Արձակուրդից հետո կփորձեմ հնարավորինս ամբողջական պատասխանել այս օրերին հնչած հարցադրումներին ու «ջախջախիչ քննադատությանը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Շնորհակալ եմ գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար։ Ինչ խոսք, դրանք շատ ոգևորիչ և պարտավորեցնող են. հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ արդարացնել։

Տեղեկացնում եմ, որ նախապես ծրագրված արձակուրդս եմ վերցնում վաղվանից, որից հետո կփորձեմ հնարավորինս ամբողջական պատասխանել այս օրերին հնչած հարցադրումներին ու «ջախջախիչ քննադատությանը»։

Մինչ այդ, բոլորին ուղղակի խորհուրդ կտամ հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել, քանի որ մեր բնագավառը խորքային բարեփոխման կարիք ունի և վերադարձ անցյալին դա մեղմ ասած կլինի չմտածված քայլ։ Եվ, ինչպես նշել էի իմ նախորդ հայտարարությունում, 2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից, որոնք՝ օգտվելով հետհեղափոխական շրջանին հատուկ վայրիվերումներից, դրանք վարկաբեկելու կամ իրենց անձնական բարեկեցության համար օգտագործելու փորձեր կանեն»,- նշել է նա։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականի հայտարարությանը՝ ասելով, թե իրեն պատասխանատու չի համարում այդ հրաժարականի համար:

Բանն այն է, որ ԿԿ ղեկավար Սարհատ Պետրոսյանը անցնող շաբաթավերջին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ պատճառաբանելով, որ համաձայն չէ քաղաքաշինության ոլորտում վարվող քաղաքականությանը: Պետրոսյանը ուղիղ մատնանշել էր երկու պաշտոնյաների՝ քաղշինկոմիտեի ղեկավար Վերմիշյանին և նախկին ղեկավար, ներկայումս փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Էլոյանին: Ահա թե ինչու լրագրողներին հետաքրքրել է Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը, որին փաստորեն ուղղակի թե անուղղակի մեղադրում է Սարհատ Պետրոսյանը: Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Պետրոսյանը հրաժարականի մասին հայտարարության մեջ նշել էր նաև, թե այլևս չի կարող հանդուրժել ոլորտում կոռումպացված թայֆայականությունը: Սա արդեն ոչ թե վատ քաղաքականության, այլ պարզապես հանցավոր իրողության մասին ազդարարում է:

Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե դա արդեն հետաքրքիր է, և լրագրողները թող Պետրոսյանից հարցնեն, թե ինչ կոռումպացված թայֆայականության մասին է խոսքը, քանի որ իր հետ Պետրոսյանն այդպիսի հարց երբեք չի քննարկել և չի խոսել կոռուպցիոն իրողությունների մասին:

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը հրաժարականի մասին հայտարարելիս նշել էր շատ կարևոր մշակութային հանգամանք, որ նոր Հայաստանում պետպաշտոնյան պետք է հրապարակավ հայտնի իր հրաժարականի պատճառները: Դա իսկապես շատ կարևոր մշակույթ է, սակայն միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ այն չվերածվի անհիմն ինտրիգներ հյուսելու: Իսկ այս դեպքում, եթե հայտարարվում է կոռումպացված թայֆայականության մասին, այն անկասկած վերածվելու է հասկանալի ինտրիգի՝ նկատի առնելով նաև ներքին տեղեկատվաքարոզչական միջավայրն ու ներքաղաքական իրավիճակը:

Ըստ այդմ՝ հատկապես Տիգրան Ավինյանի արձագանքից հետո հարց է ծագում՝ Սարհատ Պետրոսյանը կմանրամասնի՞ «կոռումպացված թայֆայականությունը» և կտա՞ անուններ, կմատնանշի՞ կոնկրետ դրվագներ, որոնք կհավաստեն, որ ոլորտում իսկապես պահպանվում են հին ավանդույթներ: Ի վերջո, այն, որ խոսքն այդ տեսանկյունից գայթակղիչ ոլորտի մասին է, պարզ է առանց ավելորդ մեկնաբանության:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...