ԱԱԾ-ում տրվել են «խիստ» ցուցումներ

- in Կարծիք
aac

Նախօրեին տեղեկություն էր տարածվել Ազգային անվտանգության ծառայությունում ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի անցկացրած խորհրդակցության մասին, որտեղ ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարական է տրվել աշխուժացնել և ընդլայնել կառույցի գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքարում:

Հատկանշական և ուշագրավ էր պաշտոնական հաղորդագրության այն հատվածը, որտեղ նշվում էր, որ հանձնարարականների կատարման առնչությամբ վերահսկողություն իրականացնելու առումով ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոսյանը տվել է «խիստ» ցուցումներ:

Ինչո՞վ է պայմանավորվում այն, որ ԱԱԾ-ն այդպիսով անցնում է «խիստ» ռեժիմի: Իհարկե, հնարավոր է նաև եզրակացնել, որ այստեղ դեր ունի այն, որ ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը բնականաբար կհավակնի լինել կառույցի հիմնական ղեկավար՝ առավել ևս նկատի ունենալով այն, որ վարչապետ Փաշինյանը, ներկայացնելով ուժային կառույցների՝ ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին, նրանց արդյունքով պայմանավորեց նաև հետագա մշտական պաշտոնավարումը: Ինչպես ասում են, վայ այն զինվորին, որ չի ուզում դառնալ գեներալ: Հետևաբար, եթե Էդուարդ Մարտիրոսյանը չի ուզում դառնալ ԱԱԾ, այսպես ասած, հիմնական ղեկավար, ապա նրա ժամանակավոր պաշտոնավարումն իսկ կարող է դառնալ խնդրահարույց:

Միաժամանակ, Մարտիրոսյանի խորհրդակցությունն ու շեշտադրումները վկայում են, որ նա ուզում է դառնալ գեներալ՝ բառի բուն և պատկերավոր իմաստով: Իսկ դրա համար ԱԱԾ-ն պետք է տեղափոխի աշխատանքի «խիստ» ռեժիմի, թեև, իհարկե, զուտ պաշտոնական իմաստով խոսքը ընդամենը հանձնարարականների վերահսկողության խիստ ցուցումների մասին էր:

Այդուհանդերձ, ԱԱԾ դերակատարումը հետհեղափոխական այս շրջափուլում իսկապես ստանում է առանձնահատուկ նշանակություն, թեև այդ կառույցը թերևս երբեք էլ չի եղել այլ կերպ: Բայցևայնպես ակնառու է, որ Հայաստանում իշխանությանը հայտարարված տեղեկատվաքարոզչական պատերազմն իր ուժգնությամբ եթե չի անցել, ապա արդեն իսկ ընդհուպ շոշափում է պետական, ազգային անվտանգության սահմանը: Տեղեկատվաքարոզչական գործիքներն ու գործունեությունն անշուշտ ներքաղաքական, քաղաքական պայքարի գործիքակազմ են՝ դուր գա դա որևէ մեկին, թե ոչ:

Միաժամանակ, խոսքի ազատությունն էլ ցանկացած հանրության զարգացման կարևորագույն հենման կետերից է: Սակայն, առավել ևս ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, այդ իրողությունները շատ նրբորեն շոշափում են պետական, ազգային անվտանգության սահմանը, հատկապես, եթե դրանցում ներգրավված լինեն ֆինանսական ռեսուրսներ, որոնք, մեղմ ասած, խնդիր ունեն իրենց ծագումնաբանության հետ ոչ միայն «առաջին միլիոնի», այլև ընդհանրապես պարբերական գոյացման առումով:

Իրավիճակը ամենևին խուճապային կամ վախճանաբանական չէ, բայց պետությունը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, որովհետև չի կարող լինել երաշխիք, որ ինչ-որ մեկը չփորձի գնալ արկածախնդրության ճանապարհով, երբ փաստի առաջ կարող են կանգնել բոլորը: Այդ իրավիճակում ԱԱԾ «խիստ» ռեժիմն անշուշտ կարևոր է: Եվ կարևոր է նաև այն, որ այդ ռեժիմը պետք է ենթադրի ոչ թե խստություն հանրային-քաղաքական կյանքի ֆորմալ կամ ոչ ֆորմալ սահմանափակումների, այլ հակառակը՝ այդ կյանքն իր ստեղծագործական ազատությամբ վտանգավոր և ապօրինի կեղծիքից պաշտպանելու համար:

Միևնույն ժամանակ աներկբա է, որ իրավապահ կառույցները առավելագույնը պետք է ապահովեն օրինական և պաշտպանված միջավայր, որպեսզի օրենսդիր կառույցն էլ այդ միջավայրում հնարավորինս ապահովի հանրային և քաղաքական կյանքի, մրցակցության ինստիտուցիոնալ զարգացման մեխանիզմների ընդունումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...