Արցախի հարցի կարգավորումը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում արժանացել է ընդդիմախոսության, մեկնաբանությամբ, թե դա վկայում է Հայաստանի թուլության մասին, կամ այդպիսի տպավորություն է թողնում Ադրբեջանում:

Միաժամանակ, տպավորություն է, որ Ադրբեջանում ավելի լավ են հասկանում տեղի ունեցողը, քան Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում, եթե իհարկե չկա «քաղաքական նկատառումներով չհասկանալու» դիտավորություն: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ Հայաստանի նպատակը պատերազմի արդյունքի պաշտպանությունն է:

Բանն այն է, որ այդ նպատակի մասին Հայաստանը հայտարարել է շատ պարզ՝ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ունեցած պատմական ելույթում: Վարչապետը հայտարարեց, որ բանակցության նպատակը պետք է լինի արցախյան շարժման եւ պատերազմի հաղթանակի արդյունքի պաշտպանությունը: Նաեւ մատուցվեց դրա բանաձեւը՝ համահայկական ռեսուրսի ներգրավում եւ կոնսենսուս՝ այդ նպատակի շուրջ, որը պետք է ենթադրի Հայաստան-Արցախի արդիականացում, զարգացում:

Հայաստանի այդ նպատակն իսկապես պետք է ընդունելի լինի առաջին հերթին իհարկե հայ ժողովրդի համար, բայց նաեւ խիստ ցանկալի է, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար: Ադրբեջանի ժողովուրդը պետք է սովորի ապրել ներկայիս ստատուս-քվոյի ռեժիմում, դուրս գալով հայատյացության եւ ռազմատենչության ռեժիմից, ուր նրան ամեն գնով փորձում է խցկել կամ պահել պաշտոնական Բաքուն, ընդ որում արդեն գրեթե երկու տասնամյակ:

Ադ ռեժիմը հատկապես ինտենսիվացրել է կրտսեր Ալիեւը, գալով իշխանության: Ամբողջ հարցն այն է, որ դրան ի պատասխան, Հայաստանը չի վարել համարժեք քաղաքականություն: Օրինակ, երբ Ադրբեջանը հերոսացրել է հայ սպային կացնահարած Սաֆարովին, Հայաստանի այն ժամանակ քաղաքական իշխանությունը չի դրել իր պահանջներն ու պայմանները այսպես կոչված կարգավորման գործընթացի համար, այլ հակառակը՝ շարունակել է բանակցել մարդասպանությունը պաշտոնապես հովանավորող Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ապրիլյան քառօրյայում հայկական բանակի դիմադրությունն ու հակահարվածը, ինչպես նաեւ երկու տարի անց թավշյա հեղափոխությամբ լեգիտիմ իշխանության ձեւավորումը Հայաստանին տալիս են քաղաքականությունը համարժեքացնելու հնարավորություն, որին գնում է Երեւանը քայլ առ քայլ:

Ու այստեղ դիրքերի ամրության մասին է խոսում այն, որ Հայաստանի վարչապետը խոսում է Ադրբեջանի ժողովրդի համար կարգավորման ընդունելի լինելու վերաբերյալ: Որովհետեւ դրա տողատակում նաեւ Ադրբեջանում իշխանության լեգիտիմության բացակայության ակնարկն է կամ «լեգիտիմությունը» հայատյացության ու ատելության վրա կառուցելու խնդրին միտված ակնարկը:

Այդ ակնարկը, եւ ընդհանրապես Ադրբեջանի ժողովրդի հետ այդ թեմայով խոսելու պատրաստակամությունը կարող է գալ միայն ուժեղ դիրքից: Ըստ այդմ, Փաշինյանի խոսքն ուժեղ ուղերձ է, որը շարունակվեց արդեն Հայաստանում անցկացվող աննախադեպ զորավարժությամբ: Դրա արդյունքում վարչապետն արձանագրեց, որ 24 ժամում Հայաստանում պահեստազորից կազմավորվել է գործող բանակին համարժեք եւս մի բանակ:

Ադրբեջանի ժողովրդի համար պետք է ընդունելի դառնա կյանքը ստատուս-քվոյի պայմաններում, անվերջ ատելության եւ այսպես ասած ռազմատենչության պայմաններում կանքի փոխարեն, որը այդ ժողովրդի համար աննպատակ կյանք է, որովհետեւ հայ ժողովուրդը երբեք չի ընդունի ստատուս-քվոյի փոփոխություն:

Իհարկե հասկանալի է, որ «համոզելով» չէ, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է մտածի ստատուս-քվոն ընդունելու մասին: Այստեղ իհարկե հռետորաբանությանը զուգահեռ համոզիչ պետք է լինի Հայաստանի զարգացման դինամիկան եւ համախառն ներքին արդյունքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...