ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի ձեռքի տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ։

Հայտարարության այս տեքստն ըստ էության բովանդակային հարթության վրա նորություններ չի պարունակում ու կրկնում է Քոչարյանի աջակիցների ծեծված արտահայտությունները դատարանների վրա բանեցվող ճնշումների, Քոչարյանի հանդեպ իբրև թե գործադրվող քաղաքական հետապնդումների մասին։

Քոչարյանին սատարող գործիչները նրան համարում են «քաղբանտարկյալ» ու արձանագրում են. «Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ, կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։ Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»։

Այս պարագայում, սակայն, հետաքրքիր է ոչ թե հայտարարության տեքստը, որտեղ քաղաքական ծանոթ շեշտադրումներ են, այլ՝ այն ստորագրողները։ Դավիթ Շահնազարյանի անունը, բնականաբար, հայտնվել է նախկին համակարգի գործիչների կողքին՝ Խոսրով և Դավիթ Հարությունյանների, Գառնիկ Իսագուլյանի, Ռուբեն Հակոբյանի, Աղվան Վարդանյանի ու մյուսների հետ ամբողջացնելով Քոչարյանի աջակիցների ցանկը։ Հայտարարության տակ ստորագրել են Քոչարյանին աջակցող հայտնի մտավորականները՝ Զորի Բալայանի գլխավորությամբ, երկրորդ նախագահին հարող ԶԼՄ-ների ղեկավարներ, Արցախում հին համակարգի ռեստավրացիայի ներկայացուցիչները՝ Վիտալի Բալասանյանը, Ժաննա Գալստյանը։

Այնպիսի տպավորություն է, որ այս փաստաթուղթը ոչ թե կոնսոլիդացրել է Քոչարյանի կողմնակիցներին, այլ յուրօրինակ լյուստրացիայի թեստ է՝ ի մի բերելով բոլոր այն գործիչներին, ովքեր մերժված են հասարակության կողմից։

Քոչարյանի աջակիցների բանակը չի մեծանում, անգամ իսկ նախկին համակարգի երկու ազդեցիկ կուսակցությունները՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, բացահայտորեն չեն հայտարարում նրան աջակցելու մասին։

Երկրորդ նախագահը մնացել է մի քանի տասնյակ գործիչների հույսին, որոնց շարքերում են կա՛մ նախկին՝ քաղաքականապես ու բարոյապես մաշված գործիչներ, կամ էլ մարդիկ, ովքեր հասարակական միջավայրում ունեն զրոյական աջակցություն։ Նման թիմով Քոչարյանն ավելի է մարգինալացվում ու դառնում է իր իսկ հռչակած «Կոնսենսուս՝ մինուս մեկի» հիմնական ու միակ թիրախը։

Ռոբերտ Քոչարյանի խոստացած աշնանային սրացումներն առայժմ սահմանափակվում են այս թղթի կտորով, որի բովանդակությունն ու մասնակիցները բացահայտում են երկրորդ նախագահի անհուսալի մենությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...