Vitali Balasanyan

Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ին ասուլիս է տվել Ստեփանակերտում և արել հայտարարություններ, որոնք ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում են թերևս մի առումով՝ Վիտալի Բալասանյանը կորցրել է իրականության, ժամանակի և տարածության հետ կապը, և այդ կապի կորուստը հնարավոր է՝ փորձում են ժամանակի և տարածության մեջ իրենց անձնական կամ խմբային խնդիրները լուծելու համար օգտագործել ինչ-որ մարդիկ:

Թե ովքեր են այդ մարդիկ՝ թերևս պետք է պարզեն ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները, որովհետև Վիտալի Բալասանյանը արել է հայտարարություններ, որոնք այսպես թե այնպես պետք է լինեն աչալուրջ և մանրակրկիտ ուսումնասիրության առարկա:

Բալասանյանը, այսպես ասած, հակաարցախյան, հակահայկական ծրագրերի համար դարձյալ մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նա պատրաստվում է «հող հանձնել» և նման բաներ, փչացնել հայ-ռուսական հարաբերությունը, ամերիկյան զորք բերել Իրանի հետ սահման՝ կնշանակի փչացնել հայ-իրանական հարաբերությունը, ու այդպես շարունակ, մինչև Հայաստանի կործանում:

Այդպիսով, ազգային անվտանգության կառույցներն առնվազն պետք է փորձեն հասկանալ, թե Բալասանյանի նկարագրած այդ սպառնալիքները որքանո՞վ են իրական, ի՞նչ տեղեկությունների, ի՞նչ տեղեկատվության վրա են դրանք կառուցված, ովքե՞ր են տեղեկատվության աղբյուրները: Եթե ներկայացվող սպառնալիքները ունեն շատ թե քիչ իրատեսականություն, ապա ազգային անվտանգության ծառայության կառույցները պետք է որպես թանկարժեք վկա հատուկ պաշտպանության տակ առնեն Վիտալի Բալասանյանին և նաև քայլեր ձեռնարկեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ՝ կանխելու համար այն սպառնալիքն ու աղետը, որ նկարագրում է Բալասանյանը: Եթե Վիտալի Բալասանյանը չի ներկայացնում իր նկարագրած սպառնալիքները և դավադիր ծրագրերը հիմնավորող շատ թե քիչ տրամաբանական փաստարկ և տեղեկատվության աղբյուր, ապա այս դեպքում ազգային անվտանգության կառույցները ուղղակի պետք է հանրությունից մեկուսացնեն Վիտալի Բալասանյանին՝ Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության և Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության դեմ քայքայիչ գործունեություն ծավալելու համար:

Խնդիրը բոլորովին այն չէ, որ Բալասանյանն իրավունք չունի քննադատելու և ընդդիմախոսելու Հայաստանի իշխանությանը: Բայց Բալասանյանը վաղուց անցել է ընդդիմախոսության և անգամ կոշտ քննադատության սահմանը: Վիտալի Բալասանյանն արդեն պարզապես հանրային քայքայիչ գործունեության դիրքում է, գուցե իր համար էլ աննկատ: Ըստ այդմ՝ կա՛մ պետք է նրա ուշադրությունը հրավիրել այդ վտանգավոր դիրքի վրա ու օգնել վերադառնալ ելման դիրք, որտեղ թեկուզ կարող է զբաղվել և իհարկե իրավունք ունի զբաղվելու ամենակոշտ ընդդիմադիր գործունեությամբ, կա՛մ Բալասանյանը պետք է արդեն պատասխան տա քայքայիչ բնույթի գործունեության համար: Կա՛մ դրա համար պետք է պատասխան տան մարդիկ, ովքեր գուցե օգտագործում են Վիտալի Բալասանյանի զինվորական կենսագրությունն ու նաև ապաքաղաքական մտածողությունը, խաղում նրա զգայական կողմերի վրա և դրանով իսկ խաղում պետության, հայկական երկու պետությունների անվտանգության հետ:

Այսպես թե այնպես՝ իրավիճակն այլևս պահանջում է արձագանք հենց ազգային անվտանգության սպառնալիքի գնահատման մակարդակում և ուրեմն՝ այդ մակարդակին համարժեքությամբ: Որովհետև Վիտալի Բալասանյանը կա՛մ ազդարարում է այդ սպառնալիքի մասին, կա՛մ ստեղծում է այդ սպառնալիքը: Երկու դեպքում էլ խնդիրն այլևս դուրս է լոկ ներքաղաքական իրողությունների համատեքստից, և պետք չէ բացառել անգամ, որ նրա միջոցով արտաքին որոշակի ուժեր զոնդաժի են ենթարկում թե՛ Հայաստանի ու Արցախի պետական կառավարման համակարգերն ու քաղաքական սուբյեկտներին և թե՛ հասարակություններին:

Մյուս տարբերակն իհարկե պարզապես իրավիճակի և Բալասանյանի գործունեության անլրջությունն է: Այդ դեպքում էլ իհարկե հանրության համար պետք է համոզիչ լինի, եթե ազգային անվտանգության կառույցները նման իրավիճակներում առաջնորդվում են անլրջության, ոչ թե լրջության կանխավարկածով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...