Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որի հետ քննարկել է Արցախ-Ռուսաստան կապերին առնչվող հարցեր: Բակո Սահակյանը Զատուլինին նաեւ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով է պարգեւատրել, Արցախի ժողովրդի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար:

Զատուլինն Արցախ է ժամանել Արցախի բարեկամների միջազգային համաժողովի շրջանակում, որ կազմակերպել են Արցախի ԱԳՆ-ն ու ՀՅԴ-ն:

Իհարկե, իրականում դժվար է ասել՝ Զատուլինն Արցախի եւ արցախցիների՞, թե առավելապես Հայաստանի նախկին իշխող համակարգի բարեկամն է: Համենայն դեպս, մինչ այժմ ավելի տեսանելի են հենց այդ համակարգին, քան Արցախին ու Արցախի ժողովրդին Զատուլինի մատուցած ծառայությունները:

Դրանցից մեկն օրինակ Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո Լազարեւսկի կոմիտեի ստեղծման նախաձեռնությունն էր, որով Զատուլինն իբր վերափոխելու էր հայ-ռուսական հարաբերությունը, իսկ իրականում ընդամենը վերակենդանացնում էր հեղափոխությամբ մերժված այդ համակարգի քաղաքական «մարմինը»:

Կոմիտեն նույնիսկ մի նիստ է անցկացրել Երեւանում, որի հյուրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա ի դեպ հայտարարեց, որ Զատուլինը կոմիտեն ստեղծելու գաղափարը քննարկել է իր հետ եւ ստացել իր աջակցությունը:

Հետաքրքիր է, ի՞նչ վիճակում է հիմա Զատուլինի Լազարեւսկի կոմիտեն, աշխատու՞մ է, թե ոչ: Բակո Սահակյանը հետաքրքրված կլինի՞ դրանով: Թերեւս այն պարագայում, եթե իր հետնախագահական ճակատագրի համատեքստում դիտարկում է Լազարեւսկի կոմիտեն: Թեեւ, Արցախի երրորդ նախագահը պետք է որ ունենա հետնախագահական ճակատագրի դասավորության ավելի պատվախնդիր պատկերացում:

Թերեւս այն պատճառով, որ Բակո Սահակյանն իր «համակարգային ծագման» եւ նախագահական պաշտոնավարման հակասականությամբ հանդերձ, նաեւ լավ ծանոթ լինելով Սերժ Սարգսյանի նախագահությանն ուղեկցած քաղաքական անցուդարձին եւ մարտահրավերներին, ռիսկերին ու այդ թվում ապրիլյան քառօրյայի հասունացման գործընթացին, լավ է պատկերացնում ռուսական քաղաքականության այն թեւի նպատակը, որն այժմ զբաղված է Հայաստանի նախկին իշխող համակարգը «փրկելով»:

Այդ համատեքստում է թերեւս նաեւ Արցախ-Ռուսաստան կապի մասին խոսակցությունը: Այդ թեւը եթե ունի փրկելու բան, ապա միայն ինքզինքը՝ ռուսական քաղաքականության ներկայիս բարդ շրջափուլում, որտեղ նրանց կենսունակ մնալու առանցքային գրավականը Հայաստանի եւ Արցախի վասալ մնալու երաշխիքն է:

Զատուլինին այդ երաշխիքն է պետք, ոչ թե Գրիգոր Լուսավորիչ մեդալը: Եվ եթե Բակո Սահակյանը մեդալի հետ ոչ թե երաշխիք է տվել, այլ երաշխիքի փոխարեն տվել է մեդալն ու ճանապարհել Լազարեւսկի կոմիտեի նախագահին, ապա իր հակասականությամբ հանդերձ լիովին վաստակել է նախագահի պաշտոնից արժանապատվորեն ճանապարհվելու իրավունքը:

Որովհետեւ, գրեթե միաժամանակ էլ Զատուլինին եւ Արցախը սեփական փրկության վերջին բաստիոն դիտարկող ռուսաստանյան էմիսարներին երաշխիքի փոխարեն Պուտինին կազիմիրովյան պրակտիկայի վավերագրությունն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակաշրջանի մասին է, երբ իր ամբողջ հակասականությամբ հանդերձ ռուսական քաղաքականությունը առնվազն չէր սպասարկում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...