Հայ Յեղափոխական դաշնակցության Բյուրոյի պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:

Օրերս Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի բարեկաների միջազգային խորհրդաժողով, որի կազմակերպիչներն էին Արցախի արտգործնախարարությունն ու ՀՅԴ-ն: Համաժողովի արդյունքում հայտարարվեց Արցախի բարեկամների Պրո Արցախ միջազգային ցանց ստեղծելու մասին:

ԱՄՆ այդ հարթության վրա ունի առանձնահատուկ նշանակություն: ԱՄՆ վեց նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը, ԱՄՆ միակ պետությունն է, որն այս ընթացքում ամենամյա մարդասիրական ուղիղ օգնություն է հատկացրել Արցախին, ԱՄՆ Կոնգրեսի պատգամավորները անում են նշանակալի նախաձեռնություններ, որոնցից վերջինն առնչվում էր հրադադարի պահպանման հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

Իր հերթին, ԱՄՆ Հայաստանի հետ քաղաքական հարաբերության համատեքստում ակնարկում է հայկական բազմաշերտությունն օգտագործելու պատրաստակամության մասին: Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպանները պարբերաբար խոսել են, որ հայկական համայնքն առանձնահատուկ դերակատարում ունի հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարում: Այդ տեսանկյունից ՀՅԴ-ն անշուշտ մեծ ներուժ ունեցող կառույց է:

Սեպտեմբերին ԱՄՆ-ում ՀՅԴ ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ թեեւ ներքին քաղաքականության հարցերում ՀՅԴ հետ ունեն տարաձայնություններ, այդուհանդերձ կա համապետական եւ համազգային ռազմավարություն, որում չկան տարակարծություններ, եւ ՀՅԴ-ն այդ իմաստով արժեքավոր գործընկեր է: Նիկոլ Փաշինյանը շոշափել էր նաեւ ՀՅԴ ներհայաստանյան վարկանիշը բարելավելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, միաժամանակ ասելով, թե ափսոսում է, որ կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարանի ընտրության անցողիկ շեմը: Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է զրուցել ներքաղաքական հարցերի շուրջ, եթե դրա ցանկությունը լինի ՀՅԴ-ից:

Դաշնակցությունն այդ իմաստով իհարկե ինքն էլ բազմաշերտ կառույց է, եւ վարչապետի հետ աշխատանքի իմաստով դիրքորոշումները թերեւս շատ տարբեր են: Մյուս կողմից, այն, որ կարող է լինել համահայկական ռազմավարության շուրջ գործակցություն, արդեն իսկ նշանակալի քաղաքական իրողություն է, հաշվի առնելով, որ Հայաստանի ներքին քաղաքական իրողությունները ներկայում չափազանց մանր են քաղաքական արտաքին մարտահրավերների ու հնարավորությունների ֆոնին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...