Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել սկանդալային միջադեպ: Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերից մեկը բաժակով ջուր է լցրել քննիչի վրա:

Դա տեղի է ունեցել մարդու իրավունքի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը, որին հրավիրվել են իրենց որդիների մահվան հանգամանքների քննությունից տարիներ շարունակ դժգոհող մայրերը եւ այդ գործերը քննող քննիչները, դատախազության, ՊՆ, Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ:

Քննարկումն անցել է թեժ եւ հենց մեկնարկից սկանդալային միջադեպի պատճառով մնացել անավարտ, քննիչները հրաժարվել են մասնակցել այդ մթնոլորտում եւ հեռացել են:

Զոհված զինծառայողների մայրերն արդեն մի քանի տարի բողոքում են իրենց որդիների մահվան հանգամանքների անբավարար քննությունից, գործը կոծկելու քաղաքականությունից: Նախկինում նրանց բողոքը երբեմն արժանանում էր ոստիկանության կոշտ միջամտության՝ երբ նախագահի նստավայրի դիմացի մայթից նրանց քարշ էին տալիս մյուս մայթ: Երբեմն էլ դիմացի մայթում նրանց հետ խոսում էր Սերժ Սարգսյանը, բայց նախագահի նստավայրի դարպասների ճաղերի հետեւից:

Իսկ մահվան հանգամանքների քննության բուն հարցը փաստորեն մինչ այժմ շարունակում է հարուցել նրանց զայրույթը եւ դժգոհությունը: Նրանք ասում են, որ իշխանությունը փոխվել է, իսկ գործերի հանդեպ վերաբերմունքը՝ ոչ: Հարցի զուտ մասնագիտական կողմը գնահատելն իսկապես դժվար է, դրա համար պետք է իրապես հանգիստ ու սառը քննարկում:

Առայժմ ավելի շատ ուշադրություն է գրավում սկանդալային կողմը: Այդ իմաստով, խորհրդարանում տեղի ունեցածը հատկապես հայտնվել է նախկին իշխող համակարգի տեղեկատվա-քարոզչական շրջանակի ուշադրության կենտրոնում, քանի որ առիթ է ցույց տալու, որ մայրերը ինչպես այն ժամանակ էին դժգոհում՝ եւ դա իր տեղեկատվա-քարոզչական նկատառումներով օգտագործում էր այն ժամանակ ընդդիմությունը, դժգոհում են նաեւ այժմ: Եվ այժմ էլ դա փորձում է օգտագործել ներկայիս իշխանությանն ընդդիմադիր շրջանակը:

Տեղի ունեցածում հատկանշական է եւս մի հանգամանք: Փաստացի, որոշակի ներքաղաքական տողատակով երկրորդ սկանդալային իրավիճակն է ստեղծվում խորհրդարանում, եւ մասնավորապես մարդու իրավունքի հանձնաժողովի նախաձեռնած միջոցառմանը: Առաջինն ամիսներ առաջ հայտնի տրանսգենդերյան միջադեպն էր: Երկրորդը՝ զոհված զինվորների գործերի առիթով քննարկումը:

Մարդու իրավունքի խորհրդարանական հանձնաժողովը նախագահում է Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչը: Տրանսգենդերի առիթով հայտնի աղմուկում վարչապետը ակնարկեց այն մասին, որ դա կազմակերպված սադրանք էր Իմ քայլը կառավարող ուժի դեմ, իսկ ԲՀԿ նախագահ Ծառուկյանն էլ օրեր անց պատասխանեց, թե դա իրենց դեմ սադրանք էր: Հետո երկար քննարկվում էր, թե ով է հրավիրել ելույթ ունեցողին:

Ի՞նչ հնչեղություն կունենա նոր սկանդալը եւ ում դեմ սադրանք կորակվի այն, եթե իհարկե բանը հասնի դրան: Հատկանշական է, որ վերջին օրերին ԲՀԿ-ն բավականին սրել է իր հռետորաբանությունն իշխանության հասցեին, ընդհուպ Գագիկ Ծառուկյանի մակարդակով, որն օրեր առաջ խորհրդարանում խիստ քննադատում էր իշխանության քաղաքականությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...