Vitali Balasanyan

Արցախի ազգային հերոս, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսն ու հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել։

Թեև Արցախի Հանրապետության պաշտոնական շրջանակներից նախկինում էլ արձագանքել են, որ Վիտալի Բալասանյանը մասնավոր կարծիք է հայտնում, որը կապ չունի իրենց պաշտոնական դիրքորոշման հետ, սակայն հնչում են նաև կարծիքներ Հայաստանի և Արցախի իշխանությունների՝ ոչ այնքան բարվոք հարաբերությունների մասին։

ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ Վիտալի Բալասանյանը տգեղ վարքագիծ է դրսևորում, որն արժանի է արհամարհանքի։

«Ես չեմ կարծում, թե ինքը հասարակական աջակցություն ունի»,- ասաց նա։

Հարցին, թե չկա՞ն Արցախի խնդրի շուրջ մտահոգություններ, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց․ «Արցախի խնդրի շուրջ մտահոգությունները կան երեսուն տարի։ Չլուծված հարց է, մտահոգություններ միշտ կլինեն։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կան պրոբլեմներ, հանդիպում են, խոսում։ Եթե Վիտալի Բալասանյանն իրեն անհավասարակշիռ է պահում, ի՞նչ կապ ունի դա Արցախի իշխանությունների հետ։ Իսկ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև անհանգստանալու աստիճանի հակասություններ չկան։ Միշտ էլ եղել են տարբեր կարծիքներ, և լավ է, որ այդպես է։ Բայց կարծիքները պետք է հնչեցվեն չափավորության, կոռեկտության, գործին օգտակար լինելու շարժառիթներով»։

Միաժամանակ Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ Վիտալի Բալասանյանի պահվածքը պայմանավորված է Արցախում գալիք տարի սպասվող նախագահի ընտրություններով։

Քաղաքագետ Սարո Սարոյանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունների պատճառը տեսնում է գաղափարական դաշտում։

«Վիտալի Բալասանյանն իսկապես հավատացած է, որ Հայաստանի ներկա կառավարությունը ազգադավ է, Ղարաբաղի հարցում ունի պարտվողական դիրքորոշում, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի ժառանգորդն է, Ալիևի հետ մութ գործարքների մեջ է։ Խնդիրն այն է, թե որտեղից են այդ գործչի մեջ ձևավորվել նման համոզմունքները և պատկերացումները։ Հասկանալի է, որ Վիտալի Բալասանյանը գտնվում է որոշակի գաղափարական ազդեցության տակ։ Այդ շրջանակները գալիս են թե՛ նախկին վարչախմբից, թե՛ ունեն նաև արտաքին հովանավորներ։ Եվ եթե անցած ամիսների ընթացքում այդ մարդկանց «ուղեղները լվացել» են, ապա դա նշանակում է, որ մեր կառավարությունն այնպես չի աշխատել, որ նման կարկառուն ռազմական գործիչները չտրվեին քաղաքական տարբեր քամիների։ Հիմա պատկերացրեք, թե շարքային քաղաքացիների ուղեղներն ինչ կերպ կարող են լվանալ։ Մենք տեսնում ենք, թե հանրային, քաղաքական դաշտում այդ շրջանակներն ինչ ձևով են գործում, ինչպես են ուզում քաղաքական գործընթացներ ձևավորել, նենգափոխել իրական գործընթացները և ներկայացնել այլ լույսի ներքո։ Վիտալի Բալասանյանն իրոք ինչ-որ շրջանակների կողմից քաղաքական, ռազմաքաղաքական ազդեցության տակ է։ Իրեն ինչ-որ փաստարկներ են ներկայացրել, նա էլ հավատացել է դրանց»,- ասաց քաղաքագետը։

Սարո Սարոյանը հիշեցնում է, թե ինչպես էին ամիսներ շարունակ ինչ-որ շրջանակներ թմբկահարում այն միտքը, որ հունիս-հուլիս ամիսներին Ղարաբաղը կհանձնեն Ադրբեջանին, մարդիկ էլ կային, որոնք հավատում էին, որ Հայաստանի իշխանությունները կարող են գնալ նման զիջումների։

«Այդ մարդիկ կարողանում էին ինտրիգներ գտնել, «վերելակային դիվանագիտություն» խաղացնել, գիտենք Դավիթ Շահնազարյանին, Գառնիկ Իսագուլյանին, թե անցած ամիսների ընթացքում ինչեր էին խոսում։ Եվ հիմա պարզվում է, որ կգտնվեն նույնիսկ ռազմական գործիչներ, որոնք կընկնեն այդ ազդեցության տակ»,- ասաց Սարո Սարոյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...