Հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Պուտինի միջեւ, որի ընթացքում խոսվել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի մասին:

Հեռախոսազրույցը հատկապես ուշադրության է արժանանում այն ֆոնին, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Աշգաբադում մասնակցում էին ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին եւ դրա շրջանակում զրուցել էին:

Այդ ֆոնին, այսօրվա հեռախոսազրույցը հուշում է, որ այն եղել է շատ առարկայական, ունեցել է շտապ անհրաժեշտություն, կամ էլ եղել է հենց Աշգաբադից էլ պլանավորված, որոշակի հանգամանքներ ճշգրտելու համար:

Այդ հանգամանքը փաստացի հաստատել է վարչապետ Փաշինյանը, ֆեյսբուքյան գրառումով: Նա նշել է, որ նախօրեին որոշակի խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Պուտինին, որը շատ կարեւոր է Սիրիայի հայ համայնքի համար: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ այդ կապակցությամբ շնորհակալ է ՌԴ նախագահին արագ արձագանքի համար:

Թե հատկապես ինչի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել: Հնարավոր է, որ որոշակի արդյունքով տեսանելի կլինի մոտ ապագայում, կամ գուցե մնա «անտեսանելի», սակայն իր ազդեցությունն ունենա Սիրիայի հայ համայնքի անվտանգության հարցում, ինչը խնդիր է դարձել Սիրիա թուրքական ներխուժման պայմաններում:

Միեւնույն ժամանակ, հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսվում է, որ Փաշինյանն ու Պուտինը զրուցել են Սիրիայի հյուսիսում իրավիճակի, բայց նաեւ ռեգիոնալ այլ հարցերի մասին: Իսկ դա նշանակում է, որ քննարկման համատեքստում առկա է թերեւս նաեւ Արցախի հարցը:

Այդ առումով էլ հետաքրքիր է տեղեկությունը, որ ղեկավարների հավաքի ժամանակ Ալիեւի հետ կոշտ «բանավեճից» հետո, ԱՊՀ ղեկավարների ընթրիքի ժամանակ արդեն Փաշինյանն ու Ալիեւը այբբենական կագով նստած են եղել կողք-կողքի եւ մոտ երկու ժամ զրուցել են Արցախի մասին, լարվածությունը թուլացնելու քայլերի մասին:

Չի բացառվում, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում շոշափվել են նաեւ հենց Փաշինյան-Ալիեւ զրույցի որոշ դետալներ: Առավել եւս, որ Աշգաբադում իր ելույթի ընթացքում Պուտինն անդրադարձել է թուրքական գործողություններին եւ նշել, որ դրա հետեւանքով Սիրիայի հյուսիսից ահաբեկիչները, որ քրդական վերահսկողության ներքո էին, կարող են ցրվել եւ Իրանի տարածքով հայտնվել ԱՊՀ երկրներում:

Պուտինի խոսքը մի շարք հանգամանքների առկայությամբ փաստացի ազդակ էր Ադրբեջանին, որ կարող է ահաբեկիչների տեսքով զգալ «ավագ եղբոր» ռազմական գործողությունների «արատավոր էֆեկտը»: Թերեւս եթե հանկարծ փորձի օգտվել իրավիճակից ու նաեւ Անկարային օժանդակելու համար որոշակիորեն լարվածություն առաջացնի Կովկասում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...