aac

Մամուլի լրահոսում այս օրերին քննարկվում է երկու աղմկոտ իրադարձություն: ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տուն, ըստ նրա պատմածի՝ հետաքրքրվել, թե ինչ միջոցներով է վերանորոգել տան տանիքը: Այսօր Հրայր Թովմասյանը հրավիրվել է ԱԱԾ:

Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձությունները հասել են նրա ընտանիքի անդամներին: ՍԴ-ում նրա պաշտոնանկության հայցի մերժումից հետո քրեական գործ է հարուցվել նրա դեմ, ըստ ամենայնի՝ իրավապահները մտադիր են «ներգրավել» նաեւ նրա ընտանիքի անդամներին:

Երեկ առավոտյան, ըստ ԶԼՄ-ների, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Նաեւ պարտադրել են գրել, թե «ով է իր տանիքը», ում է տվել շորթած գումարները:

ԶԼՄ-ները գրում են, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Կարենին, ըստ ԶԼՄ-ների, ստիպել են ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ:

Այսպիսով, իրավապահները «տանիք» գործողություն են իրականացրել Հրայր Թովմասյանի ու Արթուր Վանեցյանի դեմ: Կապ ունե՞ն այս գործերը միմյանց հետ, իհարկե ոչ թե անմիջական, այլ առավել լայն իմաստով: Ի՞նչ «տանիք» են փնտրում իրավապահները:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...