Տարօրինակ իրավիճակ Կոնգրեսում հայկական բանաձեւի քվեարկությունից հետո

- in Հրապարակ
usa-spitak-tun

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայերի ցեղասպանության բանաձեւի քվեարկությունից հետո, որն արժանացավ գրեթե 90 տոկոս կողմ ձայնի, Հայաստանում այդ փաստի առնչությամբ ոգեւորությունից բացի, սկսեց դրսեւորվել նաեւ «սթափության» ալիք:

Դատելով այդ ալիքի վրա արվող մեկնաբանությունների մի զգալի մասից, եթե որոշ մարդիկ կամ շրջանակներ լինեին Հայաստանում իշխանության, ապա կամ ԱՄՆ-ից պահանջելու էին ներողություն խնդրել հայկական բանաձեւի համար՝ որ այն խաղարկում են Թուրքիայի դեմ, կամ հայտարարելու էին ծանր կամ փորձության պահին Թուրքիային սատարելու մասին: Կամ՝ երկուսը միասին:

ԱՄՆ Կոնգրեսի քվեարկությունը փաստացի Հայաստանում բացահայտել է Թուրքիայի ակամա դաշնակիցների մի զգալի շրջանակ: Խոսքն իհարկե ոչ թե կոնկրետ անձերի կամ խմբերի դաշնակցության՝ քավ լիցի, այլ երեւույթի, մտածողության, պատկերացումների մասին է:

Այստեղ առաջնորդող մոտիվներն իհարկե ամենատարբեր են: Մի մասը, օրինակ, Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը ողջունելու, հրավառություն կազմակերպելու համար միմայանց հերթ չէին տա, եթե դա տեղի ունեցած լիներ նախկին իշխանության շրջանում: Քենը նստած է այնքան խորը, որ անգամ հայության եւ հայկական պետականության համար կարեւոր քաղաքական փաստը նրանք դիտարկում են նոր իշխանության օգտին գրվող միավոր ու ցանկանում են սեւացնել այդ միավորը:

Մինչդեռ, նոր իշխանության վաստակն այդ քվեարկության հարցում եթե անգամ կա, ապա թերեւս շատ ստանդարտ շրջանակում, որ կարող էր ունենալ նաեւ նախկին իշխանությունն իր ժամանակ: Բայց, եթե անգամ կա այդ միավորը, միթե կա քենի այնքան ուժ, կամ այնքան ոխ, որ հայության համար նշանակալի փաստը ստորադասվում է անձնական կամ խմբային այդ զգացումներին:

Մեկ այլ մասի համար անթույլատրելի է ԱՄՆ հանդեպ հայ հանրության որեւէ ջերմ մոտեցում, տարբեր շարժառիթներով, նաեւ տարբեր պատվիրատուների բերումով:

Կա մտածողության եւ հոգեբանության լուրջ խնդիր, որը զոհի չհաղթահարված բարդույթի շատ կոնկրետ եւ խորը մետաստազ է՝ «աշխարհը մեզ օգտագործում» է:

Իրականում, աշխարհը չի թողնում, որ մենք ժանգոտենք, որովհետեւ, եթե աշխարհը մեզ չօգտագործի, մենք ինքներս մեզ ի՞նչ ենք անում եւ ինչ կարող ենք անել: Կարող ենք իհարկե հարյուրամյակներ անց մեր բացառիկ ռազմա-քաղաքական հաղթանակը հրադադարի հաջորդ պահից իսկ դնել բանակցային սակարկության, մտածելով ու ասելով, թե հակառակ դեպքում «աշխարհը չի հասկանա, աշխարհը կպատժի»: Դա իհարկե կարող ենք, մինչեւ ստանում ենք նոր պատերազմ, որովհետեւ սեփական հաղթանակը սակարկության դնող ժողովուրդը, պետությունը այլ բան ստանալ չի կարող, այդպես է աշխարհը:

Իհարկե, քվեարկությունը հայ ժողովրդի հանդեպ սիրո խոստովանություն չէ: Իսկ ո՞վ է ասել, որ այդպես է: Որեւէ մեկի մոտ կա՞ պատրանք, որ հայ ժողովուրդը դա ընդունել է իբրեւ սիրո խոստովանություն: Ավելին, հայ ժողովուրդը ընդունում է համարժեք, եւ խնդիրն այն է, թե ինչպես են ընդունում կամ ժողովրդին ընդունել տալիս հայ զանազան էլիտաները կամ այդպիսի հավակնություն ունեցողները:

Աշխարհը ապրում է իր կանոններով, որտեղ, այո, կա շահերի լրջագույն պայքար: Այդ պայքարում աշխարհը սպասում է մեզ, փորձելով հասկանալ, թե հանրային-քաղաքական ինչ ներուժի հետ գործ ունի, ինչ որակի, ինչ ընդունակության էլիտաների հետ, վախվորած դավադրապաշտությունից կամ կոնյուկտուրային պատեհապաշտությունից բացի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments