Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։

Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամանի ներկայացմամբ։

Հիշեցնենք, որ երեկ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:

«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հաստատում է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից ազատման լուրը: «Գործընթացն ընթացքի մեջ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...