Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ բացառում է ապրիլյան քառօրյա պատերազմի դավադիր լինելու հանգամանքը:

Դավիթ Տոնոյանը ապրիլյան քառօրյայի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, որը գործնականում այդ օրերին կատարում էր նաև արտաքին գործերի նախարարի գործառույթ: Արտգործնախարար Նալբանդյանին այդ օրերին նույնիսկ Հայաստանի հանրությունն էր փնտրում, իսկ Հայաստանում հավատարմագրված դեսպանները ավելի շատ շփվում էին ՊՆ-ի, քան արտգործնախարարության հետ:

Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ կասկածներ հանրության մեջ առաջացել են դրան հաջորդած օրերին էլ՝ տեղեկատվական ամենատարբեր հոսքերի բերումով, որոնց մի զգալի մասն անշուշտ եղել է զուտ մանիպուլյատիվ, հետո ենթարկվել քաղաքական տարաբնույթ գեներացիայի, միաժամանակ դեր է խաղացել հանրության մեդիագրագիտության ցածր մակարդակը, և ձևավորվել է որոշակի կասկածի մթնոլորտ՝ հաշվի առնելով նաև իշխանության լեգիտիմության բացակայությունը:

Այդ ամենը որոշակիորեն մարեց հետագա շրջանում, սակայն ակտիվ ուշադրության նոր ալիք եղավ այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովը ներկայումս հարցեր է տալիս տարբեր զինվորականների՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել առաջնագծում: Օրերս հրավեր էր եղել նաև վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին, որը ապրիլյանի օրերին հետախուզության պետն էր, շաբաթներ անց Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց, իսկ ամիսներ անց էլ նույն Սարգսյանը նշանակեց Մոսկվայում Հայաստանի դեսպանության ռազմական պատասխանատու: Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում նրան նշանակեց գլխավոր խորհրդական՝ ասելով, թե հարյուրավոր գաղտնի էջեր է ընթերցել ապրիլյանի մասին, սակայն չի եղել որևէ դրվագ, որտեղ երևում է հետախուզության բացթողում, հետախուզական տվյալի բացակայության մասին արձանագրում:

Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանների վերաբերյալ հայտնի ելույթում, որը հաջորդել էր Ռոբերտ Քոչարյանին Արցախի երկու՝ գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ ազատ արձակելու դատական ակտին: Ինչո՞ւ հենց այդ պահին Նիկոլ Փաշինյանը դատարանների թեմային միացրեց ապրիլյան քառօրյայի հանգամանքները՝ հնարավոր է միայն ենթադրել: Սակայն դա վկայում է, որ գործնականում երկու թեմաները քաղաքական իմաստով շատ ավելի լայն գործընթացի դրվագներ կամ գործիքներ են, քան ընդունված է իրավիճակը դիտարկել զուտ Ռոբերտ Քոչարյանի կամ մարտիմեկյան գործի համատեքստում:

Այս տեսանկյունից որոշակիորեն հետաքրքրություն է առաջացնում հարցը, թե արդյոք ապրիլյան հանձնաժողովը հրավիրելու և հարցե՞ր է տալու Սերժ Սարգսյանին, և նա գալո՞ւ է, իսկ չգալու դեպքում ի՞նչ մեկնաբանությամբ կամ պարզաբանմամբ է հրաժարվելու:

Այդ շրջանակում էլ պաշտպանության նախարար Տոնոյանի հայտարարությունը վկայում է, որ խնդիրը իրականում լայն քաղաքական է և գտնվում է ոչ թե դավադրության, այլ թերևս դիմակայության տիրույթում, ըստ այդմ՝ կա քաղաքական հանգամանքները ուսումնասիրելու անհրաժեշտություն: Նախարարը գործնականում ակնարկում է, որ պետք է այդ գործընթացը հեռացնել բանակից, այդտեղ փնտրելու բան չկա, և բանակը իրադրության քաղաքական գնահատմանն օգտակար լինել չի կարող, սակայն քաղաքական հանգամանքները սխալ տեղ փնտրելը կարող է վնասել բանակին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...