Թավշյա հեղափոխությունից հետո բացված Պանդորայի արկղն ի ցույց դրեց նաև այն արատներն ու խնդիրները, որոնք գրեթե երեք տասնամյակ կուտակվել են երկրի Բարձրագույն դատարանում՝ Սահմանադրական դատարանում։

Ազգային ժողովը 98 դեմ, 1 կողմ, 2 անվավեր քվեաթերթիկներով ընդունեց «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը»։

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները նշում են, որ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման 94 էջանոց նախագծում մանրամասնորեն ներկայացված են այն էական կարգապահական խախտումները, որոնք ՍԴ-ն թույլ է տվել անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում։ Հղում անելով հայաստանյան օրենսդրությանն ու միջազգային պրակտիկային՝ նախագծում հիմնավորվում է, որ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ խախտվել է դատարանի անաչառության սկզբունքը։

Թավշյա հեղափոխության կառավարությունն ու խորհրդարանը փորձում են համակարգային փոփոխություններ իրականացնել Սահմանադրական դատարանում, որը 1996 թվականից՝ իր հիմնադրման ժամանակվանից սկսած, սպասարկել է միայն տվյալ պահին գործող իշխանությունների շահերը՝ «դակելով» վիճահարույց, հասարակական հուզումներ առաջացրած ՀՀ նախագահի և ԱԺ ընտրությունների արդյունքները։ ՍԴ-ն ոչ միայն տարիներ շարունակ չի հանգուցալուծել ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամը, երկիրը զերծ չի պահել ցնցումներից, այլև՝ իր որոշումներով նոր ճգնաժամերի առիթ է տվել, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ այնտեղ պետք են համակարգային փոփոխություններ։

Ուսումնասիրելով Սահմանադրական դատարանի կայքը, որտեղ զետեղված են տարբեր տարիներին ՍԴ-ի կայացրած բազմաթիվ որոշումներ, փորձենք ներկայացնել, թե սկսած 1996 թվականից՝ ինչ դիմումներ են հղվել ՍԴ՝ կապված ՀՀ նախագահի և ԱԺ ընտրությունների արդյունքների հետ, ինչ որոշումներ է կայացրել ՍԴ-ն այդ դիմումների առթիվ։

1996թ․ տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկոտ ընտրություններից էին, որն ավարտվեց ԱԺ-ի վրա ընդդիմադիրների գրոհով, իսկ իշխանությունն էլ դրանից հետո տանկեր մտցրեց Երևան։ Ընտրություններին մասնակցում էին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը և ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը։ Վազգեն Մանուկյանն ու իր համախոհները համաձայն չէին ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ, ինչի պատճառով էլ նրանք մի քանի օր շարունակ ցույցեր կազմակերպեցին։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վազգեն Մանուկյանը ստացել էր 41, 29 տոկոս քվե, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 51,75 տոկոս, մյուս թեկնածուները ստացել էին անհամեմատ քիչ տոկոսներ։ Իսկ նույն թվականի նոյեմբերի 22-ին ՍԴ-ն որոշեց ՀՀ նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Աշոտ Մանուչարյանի պահանջը՝ «ՀՀ նախագահի 1996թ․ սեպտեմբերի 22-ի ընտրության արդյունքները և ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի 1996թ․ սեպտեմբերի 29-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին» մերժել։ Դրանից մեկուկես տարի անց, 1998թ․ փետրվարի 4-ին, ՀՀ առաջին նախագահը հրաժարական ներկայացրեց։ Նույն կերպ 1999թ․ հունիսի 28-ին ՍԴ-ն մերժեց նույն թվականի մայիսի 30-ին ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու ԱԺ պատգամավորության թեկնածու Էդուարդ Եգորյանի պահանջը։

Հետընտրական բուռն իրադարձություններ տեղի ունեցան 2003թ․ փետրվարի 19-ին և մարտի 5-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո․ բազմամարդ հանրահավաքներ, ցույցեր, որոնց մասնակից ընդդիմության ակտիվիստները չէին ընդունում ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալները։

Փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները բողոքարկեց այն ժամանակ պաշտոնական տվյալներով երրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Արտաշես Գեղամյանը, իսկ ՍԴ-ն էլ մերժեց ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին նրա պահանջը։

Իսկ մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, որի ժամանակ էլ ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը ստացավ 504․146 քվե, իսկ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 1․044․424 քվե։ Դրանից հետո, քննելով Ստեփան Դեմիրճյանի բողոքը, ՍԴ-ն առաջարկեց ՀՀ նորընտիր ԱԺ-ին և ՀՀ նախագահին մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներին համահունչ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 2-րդ՝ փոփոխման ոչ ենթակա, հոդվածի 1-ին մասի պահանջներին և, որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց, ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը։ Իսկ մինչ այդ ՍԴ-ն որոշեց անփոփոխ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 11-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու մասին։ Թե հանրահայտ վստահության հանրաքվեն ինչ հետևանքներ ունեցավ՝ բոլորն են հիշում։ Ապավինելով հենց ՍԴ-ի կայացրած որոշմանը՝ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը և այլք, մեկ տարի անց՝ 2004թ․ ապրիլի 12-ի լույս 13-ի ցերեկը հանրահավաք կազմակերպեցին Երևանի Բաղրամյան պողոտայում, ԱԺ-ի և ՍԴ-ի հարակից տարածքում։

Այդ խաղաղ ցույցն ավարտվեց ցուցարարների ծեծ ու ջարդով։ Ռոբերտ Քոչարյանի անմիջական հրահանգով ուժային կառույցների աշխատակիցները ներխուժեցին ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական և «Հանրապետություն» կուսակցությունների գրասենյակներ, ավերեցին գույքը, ծեծեցին և բերման ենթարկեցին աշխատակիցներին, այդ թվում նաև կանանց։ Հետագայում շատերն էին այդ բռնությունները կապում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի, այն ժամանակվա ՍԴ դատավորների կայացրած որոշման հետ, որոնք փորձել էին ընդդիմության գլխի տակ «փափուկ բարձ» դնելով՝ միաժամանակ ապահովել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումն ու լեգիտիմացնել նրա գործողությունները։ Իսկ ահա նույն թվականի հուլիսի 7-ին ՍԴ-ն որոշեց մերժել ՀՀ ԱԺ-ի համամասնական ընտրակարգով 2003թ․ մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին պատգամավորության թեկնածուներ Արշակ Սադոյանի, Արտակ Զեյնալյանի և Ֆելիքս Խաչատրյանի դիմումը՝ անփոփոխ թողնելով ԿԸՀ 2003թ․ մայիսի 31-ի որոշումը։

2007թ․ հունիսի 10-ին ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ ԿԸՀ-ի 2007թ․ մայիսի 19-ի որոշումը։

Եթե 2003թ․ հետընտրական իրադարձություններից հետո ՍԴ-ն առաջարկել էր անցկացնել վստահության հանրաքվե, ապա 2008թ․ մարտիմեկյան արյունալի սպանդից և տասը զոհերից հետո, մարտի 8-ին, նույն ՍԴ-ն որոշեց «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ ԿԸՀ-ի 2008թ․ փետրվարի 24-ի որոշումը թողնել ուժի մեջ։ Իսկ մինչ այդ, ՍԴ-ում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա վիճարկվում էր ԿԸՀ-ի 2008թ․ փետրվարի 24-ի՝ «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» որոշումը։ Այդ ժամանակ, ԿԸՀ-ի տվյալներով, ընդդիմության հիմնական թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր 351․222 քվե, իսկ գործող վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ 862․369 քվե։ Հատկանշական է, որ ՍԴ-ն այդ որոշումը կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրության պայմաններում, վախի և ահաբեկության մթնոլորտում, երբ լույս չէին տեսնում ընդդիմադիր մի շարք թերթեր, իսկ լույս տեսնող թերթերն էլ մատուցում էին միայն իշխանության հրահանգով սփռվող տեղեկատվություն։

Արդեն չորս տարի անց նույն ոճով ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի 2012թ․ մայիսի 13-ի որոշումը թողնել ուժի մեջ այն դեպքում, երբ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը դիմում էր ներկայացրել՝ վիճարկելով ԿԸՀ 2012թ․ մայիսի 13-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրելու մասին» որոշումը։ Չնայած 2008թ․ ՀՀ նախագահի ընտրություններից հետո ընդդիմության թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վիճարկելով ընտրությունների արդյունքները՝ հրավիրում էր բազմամարդ հանրահավաքներ, տարիներ շարունակ հրապարակները լեփ-լեցուն էին լինում ընդդիմադիր ցուցարարներով, սակայն 2012թ․, մասնակցելով ԱԺ ընտրություններին, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքին հաջողվեց ընդամենը յոթ պատգամավորով ներկայանալ խորհրդարանում։

2013թ․ ՀՀ նախագահի ընտրությունները ևս անամպ չանցան, դրանք ուղեկցվեցին բազմամարդ հանրահավաքներով, ընտրությունների արդյունքների վիճարկմամբ։ ՀՀ նախագահի թեկնածու, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԿԸՀ-ի տվյալներով ստացավ 539․693 քվե, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ 861․373 քվե։ Ընդդիմության հիմնական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որի համախոհները պնդում էին, թե նա հաղթել է, մեկ այլ թեկնածուի՝ Անդրիաս Ղուկասյանի հետ միասին վիճարկեցին ՀՀ նախագահի ընտրությունները ՍԴ-ում, իսկ ՍԴ-ն էլ ԿԸՀ-ի՝ փետրվարի 25-ի «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» որոշումը թողեց ուժի մեջ։

Վերջին անգամ ԱԺ ընտրությունները վիճարկեց «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը, իսկ ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի 2017թ․ ապրիլի 9-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ։

Արժե հիշել, որ այդ տարիներին ՍԴ նախագահն էր Գագիկ Հարությունյանը, որը 2018թ․ ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, իսկ 2019թ․ հրաժարական ներկայացրեց այդ պաշտոնից։ Որոշումներ կայացրած կազմի մեջ տարբեր տարիներին եղել են ՍԴ անդամներ Վահե Ստեփանյանը, Ալվինա Գյուլումյանը, Հենրիկ Խաչատրյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Հրանտ Նազարյանը, Վալերի Պողոսյանը, Ֆելիքս Թոխյանը, Կիմ Բալայանը, Արևիկ Պետրոսյանը և այլք։ Նրանցից ոմանք այսօր էլ դեռ պաշտոնավարում են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...