Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան տարեդարձի առիթով Հայաստանից եղավ ոչ միայն պաշտոնական շնորհավորանք ու հեռախոսազանգ՝ վարչապետ Փաշինյանից եւ շնորհավորական ուղերձ նախագահ Արմեն Սարգսյանից, այլ նաեւ շնորհավորանք կալանատնից՝ Ռոբերտ Քոչարյանն էլ շնորհավորել էր ՌԴ նախագահին:

Ընդ որում հետաքրքիր է, որ այդ շնորհավորանքը, համենայն դեպս պաշտոնական հաղորդագրության մակարդակում բավականին սուղ էր: Թեեւ հնարավոր է, որ ուղերձում Ռոբերտ Քոչարյանը եղել է շատ ավելի պերճախոս, պարզապես գերադասել է չհրապարակել դա, թողնելով իր ու Պուտինի միջեւ քիմիայի շրջանակում:

Հայաստանից պաշտոնական եւ քիմիական շնորհավորանքների ֆոնին ուշագրավ էր մի բացակայություն: Բացակայում էր Սերժ Սարգսյանի շնորհավորանքը: Համենայն դեպս, չի եղել դրա վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն:

Սերժ Սարգսյանը չի՞ շնորհավորել ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան տարեդարձը: Դա հետաքրքիր է, նկատի ունենալով այն, որ ընդամենը մի քանի օր առաջ երրորդ նախագահը շնորհավորել էր Նիկոլայ Ռիժկովի 90-ամյակը: Իհարկե, Պուտինի պարագայում խոսքը այսպես ասած կլոր տարեդարձի մասին չէ, բայց, այդուհանդերձ մի մարդու մասին է, որի հետ Սերժ Սարգսյանը շփվել է Ռոբերտ Քոչարյանից թերեւս ոչ պակաս: Իհարկե, նա երբեք չի էլ ասել, որ Պուտինի եւ իր միջեւ այդ շփումներից առաջացել է քիմիա, բայց այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի շնորհավորանքի բացակայությունն իսկապես խոսուն է:

Առավել եւս այն պարագայում, որ Սերժ Սարգսյանն իր նախագահությունը սկսեց Մոսկվայում Պուտինին նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար շնորհակալություն հայտնելով: Իսկ գուցե ՌԴ նախագահը հենց դա չներեց, շնորհակալությունն ընկալելով այլ տողատակով: Ի վերջո, եթե մարտիմեկյան թեժ եւ ողբերգական իրադարձություններից ընդամենը մի քանի շաբաթ անց Սերժ Սարգսյանը բարձրաձայն շնորհակալություն է հայտնում նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար, ՌԴ նախագահն անկասկած լավ է պատկերացնում, թե Հայաստանի մարտիմեկյան շոկի ենթարկված Հայաստանի հանրությունն այդ շնորհակալությունը ընկալելու է տեղի ունեցածի համար նաեւ Պուտինի պատասխանատվության տիրույթում:

Հնարավոր է, որ հենց այդտեղ սկսվեց Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հարաբերության բարդությունը, երբ ՌԴ նախագահը համարեց, որ Սերժ Սարգսյանի շնորհակալությունն իրականում «մատնություն» էր՝ կեղծ, թե շիտակ, արդեն այլ հարց է, բայց իհարկե կարեւոր հարց: Որովհետեւ դրանից է կախված նաեւ, թե Սարգսյանի այդ առանձնահատուկ շնորհակալությունն ինչպիսի դիտարկման պետք է արժանանա Հայաստանի հանրության շրջանում:

Հատկապես նկատի ունենալով այն, թե հետագայում ՌԴ ինչպիսի կազանյան պլաններ հայտնվեցին արցախյան օրակարգում՝ Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության հանդեպ շանտաժով ու սպառնալիքով լեցուն: Պլաններ, որոնք իհարկե 2008-ին չէ, որ մշակվել էին, այլ գուցե այն շրջանից, երբ Ռուսաստանի նախագահը սկսեց ռազմավարական բնութագրել Ադրբեջանի հետ հարաբերությունն ու ծաղիկ դնել եւ գլուխ խոնարհել Հայաստանի ու Արցախի դեմ կռված ադրբեջանցիների շիրիմներին: Իսկ դա 2004 թվականն էր:

Այդ գործընթացով սկսեց հասունանալ 12 տարի անց Արցախի ուղղությամբ ագրեսիան, որի համար պատասխանատվությունը Սերժ Սարգսյանն արդեն ոչ թե ակնարկով, այլ ուղղակի գրեթե բաց տեքստով դրեց այդ ագրեսիան ռազմա-տեխնիկայով ու քաղաքական աջակցությամբ սնուցած Ռուսաստանի վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...