամ հակառակը՝ ռեգիոնալ անվտանգությունը հայկական երկու պետությունների հետ ուղիղ ասոցացվող հանգամանք է:

Փաստացի, երկրորդ նախագահն իր աջակիցների հայտարարության տողատակում ակնարկում է Ռուսաստանի նախագահին, որ իրեն չի բավարարում անվտանգության հարցում «վաստակի» գնահատականը, եւ եթե չկա կոնկրետ արդյունք ենթադրող աջակցություն, ապա ինքը կարող է «վաստակ» ունենալ ռեգիոնալ անվտանգությունը «փլուզելու» հարցում: Իսկ ռեգիոնալ անվտանգության փլուզումը նշանակում է անվտանգության ռեգիոնալ համակարգում ՌԴ դերի փլուզում, ինչը գործնականում ցցուն կերպով երեւաց 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ:

Փաստացի, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների անունից տարածվող հայտարարությունը գործնականում սպառնալիք կամ զգուշացում է Ռուսաստանին, որովհետեւ հայկական երկու պետությունների անվտանգության որեւէ սպառնալիք սպառնալիք է Կովկասում ՌԴ դերին: Ռուսաստանի համար այդ դերը հնարավոր է իրականացնել միայն հայկական երկու պետությունների անվտանգությանը նպաստելու միջոցով: Թերեւս Ռուսաստանի իշխանությանը հայտնի կլինի, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կարող է էապես խնդիր առաջացնել այդ տիրույթում, թե՞ ոչ:

Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող գործընթացի ֆոնին Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հայտարարությունը եւս ուշագրավ է, հատկապես Թովմասյանի վերջին հարցազրույցի ֆոնին, որտեղ նա փորձել էր ներկայանալ որպես նախկին իշխող համակարգի «վերջին հույս» կամ «բաստիոն»: Բանն այն է, որ երկրորդ նախագահը իր գործի ծավալման հենց սկզբից ակնհայտորեն որդեգրել է հենց այդ հավակնությամբ մարտավարություն եւ թերեւս հիշեցնում է, որ այդ «բաստիոնը» ամենեւին էլ Հրայր Թովմասյանը չէ: Այդ հարցերում երկրորդ նախագահը բավական զգայուն է, ինչի մասին վկայեց օրինակ նրա արագ բացասական արձագանքը այն մտքին, որ հրապարակ էր բերել նախկին համակարգի հետ ասոցացվող ուժերից մեկը, Միքայել Մինասյանին հայտարարելով ընդդիմությունը գլխավորելու ամենապատրաստ գործիչ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...