Չնայած մինչև ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը որոշ ԶԼՄ-ներ զբաղված էին անշնորհակալ կանխատեսումներով, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի գա Հայաստան և չի հանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհանդերձ, նա եկավ և հանդիպեց Փաշինյանին։ Սակայն դրան զուգահեռ, տեղի ունեցավ մեկ այլ հանդիպում, որին, թերևս, չէին սպասում իշխանությունները։

Պուտինը հանդիպեց նաև սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Հայկական մամուլում տպագրված այս տեղեկությունն ավելի ուշ հաստատեց նաև Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հաստատվեց նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը։

ՀՀ Մաքսային վարչության նախկին պետ, ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ այդ հանդիպմանը հետևեց խայտառակ սկանդալը` Պուտինը հանդիպեց բանտում գտնվող Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ, այսինքն` դրանով ցույց տալով, որ ինքը հաշվի չի առնում այն փաստերը, որոնց հիման վրա Քոչարյանը հայտնվել է ճաղերի հետևում:

«Ուզում եմ ասել, որ երբ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի՝ ՀՀ կատարած այցից հետո հայտարարում է, թե ամեն ինչ փայլուն է, ցույց է տալիս, որ ինքը չի հասկանում Պուտինի կատարածը։ Եթե Պուտինի առջև Փաշինյանը մատները մոմ դարձնի և այրի, միևնույն է, նա Պուտինի կողմից ընկալվում է որպես իրեն չենթարկվող, հակառուսական գործիչ։ Այնպես որ, Փաշինյանը պետք է հասկանար այդ տարրական բանը և համապատասխան արձագանք տար Պուտինի այդ սադրիչ քայլին:

Վլադիմիր Պուտինի՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ Երջանիկ Աբգարյանը նշում է, որ դա աջակցություն է ծանրագույն հանցագործության մեղադրանքներով անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանին։

Երջանիկ Աբգարյանին հիշեցրինք, թե ինչպես էին տարբեր ԶԼՄ-ներ գրում, որ Պուտինը չի գա Հայաստան, Փաշինյանի առջև նախապայման է դրել, որ մինչև իր գալն ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին։

Երջանիկ Աբգարյանը նկատեց, որ դա ընդամենը նախկին իշխանությունների ներկայացուցիչների մանիպուլյատիվ հայտարարություններից են:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին։

«Փաշինյանը գնաց ԱՄՆ, ելույթ ունեցավ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նա չհանդիպեց ամերիկյան առանցքային ֆիգուրների հետ։ Մասնավորապես, երկկողմ հանդիպում տեղի չունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ մյուս հանդիպումները երկրորդական էին։ Եթե ԱՄՆ նախագահը և ընդհանրապես ԱՄՆ-ը նրան չոր են դիմավորում, ուրեմն ամեն ինչ հասկանալի է։ Պետք է հաշվի առնենք նաև, որ Թրամփը ներկայումս ընդհանրապես Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում: Եվ այս հանգամանքը պետք է հաշվի առնել»,- նշեց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...