jrheghegh jur

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Վթարը վերացվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:
Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։

Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:

Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ, տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Սյունիքի մարզում բավական լուրջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել՝ աղտոտված ջրերը պոչամբարից հոսել են դեպի Ողջի գետ։ Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այսօր առավոտյան մարզպետը զանգել ու ներկայացրել է հետևյալ իրավիճակը՝ Ողջի գետի գույնը փոխված է, դարչնագույն է։ «Հնարավոր բոլոր միջոցները մոբիլիզացվել են, բոլոր կառույցների ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր»,- ասաց Պապիկյանը։

Վարչապետը հարցրեց՝ ո՞ր ընկերության պոչամբարի մասին է խոսքը։ Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Այս պահին չեմ կարող ասել, տարածքը ցույց է տալիս, որ կարող է լինել Պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը, եթե չեմ սխալվում, դա պետք է լինի Քաջարանը»։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ ասաց, որ տեսչական մարմնի ներկայացուցիչներն առավոտյան այնտեղ են եղել, փորձանմուշներ են վերցրել, նաև ուժային կառույցների ներկայացուցիչներն են այնտեղ։

«Եթե նշված տարածքը ավելի վերևի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այդ վերևի մասից է, ոչ թե կեսից։ Իսկ կեսից հնարավոր է նաև Կապանի նախկին Կավարտի հանքից որոշակի արտահոսքեր լինեն։ Ընդամենը մեկ-երկու ժամվա ընթացքում մեզ կներկայացնեն, մենք էլ ձեզ կներկայացնենք»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։ «Այստեղ ներս մտնելուցս առաջ տեղեկացա, որ այնտեղ կա վնասված խողովակի հատված, որտեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվում։ Նախնական հնարավոր է այդտեղից է հոսքը»,- ասաց նա։ Դեպքի վայրում մասնագետների գործողություններից հետո, ըստ դատախազի, կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...