Seyran Ohanyan

Պաշտպանության նախկին նախարար, մարտիմեկյան հայտնի գործում մեղադրյալ կարգավիճակ ունեցող Սեյրան Օհանյանին լրագրողները հոկտեմբերի 7-ին հարց ուղղեցին, թե հայկական երկու պետությունների անվտանգության ինչ սպառնալիք նկատի ունեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:

Նրանք՝ տարբեր բնագավառի տարբեր գործիչներ, հոկտեմբերի 7-ին տարածել են հայտարարություն, որում խոսում են այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի անազատությունը բերելու է հայկական երկու պետությունների անվտանգության լուրջ սպառնալիքի:

Պաշտպանության նախկին նախարար Օհանյանը լրագրողների հարցին պատասխանել է, թե պետք է հարցն ուղղել այն մարդկանց, ովքեր խոսել են դրա մասին, նրանք պետք է ասեն, թե ինչ սպառնալիք նկատի ունեն:

Փաստացի, Սեյրան Օհանյանը հրաժարվեց միանալ այն մտքին, որ արտահայտել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց հայտարարության մեջ:

Պաշտպանության նախկին նախարարը փաստորեն չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանի անազատությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար:

Դա իհարկե չի նշանակում, որ Սեյրան Օհանյանը ինքնաբերաբար միանում է այն շրջանակներին, որոնք Ռոբերտ Քոչարյանի ազատությունն են դիտարկում Հայաստանի եւ Արցախի սպառնալիք:

Պարզապես, Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքականության համար շրջադարձային եւ դրամատիկ տարիներին զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, Սեյրան Օհանյանը թերեւս լավ է պատկերացնում, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցը ամենեւին պայմանավորված չէ որեւէ նախկին պաշտոնյայի ազատության կամ անազատության հանգամանքով:

Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նախարարն էր մի ժամանակաշրջանում, երբ բանակի վրա օրեցօր ահռելի էր դառնում այն անվտանգային բեռը, որ առաջանում էր Հայաստանի ներիշխանական, ներհամակարգային պայքարի հետեւանքով, որ գործնականում ընթանում էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարների միջեւ:

Այդ ներքին պայքարը ծավալվում էր Հայաստանի շուրջ եւ Հայաստանի դեմ ծավալվող արտաքին լրջագույն գործընթացներին զուգահեռ, որոնց առանցքն էլ Անկարա-Մոսկվա-Բաքու սերտ գործակցությունն էր, որին սկզբունքորեն խանգարում էր Հայաստանի սուբյեկտությունն ու դերակատարությունը: Այդ սուբյեկտությունը չեզոքացնելու գործին էլ շոշափելի աջակցություն էին ցուցաբերում ներքին տարբեր խմբեր, հույսով, թե այդ գործընթացը կօգտագործեն Սերժ Սարգսյանին հեռացնելու համար:

Հայաստանի համար այդ ամենի աղետալի հետեւանքը զսպում էր հայկական բանակը՝ ինքնիշխանության վերջին թելը, որը փորձ արվեց կտրել ապրիլյան պատերազմով: Բայց թելը չկտրվեց: Եվ պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության թելերն անձերի ձեռքում չեն եւ անձերով կապակցված չեն: Դրանք ներառում են ներքին ու արտաքին գործոնների, հանգամանքների, շերտերի, շահառուների եւ իհարկե ռիսկերի ու սպառնալիքների մի հսկա բուրգ:

Այլ հարց է, որ տարածված հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աջակիցները հստակեցնում են, թե այդ բուրգի որ կետում կամ դիրքում են լինելու այս անգամ, ավելի ճիշտ՝ իրենց դիրքը մնում է անփոփոխ: Սեյրան Օհանյանի արձագանքը հուշում է, որ նա հրաժարվում է լինել այդ դիրքում, թերեւս ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցում 2013-16 թվականների ծանր փորձը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...