«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին», – այսօր Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որպես հետգրություն՝ Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է․ «ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»:

Բնավ մտադիր չենք կասկածի տակ առնել վարչապետի լավատեսությունը, սակայն Վլադիմիր Պուտինի երևանյան երեկվա կարճ այցելության ընթացքում տեղի է ունեցել մի իրադաձություն, որը, մեղմ ասած, տարակուսելի է ու դարձյալ փաստում է, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան չէ, որ նորմալ է։ Ռուսաստանի նախագահը Երևանում անցկացրել է մի քանի ժամ, մասնակցել է ԵՏՄ գագաթաժողովին, երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Իրանի ղեկավարների հետ և, այնուամենայնիվ, իր սուղ գրաֆիկում ժամանակ է գտել կալանավորված նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Սակայն նա չի մանրամասնել, թե հանդիպումը ում նախաձեռնությամբ է կայացել ու ինչ հարցերի շուրջ են զրուցել Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի նախկին նախագահի կինը։

Թերևս դա այնքան էլ էական չէ, որովհետև այստեղ առանցքայինը բուն հանդիպման փաստն է ու նույնիսկ զրույցի բովանդակությունը երկրորդական-երրորդական նշանակություն ունի։ Պուտինը հերթական անգամ իր անվերապահ քաղաքական աջակցությունն է ցույց տվել Ռոբերտ Քոչարյանին, ինչը՝ միևնույն ժամանակ, դեմարշ է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեմ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկրորդ նախագահն ոչ միայն մեղադրվում է ծանր պետական հանցագործություն կատարելու մեջ, այլ նաև բացահայտորեն ընդդիմանում է Հայաստանի գործող իշխանությանը՝ խոստանալով հասնել նրա տապալմանը։

Այս ամենի համատեքստռում Պուտինի քայլը թշնամական վերաբերմունք է Հայաստանի ու նրա հասարակության նկատմամբ, որը կոնսոլիդացված դիրքորոշում ունի Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու և կալանքի տակ պահելու հարցերում։ Սակայն շատ ավելի կարևոր են Ռուսաստանի նախագահի ավելի գլոբալ ուղերձները։ Պուտինը փաստացի կոնսոլիդացվելու ուղերձ է հղում բոլոր այն ուժերին, գործինչներին, որոնք ձգտում են հին համակարգի ռեստավրացիային։ Ռուսաստանի նախագահը փաստացի դառնում է Հայաստանում «հինգերորդ շարասյան» ակտիվացման ոգեկոչողը։

Մյուս կողմից Ռուսաստանի նախագահն ակնհայտորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին՝ բոլոր հնարավոր առիթներով ուղղակի կամ անուղղակի զորակցություն հայտնելով Ռոբերտ Քոչարյանին։ Եթե սրան հավելենք այն փաստերը, որ Մոսկվայում ապահով պատսպարվում են Մարտի 1-ի գործով անցնող ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը՝ պատկերն ավելի ամբողջական կդառնա։

ԵՏՄ գագաթաժողովի բարձր մակարդակով անցկացումը, հատկապես դրան Իրանի ու Սինգապուրի ղեկավարների մասնակցությունն, անշուշտ, նպաստելու են մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, սակայն չպետք է մոռանալ, որ եվրասիական միջավայրը քաղաքական ու քաղաքակրթական առումներով հարազատ չէ Հայաստանի համար, ինչի խոսուն դրսևորումներից մեկը Պուտինի երեկվա հանդիպումն է կամ Քոչարյանին ու Պուտինին կապող «հզոր քիմիան»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...