Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել մերժել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախաձեռնությունը: Ասել, թե որոշումը սպասելի էր, կնշանակի չասել ոչինչ:

Միևնույն ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը թերևս պետք է ասի, թե ինչ էր մտածում այդ նախաձեռնությունն իրականացնելիս, ինչ էին մտածում դրան 98 կողմ քվեարկողները:

Բանն այն չէ, որ ցանկացած նախաձեռնություն պետք է տեղի ունենա միայն 100 տոկոս վստահելիության պայմաններում և եթե կա չիրականացվելու գեթ մեկ տոկոս ռիսկ, չպետք է անել ոչինչ: Քավ լիցի: Բայց խնդիրն այն է, որ այստեղ գործ ունենք շատ կոնկրետ քաղաքական համատեքստ ունեցող իրավիճակի հետ, և ըստ այդմ ստացվում է, որ մեծամասնությունը գնացել է մի քայլի, որի անհաջողության ռիսկը մեծ էր, և միաժամանակ մեծ է դրա քաղաքական, այսպես ասած, հոգեբանական հետևանքը:

Հոգեբանական հետևանքը, եթե ոչ այդ նույն մեծամասնության, ապա գոնե հանրության վրա, որը թավշյա հեղափոխությանը հաղթելուց մեկուկես տարի անց չի կարողանում փաստորեն մի Հրայր Թովմասյանի հարց լուծել: Խնդիրն այն չէ, որ Հրայր Թովմասյանից է կախված Հայաստանի լինել-չլինելը: Խնդիրն այն է, որ, եթե չկա այդ նուրբ քաղաքական հարցը լուծելու երաշխիք, ապա պետք չէ անել նախաձեռնություններ, որոնք չլինելու դեպքում հանրությանը, ըստ էության ավելի քիչ հոգեբանական վնաս կհասցվի, քան լինելու, բայց չհաջողելու դեպքում: Մյուս կողմից կա նաև որոշակի քաղաքական հետևանք իշխող մեծամասնության համար, որովհետև պարզվում է, որ այս դեպքում Հրայր Թովմասյանը, իսկ ի դեմս նրա նաև նախկին իշխող համակարգը հասան քաղաքական հաջողության և ավելի ամրացրին դիրքը Սահմանադրական դատարանում:

Ունի՞ կառավարող ուժը պլան Բ: ԱԺ նախագահը հավաստիացնում էր, որ դրանք կան: Իշխանությանը որոշակի պլան Բ առաջարկել է նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ կապված Հրայր Թովմասյանի ԱԺ-ից ՍԴ անցման օրինականության հետ, և նաև մամուլը՝ Թովմասյանի գույքի հայտարարագրման հետ կապված, որի վերաբերյալ հրապարակումները ստուգելու մասին հայտարարել է դատախազությունը: Ինչպիսի՞ն կլինեն այդ քայլերը իրենց ուժով և ազդեցությամբ, կգնա՞ իշխանությունը դրանց, թե՞ կփորձի անել «հեղինակային» քայլեր: Առայժմ շատ դժվար է ասել, սակայն ակնառու է, որ կատարվել է քայլ, որն ավարտվել է ոչ թե պարզապես անհաջողությամբ, այլ գրեթե տապալումով, և իշխանությունն այս իրավիճակում ունի առավել քան համոզիչ բացատրությունների և նույնիսկ ռեաբիլիտացիայի անհրաժեշտություն: Սրան զուգահեռ, իր հերթին, իհարկե, առկա իրավիճակը հերթական անգամ նշմարում է նաև հարցը, թե խնդրի վերաբերյալ ինչպիսին են տրամադրություններն իշխող ուժի ներսում, և ինչ փոփոխության կարող է բերել այդ ներքին իրավիճակը ՍԴ մերժման որոշումը:

Այսինքն՝ մեծամասնության համար պլանի՞, թե՞ ընդհանրապես մարտավարության ու մեթոդաբանության փոփոխության հարց կարող է առաջանալ: ՍԴ-ն գնդակը վերադարձրել է իշխանության դաշտ, բայց մեծամասնությունն ըստ երևույթին պետք է փոխի մարզաձևը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...