aghvan-hovsepyan

«Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ:

Տոնական «քեֆը», որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը, անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում:

Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից:

Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաեւ վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»:

Այս ամենի հետեւանքը եղել է այն, որ Ռուսաստանի եւ Բելառուսի գործընկերները հեռացել են եւ երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում:

«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները:

Հայտնում ենք, որ խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն Քննչական կոմիտեի որևէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել:

Նշենք, որ խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որևէ անձ չի մասնակցել, հետևաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչև դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաև հիշյալ հյուրանոցից:

«Փաստ» օրաթերթի մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ հնչեցնելուց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...