Serzh Sargsyan

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ 2018-ի մարտին ինքն իր կամքով է որոշել հրաժարական ներկայացնել ՍԴ նախագահի պաշտոնից և իրեն ոչ ոք չի պարտադրել այդ քայլը:

Գագիկ Հարությունյանի անդրադարձը պայմանավորված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրադրությամբ, որում քննարկվում է ՍԴ նախագահ դառնալու նախապատմությունը:

Գաղտնիք չէ, որ դիտարկումներում խոսվում է այն մասին, որ Հրայր Թովմասյանը ստանձնել է ՍԴ նախագահի պաշտոնը Հարությունյանի վաղաժամ հրաժարականի շնորհիվ, ինչի արդյունքում նա որպես ՍԴ նախագահ գտնվում է հին Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետի ազդեցության տակ, ոչ թե նորով սահմանված վեցամյա ժամկետի: Դա նշանակում է, որ Թովմասյանը կարող է պաշտոնավարել մինչև թոշակի տարիքը, այսինքն վեց տարուց մի քանի անգամ ավելի երկար:

Այս պատմության մեջ իհարկե ներկայիս հարցադրումների, իրավիճակի, նաև պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած հանգամանքների հիման վրա հարուցված քրգործի տիրույթից դուրս, թերևս նկատելի հետաքրքրություն է առաջացնում այն, թե այդուամենայնիվ իշխանությունը 2018 թվականի մարտին ինչու՞ է գնացել այդ քայլին՝ ՍԴ նաժագահին այսպես ասած վաղաժամ փոխելու քայլին, երբ Սերժ Սարգսյանն էլ կատարում էր իր քայլը դեպի վարչապետության փաստացի անժամկետ պաշտոնավարում: Սերժ Սարգսյանը անցումային այդ շրջանում չէ՞ր վստահում Գագիկ Հարությունյանին ևս մի քանի օր, թե՞ չէր վստահում ՀՀԿ-ին, որ հնարավոր կլինի վեց տարի անց Հրայր Թովմասյանի պաշտոնը թողնելուց հետո սահուն կերպով ընտրել ՍԴ նոր նախագահ:

Համենայն դեպս փաստը, որ Սերժ Սարգսյանը արագացրել է Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալը, որպեսզի ապահովի նրա ավելի երկարաժամկետ նախագահություն՝ քան վեց տարին, խոսում է այդ շրջանում իշխանության ներսում եղած մեղմ ասած ոչ միարժեք իրավիճակի մասին:

Կամ էլ իհարկե պետք է դիտարկել այն կանխավարկածը, որ Սերժ Սարգսյանը բավականին իրատեսական էր համարում իշխանափոխությունը, ինչի պատճառով էլ իր համար վստահելի Հրայր Թովմասյանին դարձնելով ՍԴ նախագահ, փորձում էր որոշակի երաշխիք ստեղծել և ապահովագրել իրեն իշխանափոխության ռիսկերից: Սակայն, այստեղ թերևս հարցն այն է, թե արդյո՞ք խոսքը հենց հեղափոխության մասին է, թե՞ Սերժ Սարգսյանը կարող էր դիտարկել նաև ներհամակարգային իշխանափոխության տարբերակը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեծ հաշվով նախագահության տասնամյակի ընթացքում Սարգսյանը գործնականում անընդհատ պայքարել է ներհամակարգային իշխանափոխության փորձերի դեմ և խոշոր հաշվով կառավարման մոդելի փոփոխության էական մոտիվներից մեկն էլ եղել է այդ հարցում հնարավորինս ինստիտուցիոնալ երաշխիքներ ունենալը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...