Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսել է այն մասին, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակից ելքը արտահերթ խորհրդարանական ընտրությունն է:

Արտահերթ ընտրությունը, իհարկե, քաղաքական ճգնաժամերի հաղթահարման արդյունավետ հնարավորություն է, սակայն ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում չկա քաղաքական ճգնաժամ: Կան ճգնաժամային կետեր՝ ՍԴ նախագահի շուրջ վիճակ, և Ամուլսար: Երկուսի դեպքում էլ իշխանությունն իրավիճակն ու որոշումները, լուծումները թողել է առկախված: Կհասունանա՞ն այդ կետերը արտահերթ ընտրության անհրաժեշտության աստիճանի, սա, թերևս, առանձին խոսակցության առարկա է:

Այն, որ խորհրդարանից դուրս մնացած ուժերը, հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչները խոսում են արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին, դա էլ հասկանալի է: Արտահերթ ընտրությունը հնարավորություն է մտնել խորհրդարան: Սակայն այն, որ դա, մեծ հաշվով, քիչ բան է փոխելու քաղաքական իրողությունների տրամաբանության մեջ, և անկասկած է: Խորհրդարանը ներկայումս իրապես չի արտացոլում Հայաստանում եղած քաղաքական պատկերը, գունապնակը: Սակայն և մենք առիթ ունեցել ենք խոսել այդ մասին, ամբողջ հարցն այն է, որ ներկայումս Հայաստանում այդ գունապնակը ինքնին պարզ չէ, գոյություն չունի, որպեսզի արտացոլում էլ ունենա խորհրդարանում՝ վերածվելով որևէ ստատուս-քվոյի:

Ըստ այդմ՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունն արտացոլելու է, արձանագրելու է ոչինչը: Միևնույն ժամանակ, այստեղ կա էական մի նրբերանգ: Հայաստանի ներքին կյանքում ծավալվող գործընթացները վկայում են մի քանի տարի անց իսկապես նոր քաղաքական կառույցների և դերակատարների ձևավորման մեծ հավանականությունը: Դա ամենևին չի նշանակում լավ կամ վատ կառույցներ: Թե ինչպիսին կլինի հանրության տարբեր շերտերի վերաբերմունքը դրանց հանդեպ, այլ հարց է, սակայն մեծ է հավանականությունը, որ մի քանի տարի անց Հայաստանում կարող է լինել բոլորովին այլ ներքաղաքական գունապնակ: Եթե խորհրդարանը անցնում է իր ժամկետի ամբողջ տարածությունը, այսինքն՝ գործում է մինչև 2023 թվական, ապա ներկայիս դաշտում գործող գրեթե բոլոր ուժերը հայտնվում են մարգինալության ռիսկի տակ, մի շարք պատճառներով:

Հետևաբար, արտահերթ ընտրությունը շատերի համար կարող է իրապես լինել խորհրդարանում մտնելու և «մի քիչ էլ խաղալու», այսպես ասած՝ վերջին հնարավորությունը: Ու դա չի վերաբերում միայն նախկին իշխող ուժ ՀՀԿ-ին: Եվ ավելին, այստեղ ուշադրության զգալի մասը բևեռանում է ՀՀԿ վրա, սակայն իրականում քաղաքական դաշտից «վերանալու» վտանգի տակ են ուժեր, որոնք, թվում է թե, բավականին մեծ հանրային պահանջվածություն են ունեցել նույն ՀՀԿ իշխելու տարիներին և նաև հեղափոխության փուլում ու դրանից որոշ ժամանակ անց:

Բանն այն է, որ այդ պահանջվածությունը առավելապես կառուցված է եղել հենց ՀՀԿ հանդեպ վերաբերմունքի վրա: Ներկայումս այդ «հենքը» դեռևս կա, ըստ այդմ կա շատ թե քիչ պահանջվածության շանս: Եթե առաջիկա քառամյակի ընթացքում իշխանությանը հաջողվում է երկրում ձևավորել ինստիտուցիոնալ-մշակութային տեսանկյունից որակապես նոր մակարդակ և իրագործել կարևոր ռեֆորմներ, ապա անկախ ՀՀԿ լինել-չլինելուց, ՀՀԿ դեմ պահանջվածությունը վերանալու է և ձևավորվելու է ներքաղաքական մրցակցության էապես նոր տիրույթ: Ներկայիս քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշռող մեծամասնությունն այդ տիրույթում կենսունակ լինել չեն կարող, այլապես այդ կենսունակության նշանները կդրսևորվեին հետհեղափոխական մեկուկես տարիների ընթացքում: Մինչդեռ, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի սկսեցին դրսևորվել նախկին սիմպտոմները, որոնք, թվում է թե, չեզոքացել էին հեղափոխական պրոցեսում: Ըստ այդմ՝ Հայաստանում խորքային ռեֆորմների առումով իրականում թվում է, թե արգելակման գերակա կամ միակ շահառուն նախկին իշխանությունն է: Դրա շահառուն նախկին ամբողջ քաղաքական համակարգն է, որովհետև միայն ռեֆորմների բացակայությունն է այդ համակարգի ինքնապահպանման շանսը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...