Nazarbaev

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարդ Տոկաեւը ընդլայնել է անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները: Նոր լիազորությամբ Նազարբաեւը ստանում է կադրային քաղաքականությունը որոշելու իրավասություն:

Մասնավորապես, բացառությամբ պաշտպանության, արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարների, մյուս բոլոր նախարարների նշանակումը պետք է իրականացվի Անվտանգության խորհրդի նախագահի համաձայնությամբ: Միեւնույն ժամանակ, ԱԽ նախագահ Նազարբաեւը իրավունք է ստանում նաեւ ակիմների՝ քաղաքապետերի եւ տեղական իշխանության այլ ղեկավարների նշանակման հարցում:

Ղազախստանում 30 տարի իշխանության եղած եւ փաստացի հետխորհրդային հանրապետությունից Ղազախստան պետություն կերտելու ջանք գործադրող Նազարբաեւը, որն ընդհուպ փոխում էր այբուբենն ու լատինատառ այբուբեն կիրառելու որոշում կայացնում՝ ղազախական պետական ինքնություն ձեւավորելու ճանապարհին, նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Եվրասիական տարածությունում էապես նոր իրավիճակ ստեղծող Հայաստանի թավշյա հեղափոխությունից մոտ մեկ տարի անց՝ 2019-ի մարտին:

Ի դեպ, այդ իմաստով խիստ հատկանշական է եւ այն, որ ընդամենը երկու ամիս անց Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը Նազարբաեւը արել էր հայտարարություններ, որոնք թողնում էին քաղաքական խոստովանության տպավորություն. «Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Հունիսի 20-ին կլրանար իմ՝ Ղազախստանի ղեկավար լինելու երեսուն տարին: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր», ասել էր Նազարբաեւը Նիկոլ Փաշինյանին:

Այժմ, Նազարբաեւը վերադառնում է, համենայն դեպս ԱԽ քարտուղարի կարգավիճակում նրա լիազորությունների ընդլայնման առումով: Իհարկե առանցքային՝ պաշտպանության, արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարական կադրային որոշումներում նրան չի տրվում որոշիչ ձայն, սակայն մնացյալ առումով նախկին նախագահը փաստորեն ստանում է կադրային որոշումների վճռորոշ լիազորություն:

Ինչո՞վ է դա պայմանավորված: Պետք է ենթադրել, որ այդ լայն լիազորության ստանձնումը պայմանավորված է բավականին կարեւոր հանգամանքների առկայությամբ: Այդ տեսանկյունից, Նազարբաեւին այդ լիազորությամբ օժտելու նախագահ Տոկաեւի որոշումը հատկանշական է նախորդ շաբաթ Թյուրքալեզու պետությունների Բաքվում տեղի ունեցած Վեհաժողովի ֆոնին: Հատկապես որ դրան Ղազախստանից մասնակցում էր հենց Նազարբաեւը, ոչ թե նախագահ Տոկաեւը:

Վեհաժողովը տեղի էր ունենում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմարշավի ֆոնին, ինչը հիմք է տալիս ենթադրության, որ Էրդողանի քաղաքական խնդիրն այդ Վեհաժողովում լինելու էր թյուրքալեզու պետություններին այսպես ասած սեփական ակոսի մեջ խցկելը: Դրա մասին էին վկայում նաեւ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «մեկ ազգ՝ վեց պետություն» տրամաբանության ներքո:

Հատկանշական է, որ Բաքվի Վեհաժողովից մի քանի օր անց տարօրինակ բաներ տեղի ունեցան Բաքվում, որտեղ Ալիեւը չափազանց կոշտ արձագանքեց ընդդիմության նախապես արտոնված հանրահավաքի փորձին, կիրառելով ուժ, կատարելով բռնություններ:

Եվ ահա, Ղազախստանում էլ տեղի է ունենում հեռացած նախագահ, ԱԽ քարտուղար Նազարբաեւի լիազորությունների ընդլայնում: Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում, որ Ալիեւը նյարդային արձագանք է տվել ընդդիմության հանրահավաքին, իսկ Նազարբաեւը որոշել է «վերադառնալ»՝ առնվազն կադրային քաղաքականության առումով: Դա ակնհայտորեն պաշտպանական ռեակցիա է:

Ի՞նչ հարցում լեզու չեն գտել թյուրքալեզու պետությունները Բաքվում, որ Վեհաժողովից հետո տեղի է ունենում պաշտպանական սուր ռեակցիայի յուրօրինակ դրսեւորումներ Բաքվում, Աստանայում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...