Serj Sargsyan

«Կողմերը բավական լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում հայտարարություններ են հնչել, որ Ղարաբաղը Հայաստան է, այնպես, ինչպես Տիրանայից Կոսովոյի վարչապետ Է․ Ռաման հայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիա է։ Դա, իհարկե, չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսման համար մթնոլորտի ձևավորմանը», Վալդայ ակումբի փորձագետների հետ հանդիպմանը Արցախի հարցի վերաբերյալ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա հայտարարությունը ոգեւորությամբ է ընդունել Ադրբեջանի քարոզչամեքենան՝ թե Լավրովը կոշտ քննադատել է Փաշինյանին, եւ առերեւույթ մտահոգությամբ՝ Հայաստանում նախկին իշխող համակարգի քարոզչամեքենան, թե Փաշինյանն անխոհեմ հայտարարությամբ Հայաստանի վրա է թողել բանակցության տապալման կամ չկայացման նախաձեռնությունը:

Հայաստանում տարիներ շարունակ ձեւավորվել է Արցախի գործընթացի առումով յուրօրինակ «պարտիզանական» ընկալում կամ հոգեբանություն. այն, ինչ առաջարկում են միջնորդները, Հայաստանի համար վտանգավոր է եւ անցանկալի, փաստացի պարտություն, բայց մենք ասում ենք այո, ոչ չենք ասում, համոզված կամ հավատացած, որ միեւնույն է ինչ որ բան խանգարելու է առաջարկները գործնական կյանքի կոչելուն:

Խոշոր հաշվով, մոտ քառորդ դար վարվել է այդպիսի քաղաքականություն, հավատացած, կամ հավատացնելով հանրությանը, թե այդ հմտությամբ Հայաստանի իշխանությունը պահում է հաղթանակը, ստեղծելով տպավորություն, թե փոխզիջումային կարգավորմանը միշտ ասում է այո, բայց Ադրբեջանը ասում է ոչ:

Գործնականում, Հայաստանի որեւէ «հմտություն» եթե ունեցել է դերակատարում կամ ազդեցություն գործընթացի վրա, ապա լոկ Ադրբեջանի «պատերազմի իրավունք» ձեւավորելուն նպաստելու հարցում, ինչն էլ Բաքուն փորձեց իրացնել 2016 թվականի ապրիլին՝ միջնորդ երկրներից Ռուսաստանի գործուն աջակցությամբ եւ մյուս համանախագահների լուռ համաձայնությամբ, որոնք գերադասեցին չմիջամտել Հայաստանի ու Ռուսաստանի եվրասիական «մեղրամսին»:

Հայաստանի նախորդ իշխանության կարգավորման «պարտիզանությունը» եղել է հասկանալի: Հայաստանի եւ Արցախի ռազմավարական շահերի վերաբերյալ առավել բաց ու հրապարակային խոսակցություն ծավալելու համար նրանք պետք է ունենային հանրային լեգիտիմություն:

Մյուս կողմից, այդ «պարտիզանությունը» ներքին սպառման միջոց էր, քանի որ միջնորդ համանախագահներին խաբել ի զորու չեն թե Հայաստանը, թե Ադրբեջանը: Այլ հարց է, թե ինչ են ուզում համանախագահները եւ ինչ շահերում են նրանք ընդհանուր հայտարարով, եւ ինչում են տարակարծիք, որտեղ է նրանց մրցակցությունը: Իսկ այդ առումով, Արցախում ստատուս-քվոն պահվել է գերազանցապես այն պատճառով, որ այն ձեւավորելու հարցում եղել է միջազգային կոնսենսուս, իսկ փոխելու հարցում այդպիսի կոնսենսուս չկա, կա պատերազմ բացառելու կոնսենսուս: Երեւանում այդ մասին շատ հստակ հայտարարել է ՌԴ այդ ժամանակ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Ըստ այդմ, Հայաստանն ունի ոչ թե ներքին սպառման «պարտիզանության», այլ սեփական շահերն աստիճանաբար բավական հստակ ու հանգամանալից շարադրելու, եւ ներհայկական ու միջազգային հարթակներում քննարկելու խնդիր: Դրանով էլ փորձում է զբաղվել թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված քաղաքական ղեկավարությունը:

Ապրիլյան պատերազմից հետո դրա փորձն արեց նաեւ Սերժ Սարգսյանը, որը հրապարակավ բացահայտելով կազանյան պլանն ու դրան իր հավանությունը, գործնականում ազդարարում էր, որ «պարտիզանության» քաղաքականությունն այլեւս սպառված է, այդ էջը՝ փակված: Բայց Սարգսյանն անկարող էր անցնել նոր քաղաքականության, ներքին եւ արտաքին մի շարք խնդիրների պատճառով:

Ինչ է հայտարարում Լավրովը: Լավրովն իհարկե ունի իր խնդիրները, թե որպես ՌԴ արտգործնախարար, թե որպես արտգործնախարար ՌԴ-ում: Միաժամանակ, համանախագահ որեւէ երկիր չի կարող Ադրբեջանին հայտարարել, որ Արցախը Հայաստան է՝ եւ վերջ: Ավելին, չի կարող չհայտարարել, որ այդպիսի հռետորաբանությունը խանգարում է կարգավորմանը:

Երբ Ալիեւը Հայաստանին սպառնում է պատերազմով, նա չի մտածում կարգավորմանը խանգարել-չխանգարելու մասին: Նա մտածում է Ադրբեջանի նպատակի, ռազմավարության ու շահի մասին: Նա ձգտում է ձեւավորել «պատերազմի նոր իրավունք»:

Հայաստանը դրան ի պատասխան փորձում է պահել ոչ թե «պարտիզանության իրավունքը», այլ ձեւավորել պատերազմի արդյունքը պաշտպանելու իր իրավունքը: Ի վերջո, միջազգային ասպարեզում հարցերը լուծվում են իրավունքով, որը ծնում է ուժ: Լավրովը, նախատելով Փաշինյանի հայտարարությունը, գործնական քաղաքականության ռեժիմում ճանաչում է Հայաստանի ուժը, որովհետեւ ռեգիոնալ քաղաքականության խորքում դա պետք է նաեւ Ռուսաստանին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...