Վազգեն Մանուկյանն ո՞վ է, իսկ ՀԽ-ն ոչինչ չի անի նոր իշխանության կամ հեղափոխության հետ

Vazgen Manukyan

Վարչապետ Փաշինյանին հղած պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու առնչությամբ, առաջացրել է հնչեղ քննարկումներ:

Այստեղ էական դեր ունի և Վազգեն Մանուկյանի վարքագիծը, որը լինելով փաստորեն կառավարության ղեկավարի որոշումով ձևավորվող և նշանակվող կառույցի ղեկավար՝ վարչապետի նշանակած պաշտոնյա, սուր քննադատություն է հղում կառավարության, վարչապետի քաղաքականության հասցեին: Սակայն հանրությունը թերևս պետք է որոշի՝ արդյոք խնդիրը Վազգեն Մանուկյա՞նն է, թե՞ խորքային առումով այն ավելի լայն է և պետք է ընդհանրապես հասկանալ, թե ինչ է Հանրային խորհուրդը: Որովհետև խոսքը հարկատուների հաշվին գործելիք կառույցի մասին է, ըստ այդմ՝ համարելով, որ իշխանությանը քննադատող նրա ղեկավարը հեռացվում է, և գալիս է չքննադատող ղեկավար, արդյո՞ք հանրությունն ընդամենը ինքն իրեն չի խաբի՝ Հանրային խորհրդի խնդիրը համարելով լուծված:

Վերջին հաշվով, Վազգեն Մանուկյանն իր սուր քննադատությամբ ինչո՞վ է վնասում վարչապետին կամ կառավարությանը, որն ունի մոտ 70 տոկոս վստահություն: Գործնականում՝ ոչնչով: Ըստ այդմ, լայն առումով քննարկումների օրակարգում պետք է լինի թերևս Հանրային խորհրդի հարցը, և հանրությունը պետք է հասկանա՝ իրեն Հանրային խորհուրդ պե՞տք է, և ինչի՞ համար է պետք: Եթե պետք է Հանրային խորհուրդ, որը պետք է ծափ տա կառավարությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարկատուների փողը ծախսել այդ ծափի վրա: Եթե Հանրային խորհուրդ պետք է, որ այլընտրանքային կարծիք, մոտեցում ներկայացնի կառավարությանը, գեներացնի, հարթակ ստեղծի հանրային ամենաբազմազան մոտեցումների համար, արդյունքում՝ կառավարության համար խորհրդակցական մակարդակով ապահովելով այլընտրանքային կարծիք, ապա այդ դեպքում հասարակությունը պետք է նաև պատկերացնի, որ դա ենթադրելու է նաև քննադատություն կառավարությանը, և լեգիտիմ կառավարությունը չունի դրանից վախենալու որևէ պատճառ:

Միևնույն ժամանակ, մենք պետք է հաշվի առնենք նաև հեղափոխական իրավիճակն ու մթնոլորտը, որում գործնականում հենց խորքից օբյեկտիվորեն կաթվածահար են լինում հանրային-քաղաքական մի շարք ինստիտուցիոնալ հասկացություններ, անգամ քաղաքական ընդդիմություն հասկացությունը: Ըստ այդմ, հասարակական քննարկումների հիմքում Հանրային խորհուրդը պետք է չափվի ոչ թե այսօրվա իրականության պրիզմայով, այլ հանրության և էլիտաների քաղաքական ռազմավարական պատկերացումների, թե ընդհանրապես ինչպիսի քաղաքական համակարգ և ինստիտուցիա ենք մենք պատկերացնում ռազմավարական հեռանկարի համար, որպեսզի, ըստ այդմ, հասկանալի լինի՝ դրանում մեզ Հանրային խորհուրդ պետք է, թե ոչ, պետք է հարկատուների՞ հաշվին, թե՞ այլ կազմակերպական ձևով, ինչի համար է պետք և այլն: ՀԽ-ն կառույց է, որը նախկին իշխող համակարգը ձևավորեց, իսկ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությամբ կարգավորեց իր խնդիրների և պատկերացումների տիրույթում: Նախ պետք է ձևավորել նոր իրավիճակի, նոր էլիտաների լայն և միաժամանակ բավականին հստակեցված պատկերացումների շրջանակը Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերաբերյալ, դրանից հետո հասկանալու համար, թե ինչ անել ՀԽ հետ: Իսկ մինչ այդ պետք չէ տագնապել, ՀԽ-ն ոչինչ չի անի նոր իշխանության կամ հեղափոխության հետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments