Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող գործիչների նախօրեին տարածած հայտարարությունը գործնականում այլ բան չէ, քան պայքար Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ դժգոհ հանրային շերտերին և խմբերին մոբիլիզացնելու համար:

Թե որքան է կազմում այդ ռեսուրսը, ստույգ ասելը, գործնականում, անհնարին է, եթե չլինի գիտական չափման՝ սոցիոլոգիայի մեթոդաբանություն:

Գործնականում, դա էլ ներկայումս անհնարին է՝ մի շարք պատճառներով: Այդուհանդերձ, ակնառու է, որ մոբիլիզացիայի ռեսուրս կա, որը նախկին իշխող համակարգի համար շատ թանկ ռեսուրս է: Մյուս կողմից, սակայն, այդ նույն համակարգում կան դրա համար պայքարող մի քանի խմբեր: Ռոբերտ Քոչարյանի շրջանակը դրանցից մեկն է միայն:

Այստեղ կա բավականին թեժ մրցակցություն, և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հայտարարությունը, մեծ հաշվով, այդ մրցակցության դրսևորում է, հերթական քայլը՝ մրցակցությունը շահելու ուղղությամբ: Ամբողջ հարցը, սակայն, այն է, որ առնվազն ներկայիս փուլում երկրորդ նախագահը ձախողվել է, եթե դատենք ամիսներ առաջ «Ռոյթերզ» գործակալությանը տված նրա հարցազրույցից, որտեղ սահմանել էր, որ աշնանը ընդդիմության համախմբվածություն և համակարգվածություն կլինի, և քաղաքական պայքարը կմտնի նոր ու աշխույժ փուլ:

Տեղեկատվա-քարոզչական պայքարը ակնհայտորեն նոր փուլում է, ստացել է առավել մեծ դինամիկա, բայց քաղաքական առումով, «միասնական» կամ «համակարգված» ընդդիմություն գոյություն չունի, և Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվել դա ձևավորել անգամ իր ազատության գաղափարի շուրջ, և ըստ այդմ՝ ավելորդ է խոսել որևէ այլ հեռանկարի շուրջ ձևավորված միասնական ընդդիմության մասին:

Ավելին, ակնառու է նույնիսկ, որ Ռոբերտ Քոչարյանի անազատությունը այդ հարցում բավականին շահեկան գործոն է նախկին իշխող համակարգի այլ խմբերի համար, որոնք օգտագործում են այդ խաղաքարտը: Այդ ֆոնին, որքան «թեժացվում» են երկրորդ նախագահի անազատության մեջ մնալու «հետևանքները», այդքան, թերևս, նրա անազատությունը պայմանավորվում է ոչ թե իշխանության քայլով, այլ իշխանափոխությամբ, որովհետև որևէ իշխանություն տեղի չի տա այդօրինակ սպառնալից հայտարարություններին: Մինչդեռ, իշխանափոխության հեռանկար, համենայնդեպս տեսանելի ապագայում, թերևս, առկա չէ:

Ըստ այդմ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն անկյուն է մղում՝ իր իսկ աջակցության տեքստերով, կամ այդ տեքստերով աջակիցներն են անկյուն մղում Ռոբերտ Քոչարյանին՝ նրա հաշվին սեփական հարցեր լուծելով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...