Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրած գործիչները, որոնք հանրությանը զգուշացնում էին, թե նրա անազատությունը լի է հայկական երկու պետությունների հանդեպ սպառնալիքով, այդպես էլ չեն հստակեցնում կամ մանրամասնում, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը:

Օրինակ, դրա վերաբերյալ լրագրողների հարցին պատասխան տալու անկարող եղավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ասելով, որ պետք է հարցնել մարդկանցից, ովքեր հայտարարել են այդ մասին: Այն, որ մարդիկ զբաղված են Ռոբերտ Քոչարյանին աջակցելով, պաշտպանելով, նրա ազատության համար պայքարով, դա, իհարկե, նրանց իրավունքն է, նրանց ընտրությունը, եթե անգամ այդ ընտրությունը կատարվում է ոչ թե գաղափարական, այլ շահադիտական նկատառումից ելնելով: Բայց այս դեպքում խոսքը լոկ պայքարի մասին չէ, որովհետև հանրությանը շատ ուղիղ ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելը Հայաստանի և Արցախի համար բերում է սպառնալիք: Ըստ այդմ` նույնքան ուղիղ պետք է ասվի, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը, որպեսզի հանրությունը կարողանա այդ կոչը կամ հայտարարությունը գնահատել շատ հստակ և, ըստ այդմ, կողմնորոշվել՝ միանա՞լ երկրորդ նախագահի ազատության կոչերին, թե՞ հակառակը՝ չհավատալ դրանց: Որովհետև, այն, որ ժամանակակից աշխարհաքաղաքական միջավայրը, լինելով բավականին փոթորկուն, լի է մարտահրավերներով, ամենատարբեր բնույթի և տեսակի, անկանխատեսելի և գրեթե անկառավարելի, հայտնի է գործնականում բոլորին:

Միաժամանակ, այդպիսի միջավայր է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Հայաստանի շուրջ գտնվող գրեթե բոլոր երկրների: Յուրաքանչյուրի դեպքում մարտահրավերների, ռիսկերի, սպառնալիքների բնույթն անշուշտ տարբեր է, սակայն մեծ հաշվով բոլորն են գտնվում համաշխարհային թեժ վերափոխումների մթնոլորտի ուժեղ ճնշման ներքո, որում, օրինակ, Թուրքիան կարող է իր հասցեին լսել թիվ մեկ գերտերության նախագահի սպառնալիքը, որ կոչնչացնի և երկրի երեսից կջնջի Թուրքիայի տնտեսությունը:

Այդպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրը սպառնալից և բարդ կանխատեսելի է բոլորի, ոչ միայն Հայաստանի համար: Իհարկե, դա ամենևին չի կարող լինել մխիթարվելու, կամ հանգստանալու առիթ, պատճառ կամ հիմնավորում: Իհարկե, մեզ պետք է հետաքրքրի այն, ինչ մեր համար է մարտահրավեր, ռիսկ կամ պոտենցիալ սպառնալիք: Բայց ամբողջ հարցն էլ հենց այն է, թե դրանցից ո՞ր մեկի հետ է Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի ուղիղ կապը: Այսինքն՝ ո՞ր սպառնալիքն է, որ առկա է Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ լինելով, և չեզոքանալու է՝ երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի, և կամ դադարեցվի նրա հանդեպ իրավական գործընթացը: Այստեղ է, որ պահանջվում է շատ կոնկրետություն, այլապես առաջանում է այլ կողմ կամ համատեքստ՝ շանտաժ: Այսինքն՝ կամ խոսքը վերացական հռետորաբանության մասին է, կամ հնչում է սպառնալիք Հայաստանի հասցեին, և այդ դեպքում արդեն խնդիրը տեղափոխվում է այլ տիրույթ, որով կարող է առաջանալ իրավապահների ներգրավվածության անհրաժեշտություն, պարզելու համար, թե ի՞նչ կոնկրետ սպառնալիք գիտեն Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրողները, երբ սևով սպիտակի վրա կապում են այդ ազատությունն ու հայկական երկու պետությունների սպառնալիքները: Որովհետև, եթե խնդիրը ընդհանրապես միջավայրի մասին է, ապա առնվազն նախորդ տարիներին հստակ է եղել, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ լինելն ու ընդհանրապես որևէ իրավական գործընթացում չլինելը ամենևին չի չեզոքացրել Հայաստանի հանդեպ սպառնալիքները, ռիսկերը, որ Հայաստանին հետապնդում էին աշխարհաքաղաքական ոչ պակաս բարդ իրողություններում և հանգեցրին ապրիլյան քառօրյա ագրեսիայի: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ Արցախ չայցելեց:

Հետևաբար, պետք է գոնե ցույց տալ կապը, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը գործնականում նպաստելու սպառնալիքները հաղթահարելուն: Բայց այստեղ, ըստ երևույթին, առաջանում է ամենաբարդն ու խնդրահարույցը: Սպառնալիքները կոնկրետ նկարագրելու համար, Ռոբերտ Քոչարյանը կամ նրա համակիրները, նրա ազատության համար ստորագրողները պետք է ստանձնեն ուժային տարբեր կենտրոնների վարքագծին շատ կոնկրետ գնահատական տալու պատասխանատվություն: Այդ թվում, օրինակ, Ռուսաստանին: Իսկ այդտեղ արդեն խնդիրը բարդանում է, ընդ որում՝ ոչ միայն ներկայի, այլ նաև հենց անցյալի իրողությունների համատեքստում: Թեև պետք չէ բացառել, որ Ռոբերտ Քոչարյանն իր համակիրների միջոցով հենց այդ մասին էլ ակնարկում է Ռուսաստանին, որի վարքագծից՝ իրեն պաշտպանելու հարցում, երկրորդ նախագահը դժգոհություն ցուցաբերում է արդեն մի քանի ամիս: Հնարավոր է, իհարկե, երկրորդ նախագահի դերի գերագնահատման ասպեկտը, որը դրսևորվեց, օրինակ, նաև նրա հայտարարությամբ, թե իր չլինելու դեպքում ադրբեջանցիները թեյ կխմեին Ստեփանակերտում: Այստեղ արդեն, իհարկե, քաղաքականությունը տեղը զիջում է հոգեբանությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...