«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի համար անսպասելի էր, որ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը կմերժեր։

Պատգամավորի համար, սակայն, զարմանալի չէր լինի, եթե դատարանը որոշում կայացնելու պարագայում մերժեր դիմումը։

«Անսպասելի էր, որովհետև այստեղ պետք էր քննարկել բացառապես ֆորմալ հիմքերը։ Բայց ես չեմ տեսել որոշումը, այն կհրապարակվի, անհրաժեշտ կլինի հասկանալ որոշումը և համապատասխան դիրքորոշում արտահայտել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ մի բան պարզ է․Սահմանադրական դատարանը բարդ գործերի քննության ժամանակ խուսափողականություն է դրսևորում․

«Դատարանը փորձում է տարբեր պատճառներով խուսափել բարդ գործերի քննությունից։ Դրա վառ օրինակներից մեկը Վենետիկի հանձաժողով դիմելն էր, ՄԻԵԴ դիմելն էր, այս դիմումը նախնական ուսումնասիրության փուլում մերժելն էր և ոչ ընդունելի համարելը։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Սահմանադրական դատարանի հետ։ Ուզում եմ հասկանալ, թե ինչ հիմքեր են գտել, որով այս փուլում այդ դիմումը կարելի էր չընդունել վարույթ։ Սա այն է, ինչ մենք տեսնում ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ պատգամավորի՝ տպավորություն է ստեղծվում, որ ՍԴ-ն պարզապես չի ցանկանում կատարել իր վրա դրված սահմանադրական առաքելությունը։

Մեր հարցին՝ ի վերջո այս սցենարը հաշվարկե՞լ էին, ո՞րն է խորհրդարանական մեծամասնության քայլերի հաջորդականությունը, որոնցով պատրաստվում են լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․

«Ես ասել եմ, որ մեր քայլերն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված չեն որևէ անձի, երևույթի դեմ, մենք գործ ունենք գործընթացների հետ և բազմիցս հորդորել ենք խնդրել ՍԴ անդամներին, որպեսզի կատարեն իրենց սահմանադրական առաքելությունը՝ երկրում ապահովեն սահմանադրական արդարադատության իրականացումը, ապահովեն այն գործառույթները, որոնց համար ստեղծվել է Դատարանը։ Չէի ուզի տպավորություն ստեղծվեր, որ քանի որ մենք դժգոհ ենք փաստաթղթից, դժգոհում ենք նաև ՍԴ-ից, ու եթե այլ որոշում կայանցեր, գոհ կլինեինք։ Ո՛չ, խնդիրը ոչ թե փաստաթղթի մեջ է, այլ ՍԴ լիազորությունների իրականացման սահմանդրականության․արյդոք ՍԴ-ն այս փուլում իրավասո՞ւ էր մերժել դիմումը, թե ոչ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ այս կարգի դիմումները վարույթ ընդունելը մերժելու համար բավականին բարձր շեմ է դրված․

«Ի վերջո դիմողն ԱԺ-ն է, հիմքը հստակ նշված է և բոլոր ընթացակարգերը կատարվել են պատշաճ և օրենքով սահմանված կարգով։ Այսինքն՝ մերժելու հիմքեր կարծես թե չկային։ Այս ամենը, իհարկե, վերապահումով եմ ասում, որովհետև նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ է ասել ՍԴ-ն։ Ես ասել եմ, որ կոլեգիալ մարմինները կարող են խոսել իրենց փաստաթղթերի միջոցով և մինչև դա չկարդանք, չենք հասկանա՝ ինչ լեզու է օգտագործել Դատարանը։ Չգիտեմ՝ լարվածության արդյունք է, հոգնածության արդյունք է, թե ինչ, բայց ՍԴ-ն կարծես խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը»,- եզրափակեց Վարդանյանը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...