2002թ-ի հուլիսի 17-ին ձևակերպվեց 98 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական 4 ձեռնարկությունները Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու գործարքը: Ըստ այդմ՝ իբրև լիարժեք սեփականություն ռուսական կողմին անցան Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ։

Ստորագրված փաստաթղթում հանձնվող ձեռնարկությունների նկատմամբ ռուսական կողմի ներդրումային պարտավորությունները հատուկ ամրագրված չէին։

Նույնիսկ գույքի փոխանցման վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո հստակ նշված չէին ո’չ փոխանցվող օբյեկտների գինը, ո’չ էլ անգամ այդ ձեռնարկությունների ցանկը։

Ակնհայտ է, որ այս գործարքով Ռուսաստանը ավելի շուտ լուծեց ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական խնդիրներ. 100 միլիոն դոլարը Ռուսաստանի նման հզոր երկրի համար չնչին գումար է, մինչդեռ, տիրանալով հայկական օբյեկտներին, Ռուսաստանն ամրապնդեց դիրքերը Հայաստանում. մեր երկրում հետևողaկանորեն հաստատվում էր ռուսական վասալության ռեժիմը։ Հենց այդ մասին է «Գույք՝ պարտքի դիմաց» տխրահչակ համաձայնագիրը, որը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ուղղակի հետևանքներից մեկն է․ հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, որ Վազգեն Սարգսյանի կառավարությունը գնար նման նվաստացուցիչ գործարքի կնքմանը։

Ռուսաստանի ПАРНАС ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը երկու տարի առաջ ծավալուն հարցազրույց էր տվել ուկրաինական «112 Украина» հեռուստաընկերության «Гордон» ծրագրին, որտեղ հանգամանալից անդրադարձել էր Վլադիմիր Պուտինի գործունեությանը` հատկապես քննադատելով նրա արտաքին քաղաքականությունը: Կասյանովի վիճակը նուրբ է այն առումով, որ նա Պուտինի նախագահության առաջին ժամկետում` մինչև 2004թ-ը, եղել է երկրի վարչապետ: Կասյանովը, թերևս` արդարացնելու համար իր վարչապետությունը կամ մոտիվացնելու համար իր այսօրվա արմատական քննադատությունը, հեռուստադիտողներին համոզում է, որ մինչև 2004-ի սեպտեմբերը գործ ենք ունեցել միանգամայն այլ` «բարի» Պուտինի հետ, որը կերպարանափոխվել և իր չեկիստական արմատին է վերադարձել Բեսլանի՝ 2004թ-ի սեպտեմբերի ահաբեկչությունից հետո:

Բնավ ցանկություն չունենք մանրանալու Ռուսաստանի ներքաղաքական անցուդարձի մանրամասների մեջ, միայն նկատենք, որ Կասյանովն այս հարցազրույցում հետաքրքիր բացահայտումներ էր անում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների նկատմամբ Պուտինի քաղաքականության վերաբերյալ:

Նա ասում էր, թե Պուտինը նախկին խորհրդային հանրապետություններին լիարժեք անկախ պետություն չի համարել և չի համարում: Անկախ Կասյանովի այս բացահայտումից` դա տեսանելի է բոլորի համար: Նախկին վարչապետն ու այսօրվա ընդդիմադիրը, սակայն, շտապել էր պնդել, որ այդ հարցում ինքը սկզբունքային հակասություններ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Կասյանովի այս պնդումը, գոնե Հայաստանի մասով, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Փաստերն ավելի խոսուն են և վկայում են այն մասին, որ «Գույք` պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագիրը, որի միջոցով, 120 միլիոն դոլար պարտքի դիմաց, էապես սահմանափակվեց Հայաստանի անկախությունը, իրականացվել է հենց Կասյանովի վարչապետության շրջանում: Կասյանովն այս դեպքում ոչ թե եղել է Պուտինի քաղաքականության հնազանդ կատարողը, այլ` Հայաստանի համար նվաստացուցիչ այդ համաձայնագրի գաղափարախոսը, համենայնդեպս՝ դրա հիմնական լոբբիստը Ռուսաստանի իշխանության մեջ:

«Գույք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքն անգամ բավարար է՝ պնդելու համար, որ Ռուսատանը, պուտինյան ռեժիմը Հոկտեմբերի 27-ի հիմնական շահառուներից մեկն են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...