Vano Siradeghyan

Վանո Սիրադեղյանը քչերից մեկն էր, որ Վազգեն Սարգսյանին հասցեագրված հայտնի նամակում երկրի և ընկերոջ հանդեպ մտահոգված մարդու ցավով, կանխատեսել էր, թե որն է լինելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետևանքը: Հետո` ղարիբության ճամփեքին, Վանոն Քոչարյանի կառավարման տասնամյակը պետք է բնութագրեր «գյադաների ժամանակը» դիպուկ արտահայտությամբ:

Որակյալ կառավարում և ժամանակակից պետություն` բառի դասական իմաստով, չենք ունեցել Երրորդ հանրապետության հենց առաջին տարիներից: Խանգարում էր պատերազմը, հետո` շարժման տղերքի գնալով անտանելի դարձող սերտացումը բյուրոկրատիայի հետ, ինչի հետևանքը դարձավ 1998-ի պալատական հեղաշրջումը: Մեծ հաշվով` նույնիսկ 98-ը` իր «մաուզերիստական հրավառությամբ», կարող էր «խմբագրվել», որովհետև Հայաստանն ընդամենը շեղվել էր պետություն տանող արահետից` թիկունքում թողնելով կայսրության հետդարձի անդունդը:

Վազգեն Սարգսյանի ավյունը և Կարեն Դեմիրճյանի փորձառությունը, Հայաստանի վերջին քսանհինգ տարիների պատմությունն ամբողջացնող նրանց դաշինքը հենց քաղաքական «խմբագրման» նպատակն ուներ, ինչի հետևանքով Հայաստանը վերադառնալու էր պետականաստեղծ արահետ: Հոկտեմբերի 27-ը 1998-ի իշխանափոխության շարունակությունն էր, պատկերավոր ասած` Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ինագուրացիան, որը կարող էր տեղի ունենալ միայն Հանրապետության փլատակների վրա: Ոճրագործությանը հաջորդեց պետության բովանդակային դեգրադացիան, իշխանության փոխակերպումը քրեաօլիգարխիկ կոռուպցիոն բուրգի, որի գագաթին հայտնված մարդը պետական բյուջեն, հանրային բարիքները նույնացրել էր սեփական քսակի հետ: Որևէ մեկը չի պնդում, որ Վազգեն Սարգսյանի կառավարումն իդեալական էր, սակայն դա պետական կառավարում էր` իր ուժեղ և թույլ կողմերով:

Հոկտեմբերի 27-ին ոչնչացվեց հենց պետությունը` իր կառավարման պոտենցիալով, ռեսուրոսվ, իշխանությունը նույնացավ թալանի ու կոռուպցիայի, ահաբեկչության և բռնության հետ: Հոկտեմբերի 27-ն այն սահմանագիծն էր, որից անդին Հայաստանի պետական համակարգն օտարվեց ինքնիշխանությունից և քաղաքացիականությունից: Քրեաօլիգարխիկ համակարգը հենց Ռոբերտ Քոչարյանի և Մոսկվայի կոռուպցիոն կոնսենսուսն էր` Հոկտեմբերի 27-ի կնիքով: Դա Հայաստանի օկուպացիայի, Հայաստանի քաղաքացու հպատակեցման բանաձևն է: Կեղծված ընտրությունները, ավտորիտարիզմը, մոնոպոլիան` դրանք բոլորը հետևանք են, գործիքներ, որոնք «լեգիտիմացնում» են ռուսական գաղութատիրությունը Հայաստանում, Մարտի 1-ի սպանդը Երևանի կենտրոնում: Հոկտեմբերի 27-ին կտրվեց մեր պետության վերջին թելը, ստվերից դուրս եկավ հասարակության տականքը, «գյադա» տեսակը: Սամվել Բաբայանի դեսպոտ վերահսկողությունից բարդույթավորված Ռոբերտ Քոչարյանը բարդույթավորեց մի ամբողջ երկիր` ծանր քարի պես նստելով նրա զարգացման ճանապարհին: Երեկվա փնթի գրպանահատը, սանձարձակ թաղայինը դարձան հայտնի գործարարներ ու բարերարներ: Արժեհամարգից զրկված հասարակությանը պարտադրվեցին նոր «հերոսներ», որոնք «անմահացել» էին իրենց քրեական մտածողության և բարքերի շնորհիվ: Հաստատվում էր գյադաների իշխանությունը` շակալի պես հնազանդվելով Մոսկվային ու հրեշի պես հոշոտելով սեփական ժողովրդին:

…Քաղաքակիրթ աշխարհը մնալ էր Հայաստանի թիկունքում, իսկ մենք քայլում էինք դեպի անդունդ, որտեղ անտակ կայսրությունն է: Իրավիճակը փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո, սակայն մենք տակավին չենք կարող խոսել Հոկտեմբերի 27-ի հետևանքների վերացման մասին, քանի դեռ վերացված չէ ռուսական վասալության ռեժիմը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...