Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Վրաստանի նոր վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնական այցը Հայաստան և բարձր մակարդակի հանդիպումները Երևանում:

Համատեղ հանդիպումից հետո Հայաստանի ու Վրաստանի վարչապետներ Փաշինյանն ու Գախարիան հայտարարել են երկկողմ հարաբերության խորացման հեռանկարի, առկա ներուժի մասին: Հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը հասարակական ուշադրության տեսանկյունից անշուշտ մնացել է ներքին իրողությունների ստվերում: Միևնույն ժամանակ, հայ-վրացական հարաբերության կարևորության մասին խոսելը, թերևս, ավելորդ է, հատկապես այն ռեգիոնալ իրողությունների պայմաններում, որ ծավալվում են Կովկասում ու Մերձավոր Արևելքում: Հայ-վրացական բարձր մակարդակի երևանյան հանդիպումը տեղի էր ունենում Բաքվում Թյուրքալեզու պետությունների ղեկավարների հավաքին զուգահեռ: Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը ռեգիոնի Թյուրքալեզու երկու պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունի բարիդրացիական հարաբերություն, երկկողմ քաղաքական ու տնտեսական գործակցություն: Բայց եթե Թբիլիսիի վերաբերմունքն այդ երկու երկրների հանդեպ որոշակիորեն տարբերվում է Հայաստանի վերաբերմունքից՝ ի դեպ նկատենք, որ Հայաստանի միանգամայն օբյեկտիվ և պատճառաբանված վերաբերմունքից, ապա Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերմունքը Թբիլիսիի հանդեպ, խոշոր հաշվով, գրեթե չի տարբերվում կամ շատ քիչ է տարբերվում Երևանի հանդեպ նրանց վերաբերմունքից:

Եվ այդ իմաստով, Վրաստանը Հայաստանից հետո Անկարայի ու Բաքվի համար ևս մի ռեգիոնալ կետ, տիրույթ, տարածություն է, որն ընկած է թյուրքական մեծ ռազմավարության ճանապարհին: Ինչպես լուծել այդ տարածությունների հարցը, գուցե Անկարան ու Բաքուն ունեն տարբեր պատկերացումներ մեթոդներ, սցենարներ, սակայն անկասկած է, որ նրանք ունեն մեկ նպատակակետ կամ ռազմավարական ուղենիշ՝ որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը պետք է լինեն թուրքական ազդեցության գոտի: Այլ հարց է, թե նրանք որքանով են ունակ իրագործել, իրականություն դարձնել այդ ռազմավարական նպատակները կամ պանթուրքիստական հավակնությունները: Սիրիայում Թուրքիայի պահվածքը վկայում է, որ, համենայնդեպս, առաջին իսկ հնարավորությունն օգտագործելու հաստատակամության հարցում Անկարան չի թողնում կասկածի տեղ և, եթե հակված է որևէ պայմանավորվածության, ապա գերազանցապես թելադրող դիրքից: Այն, որ Հայաստանում կա այդ խորքային խնդիրների գիտակցումը՝ ընդհուպ բնազդի, ենթագիտակցության, ինտուիցիայի մակարդակում և այդ ամենը դրված է մեր տառապանքի մեծ փորձով, անկասկած է:

Կա՞ այդ ամենի գիտակցումը Վրաստանում, կամ՝ դրա առկայության պարագայում ինչպիսի՞ պատկերացումներ կան խորքային ռազմավարական այդ վտանգները կանխարգելելու ուղիների հարցում: Սա մեծ հարց է: Համենայնդեպս այն, որ Թբիլիսին ամենևին մտադիր չէ կասկածի տակ դնել Անկարայի ու Բաքվի հետ բարիդրացիական հարաբերությունը, աներկբա է: Մյուս կողմից, սակայն, ամենևին պետք չէ կասկածի տակ դնել այդ հարաբերությունը: Խնդիրն այն է, թե արդյոք Թբիլիսին պատրա՞ստ է Երևանի հետ հարաբերությունը ռազմավարական տրամաբանությամբ խորացնելուն: Հայաստանը հայտարարում է, որ Վրաստանի հետ հարաբերությունն ունի առանձնահատուկ նշանակություն, իսկ ահա պաշտոնական Թբիլիսին այդպիսի բնորոշումներ կարծես թե չունի:

Առերևույթ թվում է, որ, ի տարբերություն Երևանի, Թբիլիսին հաղորդակցային առումով կախված չէ Հայաստանից: Սակայն հենց այստեղ է, որ առկա է գնահատումների խորքայնության խնդիրը, որտեղ Վրաստանը Հայաստանի հետ հարաբերությունն ակնհայտորեն չի դադարում խորքային ռեժիմում դիտարկել ռուսական սպառնալիքի կամ հավակնության, ռուսական ազդեցության պրիզմայով, չնայած Երևանի հավաստիացումներին, որ երկկողմ հարաբերությունը պետք է դուրս լինի երրորդ երկրի ազդեցությունից, ու Հայաստանը պատրաստ է դրան: Համենայնդեպս, Գախարիայի երևանյան այցի շրջանակում Վրաստանի նոր վարչապետի հռետորաբանությունը բավականին զուսպ էր: Արդյոք դա գալիս էր նրա նախկին կարգավիճակի՞ց՝ ներքին գործերի նախարար, և Գախարիան դեռևս չի մտել վարչապետի կարգավիճակից բխող քաղաքական ընկալումների և չափումների դաշտ, թե՞ նա Բաքու կատարած ազդեցության տակ էր, որը տեղի էր ունեցել օրերս և ինչից հետո Գախարիան հայտարարել էր, որ վրաց-ադրբեջանական բարեկամությունը կասկածի տակ չէ, ու այդ մասին թող իմանան Վրաստանի թե՛ բարեկամները, թե՛ թշնամիները: Հռետորական մակարդակում այդ հայտարարությունը գուցե հասկանալի է, բայց իրական քաղաքականության ռեժիմում կասկածի տակ չէ լոկ այն, որ Վրաստանին բարեկամ լինելու իրական շարժառիթ ունեցող միակ սուբյեկտը, ռեգիոնալ առումով, Հայաստանն է, ու Հայաստանի հետ բարեկամությունն է, որ Վրաստանի անվտանգության ռազմավարական հեռանկարի տեսանկյունից Թբիլիսիի համար չպետք է լինի որևէ այլ կողմի հետ սակարկության կամ ստորադասման առարկա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...